Ոչ պակաս կտրուկ բարձրացրել են գույքահարկը։ Գույքահարկը, որը գնում է համայնքային բյուջե, մեծապես ազդել է տեղական բյուջեների եկամուտների վրա։ Միայն Երևանում գույքահարկի բեռի ավելացման արդյունքում ընդամենը 3 տարում այդ հարկատեսակի մուտքերը 4 անգամով աճել են։ Աճել են քաղաքացիների ու հարկատուների գրպանի հաշվին։
«Իշխանությունները ևս վերջին 6 տարիների ընթացքում շատ են խոսել այս խնդրի մասին, իսկ ի՞նչ է փոխվել իրականում։ Ինտերնետ շահումով խաղերի ոլորտում 2018-2024 թվականների ընթացքում ունեցել ենք 2034 տոկոսով աճ։ Սա՝ առավել առարկայական․ 2024 թվականին ՀՀ-ում ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքները կազմել են 7,13 տրիլիոն դրամ: Ու այս ամենը մի երկրում, որտեղ մարդկանց մեծ մասը դժվարությամբ է ծայրը ծայրին հասցնում, երբ վերջին 6 տարիներին տեսել ենք պատերազմ, ունեցել ենք հայրենիքի կորուստ ու տեղահանված հայրենակիցներ»։
Նկատելի են կոռուպցիոն ռիսկեր․ օրինակ, ոլորտում կա իշխանության ներկայացուցիչների հետ սերտ կապեր ունեցող գործարար, ում ազդեցությունն օր օրի մեծանում է։ 2018-ից սկսած՝ նրա բուքմեյքերական ընկերությանը, ի թիվս այլ բաների՝ ավելացավ սպորտային հեռուստաընկերություն և բանկ՝ միահյուսելով իր բիզնես շահերը և ժողովրդին գցելով այդ անվերջ սպորտ-խաղադրույք-վարկ օղակի մեջ։ Սա մի համակարգ է, որը խրախուսում է խաղամոլությունը՝ վնաս հասցնելով հարյուր-հազարավոր ընտանիքների։
Եթե այսօր Հայաստանի տնտեսական վիճակագրությունից դուրս բերենք շահումով խաղերի և, այսպես կոչված, վերաարտահանման բաղադրիչները, ապա Հայաստանի տնտեսության պատկերը կլինի, մեղմ ասած, անմխիթար:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համանախագահ, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանն է։