
Նախկինները որևէ կապ չունեն․ թալանն իրականացնում է Փաշինյանը

Սպասվող ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը կրկին անցել է մարդկանց ուղեղը լվանալու գործին։ Ու ինչպես միշտ, սիրած թեմաներից մեկը շարունակում է մնալ նախկինների թալանը։ Թալանը վերադարձնելու չկատարված խոստումներն այժմ էլ այլ համեմունքներով է փորձում հրամցնել։
Հիմա էլ համայնքային բյուջեների թալանը վերադարձնելու իմիտացիայով է փորձում խաբել ժողովրդին։ Ասում է՝ ոչ միայն պետական բյուջեն, այլև համայնքային բյուջեներն են 2018թ. ի վեր կրկնապատկել, ու դա եղել է նախկինում շրջանառվող գումարները բյուջե բերելու հաշվին։
«Բացարձակ թվով Հայաստանի համայնքային բյուջեները 136 մլրդ դրամով աճել են: Շատ կարևոր է տեսնել, թե ինչի հաշվին են դրանք աճել: Օրինակ, համայնքային բյուջեներում կա տող՝ տեղական տուրքեր: Այս տողով, 2019-ի համեմատ՝ 2024-ին աճել է 355 տոկոսով, միայն աճի թիվը 18 մլրդ դրամ է: Խոսքը տեղական որոշակի ծառայությունների մասին է՝ գովազդներ, ցուցանակներ, որոնց համար տեղական տուրքեր են գանձվում: Այլ վճարներ տողն աճել է 198 տոկոսով, բացարձակ թիվը 7 մլրդ դրամ է: Տեղական վճարներ տողով աճը կազմել է 156 տոկոս կամ 15 մլրդ դրամ: Որտեղի՞ց այս գումարները: Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ անընդհատ շոշափվող թեմայի վրա, որ թալանվածը վերադարձրին, չվերադարձրին: Էս գումարները որտեղի՞ց են, մեկ էլ հանկարծ երկնքից թափվել են համայնքների վրա՞:
Սրանք այն գումարներն են, որոնք, սենց, թե նենց, գոյություն են ունեցել, այլ ձևերով, այլ խողովակներով, այլ մեխանիզմներով կիրառության մեջ են եղել»,- կառավարության վերջին նիստում ոգևորված հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը:
Չիմացողին կթվա, թե իսկապես համայնքային բյուջեների ավելացումը կապված է ստվերում շրջանառված գումարները բյուջե բերելու, թալանի ճանապարհը փակելու հետ։ Բայց այդպես չէ։ Սա բացարձակ կապ չունի իր ասած՝ նախկինների թալանի հետ։ Կապված է թալանի հետ, բայց բացառապես այս իշխանության թալանի հետ, որն իրականացվել է քաղաքացիների ու հարկատուները գրպանը մտնելու միջոցով։
Վերջին տարիներին համատարած բարձրացրել են տեղական տուրքերը, ինչի հաշվին էլ ավելացել են համայնքային բյուջեների եկամուտները։ Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ ասում է, թե դա նախկինների թալանն է, որը վերադարձվել է բյուջե։ Նախկիններն այստեղ ընդհանրապես կապ չունեն. Իրենք են բարձրացրել տեղական տուրքերն ու վճարները, ընդ որում՝ ինչպես միշտ, շատ կտրուկ։ Լրացուցիչ բեռ են դրել քաղաքացիների ու հարկատուների վրա։ Համայնքային բյուջեներն այդ բեռի արդյունքում են ավելացել։
Իշխանության գալուց անմիջապես հետո վերանայեցին տեղական տուրքերն ու վճարները։
Բարձրացրեցին շենք-շինությունների համար նախատեսված շինթույլտվությունների տրամադրման համար տեղական տուրքերը։ Երևանում, օրինակ, Առաջին փուլում մինչև 20 քառ. մետր մակերես ունեցող շենք-շինությունների համար նախկին 15.000 դրամը դարձրեցին 21.000 դրամ։ Դրանից ավելիի դեպքում՝ 25.000-ը սարքեցին 35.000 դրամ։
Փոխեցին հեղուկ վառելիքի, սեղմած բնական և հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տուրքերը։ Նախկին 350.000 դրամից սարքեցին 600.000 դրամ՝ գրեթե կրկնապատկեցին։ Բարձրացրեցին նաև առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, խաղատների, բաղնիք-սաունաների տեղական տուրքերը։
Առևտրի օբյեկտների համար նախկին 87,5 հազար դրամը դարձրեցին 120.000 դրամ, հանրային սննդի ու զվարճանքի օբյեկտների համար՝ 175.000-ը դրամը դարձրեցին 250.000 դրամ, բաղնիք-սաունաների համար՝ 875.000 դրամը դարձրեցին 1 մլն 400.000 դրամ, խաղատների համար՝ 1 մլն 750.000 դրամը դարձրեցին 3 մլն դրամ, շահումով խաղերի համար՝ 875.000 դրամը դարձրեցին 1 մլն 500.000 դրամ, վիճակախաղերի համար՝ 262.000 դրամը դարձրեցին 450.000 դրամ։
Երևանի խորհրդանիշը, զինանշանը ֆիրմային անվանումներում օգտագործելու համար տեղական տուրքը նախկին 200.000-ից սարքեցին 300.000 դրամ։
Նաև նոր տեղական տուրքեր մտցրեցին. Մասնավորապես՝ տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար սահմանեցին 300 հազար դրամ տուրք։ Սրանով էլ չբավարարվեցին։ Հետագայում ախորժակներն ավելի բացվեց. շարունակեցին բարձրացնել տեղական տուրքերն ու վճարները, երբեմն անգամներով։ Միայն շինթույլտվությունների տեղական տուրքերը վերջին տարիներին բարձրացել են 2-10 անգամով։ Դրանից բացի, ներդրվել են նաև նոր տուրքեր։
Համայնքային բյուջեների կրկնապատկման մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Մոռացել է, թե ինչքանով բարձրացրեցին ավտոկայանատեղիների կամ հայտնի «կարմիր գծերի» վճարները։ Նախկին 12.000 դրամը դարձրեցին 160.000 դրամ։ Միանգամից 13 անգամով։
Ոչ պակաս կտրուկ բարձրացրել են գույքահարկը։ Գույքահարկը, որը գնում է համայնքային բյուջե, մեծապես ազդել է տեղական բյուջեների եկամուտների վրա։ Միայն Երևանում գույքահարկի բեռի ավելացման արդյունքում ընդամենը 3 տարում այդ հարկատեսակի մուտքերը 4 անգամով աճել են։ Աճել են քաղաքացիների ու հարկատուների գրպանի հաշվին։
Նույն շղթայի օղակներից մեկն էլ աղբահանության վճարն է, որը վերջերս կտրուկ բարձրացրեցին։
Այս ամենի արդյունքում է տեղի ունեցել համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը։ Ավելացել է տեղական հարկերի, տուրքերի, վճարների բեռը, շատ հաճախ անգամներով ավելանալու հաշվին։ Դրանից տուժել է քաղաքացին ու հարկատուն։ Բեռը դրել են քաղաքացու ու հարկատուի վրա։ Սա, Նիկոլ Փաշինյանի ասած՝ նախկինների թալանը վերադարձնելու հետ բացարձակ կապ չունի։ Սա նոր տեսակի թալան է, որն իրականացնում է այս իշխանությունը՝ հարկերի, տուրքերի, այլ վճարների տեսքով, համատարած ավելացնելով հարկային բեռը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ