Ինչպե՞ս էին 1919 թվականին Երևանում ազատ գործում ադրբեջանցի գործակալները
1919 թվականը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ կարևոր և միևնույն ժամանակ դժվարին շրջան էր։ Երկիրը նոր էր հռչակել անկախությունը, սակայն կանգնած էր՝ ինչպես արտաքին քաղաքական մարտահրավերների, այնպես էլ՝ ներքին սոցիալ-տնտեսական ծանր խնդիրների առաջ։ Այդ պայմաններում հանրապետության իշխանությունները փորձում էին միջազգային աջակցություն ձեռք բերել, ամրապնդել պետական կառույցները և պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը։

Նույն ժամանակահատվածում Հայաստանի ներսում իրավիճակը շարունակում էր մնալ չափազանց ծանր։ Պատերազմների, գաղթականների մեծ հոսքի, սովի և տնտեսական ծանր պայմանների պատճառով ավելի էր բարդանում երկրի ներքին վիճակը: Ժամանակի մամուլը, մտավորականների հուշերը փաստում են, որ հատկապես Երևանում քաոսային վիճակ էր, ամենուր որբեր էին, գաղթականներ, մյուս կողմից հանրապետությունում ու հատկապես Երևանում առատ հունձ էին անում զանազան համաճարակները:
Այդ բարդ իրավիճակում ժամանակի մամուլը քննադատում էր նաև երկրի ղեկավարությանը և նրանց մեղադրում մի շարք ոլորտներում բացթողումների մեջ:

1919 թվականին Երևանում էր ապրում և այդ շրջանի մի շարք թերթերի թղթակցում հայ անվանի գրող Ակսել Բակունցը: Բակունցը Երևանում մնաց և թերթերում աշխատեց մինչև 1919 թվականի սեպտեմբերը: Նրա գործունեությունը համընկավ 1919 թվականի բարդ շրջանի հետ: Բակունցի թղթակցություններում հանդիպում ենք հոդվածներ նաև Երևանում տիրող վիճակի մասին: Բակունցն իր հոդվածներից մեկում ներկայացնում է, որ այդ շրջանում Երևանում ազատ պտտվում էին վրացի և ադրբեջանցի գործակալները: Ստորև ներկայացնում ենք ամբողջական հոդվածը.

«ՀՅՈՒՐԵՐԸ
Երևանը լիքն է կասկածելի հյուրերով: Այստեղ են ժամանում Վրաստանից աքսորված բոլոր կասկածելի տարրերը, դրանց հետ գալիս են մեզ մոտ նաև Վրաստանի և Ադրբեջանի ագենտները ու ազատորեն շրջում են մայրաքաղաքի փողոցներում:
Մինչև այսօր և ոչ ոք արտաքսված է մեր տերիտորիայից, թեև դրանց դավադիր գործունեությունը ակնհայտնի է: Հանգիստ մնում և ապրում են այն բոլոր խաներն ու բեգերը, որոնք անցյալ տարի կազմակերպում էին հայ ժողովրդի կոտորածի ու տեղահանության գործը:
Կասկածից դուրս է, որ թաթարական ապստամբության վերջին փորձերը ղեկավարում են Երևանից այդ տիպի մարդիկ:

Եվ Ներքին Գործոց մինիստրությունը մինչև oրu ոչ մի միջոցի դիմեց անվնաս դարձնելու ապստամբության օջախը:
Ինչո՞վ բացատրել այդ հանցավոր անտարբերությունը: Թուլությա՞մբ, թե՞ հանրապետական կարգերի համբերատարությամբ:
Մի նոր պետություն՝ շրջապատված թշնամիներով և բռնկված ներքին ապստամբությամբ, չի կարող հանդուրժել իր սահմանների մեջ օտար տերությանց ագենտներին:
Ավելին ևս այն բոլոր տարրերը, որոնք թշնամական վերաբերմունք ունեն դեպի մեր գործն ու պահանջները, պիտի թողնեն այս երկիրը և հեռանան մի ուրիշ վայր, որ հարազատ է նրանց: Թույլատրելի՞ է, որ մի ոմն «սոցիալիստ» K., որը երկար հոդվածներով ճգնում է ապացուցել, որ հայկական Ղարաբաղը անբաժանելի մաս է կազմում Ադրբեջանի, կամ մի այլ «ինտերնացիոնալիստ»-սոցիալիստ A. և Հայաստանի խորհրդարանի անդամ, որը հայտարարում է, թե վրացիները իրավունք ունեն և պետք է տիրեն Լոռին (հանուն հայ մենշևիկ սպեցիֆիկ ինտերնացիոնալիզմի),- հնարավո՞ր է, որ նման տիպերը, Դենիկինի ու Ռամիշվիլու ագենտները,- որոնք ինչո՞վ են տարբերվում տաճիկ ագենտներից,- ազատ «գործեն» և նույնիսկ պաշտոն ստանձնեն այդքան ատելի մեր երկրում: Բ. 31 հուլիսի»: («Նորք», 1989, N 5):

1919 թվականի իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան բարդ պայմաններում էր գտնվում պետությունը: Ակսել Բակունցի հրապարակումները ևս այդ ժամանակաշրջանի կարևոր վկայություններն են։ Այս հոդվածում արտացոլվում է այն մտահոգությունը, որը տարածված էր հասարակության մեջ. երկրի անվտանգության, ներքին անկայունության և արտաքին ազդեցությունների հետ։

Նմանատիպ հոդվածները հնարավորություն են տալիս ավելի լավ պատկերացնել ոչ միայն քաղաքական իրադարձությունները, այլև այդ շրջանի հասարակության մտահոգությունները, մարդկանց անհանգստությունները և նորաստեղծ պետության առջև կանգնած վտանգները։
Զ. Շուշեցի



