
«Միսս դժոխք. անաստվածային կատակերգություն». «ժողովրդավարության բաստիոն», ճանապարհներն ասֆալտած Հայաստանից հայերը հեռանում են…

Երևանի պետական կամերային թատրոնում օրերս տեղի ունեցավ հերթական պրեմիերան. Արա Երնջակյանի «Միսս դժոխք. անաստվածային կատակերգություն» պիեսը հանդիսատեսին ներկայացվեց ռեժիսոր Արշալույս Հարությունյանի բեմադրությամբ։
Արդիական, մտահոգիչ, երբեմն էլ զավեշտալի իրադարձությունները տեղի են ունենում դժոխքում, ուր ուզում են գնալ նաև հայերը։ Թեպետ դժոխքի կառավարիչը հայերին հորդորում է չգնալ այդ քայլին ու մնալ Հայաստանում, չէ՞ որ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» է, վերից վար ճանապարհներն ասֆալտած են, ընթանում են բարեփոխումներ, և այլն, սակայն հայերն անդրդվելի են՝ ուզում են գնալ դժոխք, և վերջ։
Դժոխքն էլ իր խնդիրներն ունի, ու այնտեղի բնակվողները փորձում են տարբեր ճանապարհներ գտնել, որպեսզի այդ խնդիրները լուծեն, օրինակ, գտնել մի ներդրողի, որպեսզի դժոխքում ներդրումներ անի, ներդրողը հայտնվում է, բայց պայմաններ է առաջ քաշում՝ պետք է սեփականաշնորհի ամբողջ դժոխքը, որից հետո կանի ներդրումներ։ Ներկայացման մեջ խտացված են տարբեր կերպարներ՝ պետական չինովնիկից՝ մինչև մարմնավաճառ։
Արշալույս Հարությունյանի խոսքով՝ «երնջակյանական» թեմաները միշտ արդիական են, երբեմն՝ նույնիսկ ցավեցնելու աստիճան։
«Այդ ներկայացումների հետ ծանոթ հանդիսատեսը միանշանակ նկատած կլինի, որ իր տեսակի մեջ դրանք մեր իրականության տարեգրությունն են։ Այնպիսի դրվագներ կան, որ 10 տարի առաջ գրված պիեսներն արդիական են նաև այսօր։
Նույնիսկ մի առիթ եղավ, ես Արա Երնջակյանին ասացի՝ էլ մի գրեք, որովհետև ինչ գրում էր, կատարվում էր։ Կանխատեսումները, որոնք անում էր իր պիեսում, կյանքը բերում ու խաչում էր դրանց հետ։ Իզուր չէ, որ իր ներկայացումները կոչվում են հոռետեսական կատակերգություններ, ամբողջ ներկայացման ընթացքում ծիծաղում ենք մեր ազգային տիպի, բովանդակության, մտածելակերպի վրա, թե այս ի՞նչ տեսակ ժողովուրդ ենք, որտե՞ղ ենք գտնվում, ի՞նչ ենք անում, ի՞նչ է մեր հետ կատարվում, ու հանկարծ վերջում սառը ցնցուղի տակ հայտնվում։ Դրա համար էլ հոռետեսական կատակերգություններ են»,- ներկայացումից առաջ 168.am-ի հետ զրույցում ասաց Արշալույս Հարությունյանը։
Տարիներ առաջ նույն պիեսը թատրոնում բեմադրվել է, այն ժամանակ դերասանական կազմն այլ է եղել, այժմ ամբողջովին փոխվել է։
Դերասան Սենիկ Բարսեղյանը դժոխքի կառավարիչն է, դերասաններ Էվա Խաչատրյանը, Վիկտորյա Սահակյանը, Էրմինա Զախարովան, Նարեկ Ալեքսանյանը, Դավիթ Աբրահամյանը, Ավետ Զոհրաբյանը՝ դժոխքի բնակիչները։
«Այս ներկայացումը մեր մասին է, մեր ձևի ու բովանդակության, մեր միամտության, խեղճության, մտածելակերպի, ագրեսիվության մասին է։ Իրադարձությունները դժոխքում են կատարվում, ու դա նույնականացվում է մեզ հետ, պարզվում է, որ շատ ընդհանրություններ կան՝ այդ ամենը ներկայացված է սուր, ինտելեկտուալ երանգներով, երբեմն էլ՝ նուրբ ակնարկներով։
Ինքս ուրախ եմ, որ անդրադարձա այս նյութին, որովհետև ժամանակ առ ժամանակ մենք խաղացանկում ունենում ենք ավանդական դրամատուրգիա։ Ի ուրախություն մեզ՝ թատրոնը ժանրային սահմանափակում չունի, թատրոնը ճկուն է, որի մասին խոսում է մեր գունեղ խաղացանկը։ Կարծում եմ՝ այս ներկայացումը ևս իր շատ կոնկրետ տեղը կգտնի մեր խաղացանկում, հանդիսատեսը կսիրի, էմոցիաներ կան, իսկ բեմում շատ տաղանդավոր դերասաններ են»,- ասաց Արշալույս Հարությունյանը։
Ժամանակին Արշալույս Հարությունյանը ևս խաղացել է այս պիեսում՝ որպես դերասան։ Վաղուց արդեն անցում է կատարել դեպի ռեժիսուրան և չունի «դերասանական խանդ», հակառակը՝ ամեն ինչ անում է, որպեսզի դերասանները բեմում փայլեն, ցույց տան իրենց ամբողջ հմայքը։
«Ինչ վերաբերում է բեմադրական նորամուծություններին, օրինակ, Արա Երնջակյանն այլ կերպ է բեմադրել, ես՝ այլ, սա բնական է, յուրաքանչյուր մարդ իր պատկերացումներն ունի։ Բայց որ ասեմ՝ շատ փոփոխությունների եմ ենթարկել՝ ոչ, քանի որ դրամատուրգիական կառուցվածքն այնպիսին է, որ շատ փոփոխելու կարիք չկա, ձևն է ավելի շատ փոխվել, ոչ թե բովանդակությունը։
Արա Երնջակյանից կարծիք լսելը շատ դժվար է, հատկապես, երբ անդրադառնում ենք իր դրամատուրգիային։ Ես նրան լավ եմ ճանաչում, գիտեմ նրա ժպիտի տակ թաքնված տխրությունը, թվացյալ զայրույթը։
Մեր թատրոնում ամեն ինչ շատ հարմոնիկ է տեղի ունենում, որովհետև հասկանում են, թե ինչ են անում ու իրենց գործը շատ են սիրում և այդ սերը գնում է դեպի դերասան։
Ի դեպ, սա առաջին ներկայացումն է, որտեղ բեմում օգտագործել ենք վարագույր»,- շեշտեց Արշալույս Հարությունյանը։
Դերասանուհի Էվա Խաչատրյանը ներկայացման առանցքային կերպարներից է՝ ներկայանում է հնագույն մասնագիտություններից մեկով։
«Իմ ներկայացրած դերում զետեղված են բացարձակ ճշմարտություններ, այսինքն՝ խտացված կերպով մենք տեսնում ենք մարմնավաճառի, որի մեջ ավելի շատ ազնվություն, արդարություն կա, քան այլ մարդկանց, որոնք թվացյալ ավելի բարոյական են, բայց հոգեպես անբարո են։
Հակասություններ կտեսնեք շատ տարբեր երևույթների մեջ, քաղաքական շեշտադրումներ ևս՝ տարբեր կերպարների միջոցով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհին։