
Զապել Եսայանի նամակները՝ Բաքվի բանտից

1937 թվականի հունիսի 26-ին Խորհրդային Հայաստանի Ներքին գործերի կոմիսար Խաչիկ Մուղդուսին հաստատում է հայ անվանի գրող Զապել Եսայանի ձերբակալության վավերագիրը: Զապել Եսայանը մեղադրվում է ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 67-րդ և 68-րդ հոդվածներով, որպես արտասահմանյան հետախուզության գործակալ, դաշնակցության նախկին անդամ, հակահեղափոխական և հակակուսակցական գաղափարների քարոզիչ:
Հաջորդ օրը՝ հունիսի 27-ին, Զապել Եսայանը ձերբակալվում է և պահվում է Երևանի քաղաքային բանտում: Մոտ երկու տարի տևած կեղծ, շինծու դատական նիստերի ընթացքում որոշում է կայացվում Զապել Եսայանին դատապարտել պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության:
Սակայն վճիռը չի կայացվում, քանի որ գրողը դիմում է ԽՍՀՄ վճռաբեկ դատարան և 1939 թվականի մայիսի 8-ի նիստում որոշում է կայացվում փոխել Զապել Եսայանի դատավճիռը, և արդյունքում՝ գրողը դատապարտվում է 10 տարվա աքսորի՝ ուղղիչ-աշխատանքային ճամբարում:
Մինչ օրս անհայտ են Զապել Եսայանի մահվան ստույգ հանգամանքները, վայրը և թվականը: Հայտնի է, որ գրողը բանտարկվելուց հետո տարբեր թվականների նամակներ է գրել իր հարազատներին Երևանի, Գյումրիի և Բաքվի բանտերից: Բաքվի բանտից Զապել Եսայանը մի քանի նամակներ է գրել իր հարազատներին: Պահպանված նամակները թվագրված են 1942 թվականով:
Ներկայացնում ենք 1942 թվականին Բաքվի բանտից գրված Զապել Եսայանի վերջին երկու նամակները, որոնք ուղղված են իր զավակներին.
«19.05.42
Բաքու
Սիրելի Հրանդ ջան,
Քո վերջին բացիկդ, ապրիլ 2 թվակիր, ստացել եմ ժամանակին, և ես արդեն գրել էի նամակս, իսկ երբ բացիկս ստացա, անմիջապես գրեցի նաև Սոֆիկիս, իսկ այդ թվականից ի վեր որևիցե լուր չունեմ դարձյալ։ Շատ եմ մտահոգ մանավանդ Բերկրուհիի առողջության մասին:
Խնդրում եմ անմիջապես ինձ գրեք, անհոգություն մի անեք, ամեն մեկը ստանում է բազմաթիվ նամակներ, և դուք ինձ որբ եք թողնում։
Հրանդ ջան, խնդրում եմ անհոգ լինեք, ես տանջվում եմ մտահոգությունից։ Փողին սպասում եմ նաև անհամբեր: Ձեր ունեցած հասցեն ճիշտ է, իսկ թյուրիմացություններ միշտ կարող են պատահել։ Հույս ունեմ, որ մենք իրավունք կստանանք այստեղ բասիլքա ստանալու։ Եթե հնարավոր լինի անմիջապես ձեզ կը գրեմ:
Պատասխանեք, սիրելի Հրանդ, այդ մասին. ինձ պետք է ամառվա հագուստ, ոչինչ չունեմ այլևս, շատ պարզ քո վերնաշապիկների մուգ գույնից կտոր եթե ուղարկեք՝ լավ կլինի․ և ծխախոտ, և սննդարար նյութեր։ Բայց առայժմ դեռ չի կարելի, միայն գրում եմ, որ պատրաստ լինեք։
Շատ–շատ համբույրներ քեզ, Բերկրուհիին ու Վահրիկին, Սոֆիկին և Իզաբելային։
Սպասում եմ նաև նամակի Սոֆիկից ու եթե հնարավոր լինի՝ բասիլքա։ Ձեր կարոտով դժբախտ մայրը՝ Զապել»: (Գասպարյան Դ., «Փակ դռների գաղտնիքը», Երևան, 1994, էջ 122):
Բաքվի բանտից գրված Զապել Եսայանի հաջորդ նամակը գրվել է նույն թվականի նոյեմբերին՝ վերոնշյալ նամակից 6 ամիս անց:
«5.11.42
Բաքու
Սիրելի զավակներս,
Նախորդ նամակիս մեջ գրել եմ, որ ստացել եմ ձեր ուղարկած 75 ռուբլին, ստացա նաև ձեր ուղարկած բացիկը և գոհ եղա, իմանալով, որ առողջությամբ լավ եք և սիրելի Վահրիկս արդեն մանկապարտեզ է գնում և լավ բաներ է սովորում։ Ես առողջությամբ լավ եմ և տանջվում եմ միայն ձեր կարոտից, բայց ինչ արած։
Շատ մտահոգ եմ Սոֆիկին համար, ուղղակի գիշեր ու ցերեկ մտատանջվում եմ։ Ինչո՞ւ ոչինչ չէիք գրած նրա և Իզաբելայի մասին: Հենց որ այս նամակս կստանաք, խնդրում եմ գրեցեք Սոֆիկի մասին և նրա հասցեն ինձ հաղորդեցեք։ Ձեզ բոլորուդ շատ-շատ համբուրում եմ և մասնավորապես Վահրիկը և Իզաբելան, որոնք հույս ունեմ մի օր կը տեսնեմ։ Դարձյալ շատ-շատ համբույրներ և բարևներ։ Միայն փող կարող եք ուղարկել, ուրիշ ոչինչ առայժմ, իսկ փողին սպասում եմ։ Ձեր կարոտով մայրը՝ Զապել»: (Նույն տեղում՝ էջ 123):
Վերոնշյալ երկու նամակներում տեսնում ենք Զապել Եսայանի ծանր հոգեկան, ինչպես նաև նյութական վիճակը Բաքվի բանտում:
Վերոնշյալ նամակներում հիշատակված անձինք Զապել Եսայանի զավակներն են և հարազատները: Հրանտը և Սոֆիկը Զապել Եսայանի զավակներն են, Բերկրուհին նրա որդու կինն է, իսկ Սոնիկը, Վահրիկն ու Իզաբելան գրողի թոռներն են:
Զապել Եսայանի մահվան հետ կապված հստակ տեղեկություններ մինչ օրս չկան: Շրջանառվում են զանազան վարկածներ, թվականներ և իրողություններ, սակայն փաստացի հստակ տեղեկություններ չկան: Գրողի մահվան հետ կապված շրջանառվող թվականներից են 1939-ը, 1942-ը, 1943-ը: Այս թվականների մեջ մասնակի ընդունված տարբերակն է 1943-ը: Կան մարդկանց վկայություններ, ովքեր գրողին տեսել են Բաքվի բանտում: Նրա մահվան մասնակի ընդունված վարկածներից է այն, որ Զապել Եսայանին դաժանաբար սպանել են Բաքվի բանտում:
Զ. Շուշեցի