
«Չի բացառվում, որ Սիրիայում բախումները կրեն որոշակի պարբերականություն՝ նաև հասարակության տարբեր շերտերի միջև. Իրանն ու ՌԴ-ն չեն կարող աջակցել ներսիրիական գործընթացներին». Արմեն Պետրոսյան

Սիրիայում մարտի 6-ին սկիզբ առած բախումները՝ նոր ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերի ու Ասադի կողմնակիցների միջև, 1000-ից ավելի մարդու կյանք են խլել, մեծ մասը խաղաղ բնակիչներ, կանայք, երեխաներ են։ Համացանցում հայտնվել են բազմաթիվ տեսանյութեր, թե ինչպես են նոր կառավարության կողմնակիցները զանգվածային սպանդ իրականացնում։
Երեկ՝ մարտի 10-ին, Սիրիայի կառավարության առաջնորդը հայտարարել էր, որ խստորեն կպատժվեն նրանք, ովքեր «անկարգություններ» թույլ կտան Սիրիայի ներսում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն էլ հայտարարել է, որ Անկարան «խստորեն» դատապարտում է բոլոր տեսակի հարձակումները, որոնք ուղղված են Սիրիայի ամբողջականությանն ու հանրային խաղաղությանը։ Միևնույն ժամանակ, նա ողջունել է Սիրիայի նախագահ ալ-Շարաայի «չափավոր և հանգստացնող» հայտարարությունները, ինչպես նաև նրա «հաստատակամ ուղերձը, որ նրանք, ովքեր կգործեն օրենքից դուրս, կպատժվեն»։
«Մենք կշարունակենք ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել մեր հարևան Սիրիային՝ վերականգնելու և պահպանելու իր տարածքային ամբողջականությունը և խաղաղության հասնելու իր բոլոր էթնիկ և աղանդավոր փոքրամասնությունների հետ»,- ասել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանի բնորոշմամբ, այս գործողությունները գուցե հետագայում որոշակի շարունակականություն ունենային, բովանդակային առումով դրանց կարևոր զարգացումներ հետևեին, եթե արտաքին դերակատարների շահագրգռվածություն լիներ։
«Այդ դերակատարների շարքում առաջին հերթին Իրանն է ու Ռուսաստանը։ Ինչպես տեսնում ենք, այս պահին տվյալ երկրները շատ ավելի կարևոր օրակարգային հարցեր ունեն և, բնականաբար, լուրջ աջակցություն չեն կարող ցուցաբերել ներսիրիական գործընթացներին։
Չի բացառվում, որ այս պահին իրավիճակը Սիրիայում գնա դեպի մարման, բայց, հաշվի առնելով խնդրի նրբությունը, նաև չի բացառվում, որ նման բախումները, ընդ որում՝ ոչ միայն Ասադի կողմնակիցների և ներկա Կառավարության, այլև հասարակության մյուս շերտերի ներկայացուցիչների միջև՝ կրկնվեն։ Հնարավոր է նաև, որ այդ բախումները կրեն որոշակի պարբերականություն, քանի դեռ Սիրիայում ամբողջովին չի վերականգնվել Սիրիայի ինքնիշխանությունը։ Նոր իշխանությունները դեռևս չունեն ամբողջական վերահսկողություն երկրի տարածքում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի դերակատարությանը Սիրիայում ստեղծված իրավիճակում, Արմեն Պետրոսյանը նկատեց՝ այս պահին Թուրքիային անհրաժեշտ է, որ Սիրիայում լինի առավելագույն կայունություն, որպեսզի նոր կառավարությանն աջակցելու եղանակով նա հասնի սեփական խնդիրների լուծմանը։
«Սիրիայում նոր կառավարության դիրքերը հեղհեղուկ են, հետևաբար՝ չեմ կարծում, որ նման պայմաններում Թուրքիային անհրաժեշտ են նման լարվածություններ, հակառակը՝ այս պահին նրան պետք է կայունություն»,- ընդգծեց Արմեն Պետրոսյանը։