«Այդ նույն ֆինանսների նախարարին պետք է ասել՝ 6 տարի է, ասում ենք՝ տնաքանդություն է միկրոձեռնարկատերերին հարկերից ազատելու որոշումը. հարկե՛ք նրանց։ 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող առևտրականներին հարկերից ազատելը պետականակործան որոշում է, ուստի հիմա թող ասեն, թե որքա՞ն կորուստ է կրել պետական բյուջեն Երևանից դուրս գործող միկրոձեռնարկատերերին հարկերից ազատելու հետևանքով»։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Մեսրոպ Մանուկյանը, խոսելով երևանցիների համար սահմանված մի քանի անգամ բարձրացված տուգանքների մասին, նշեց՝ պետական տուրքերի ավելացմամբ քաղաքային իշխանությունը չի լուծելու, օրինակ, Երևանի կենտրոնի բեռնաթափման խնդիրը, այսինքն, ստացվում է՝ մտնում է քաղաքացու գրպանը՝ նրան թալանելու նպատակով։