
Երևանի բյուջեի աուդիտն այս անգամ կարժենա 36 միլիոն դրամ․ այն կիրականացնի ՔՊ-ի հաշվետվություններին բացասական եզրակացություն տված ընկերությունը

Երևանի քաղաքապետարանն աուդիտ կիրականացնի․ Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունների հաշվեքննության ծառայությունների մատուցման համար մատակարար է ընտրվել «Թրասթ Աուդիտ» ՓԲԸ-ն։ Մատուցող ընկերության հետ, ըստ պետգնումների էլեկտրոնային համակարգի, հրատապ մեկ անձ ընթացակարգով իրականացված գնման պայմանագրի գինը 36 միլիոն դրամ է։
«Թրասթ Աուդիտ»-ի մասին
2009 թվականին հիմնադրված ընկերությունը, ըստ 2025 թվականին ներկայացված իրական շահառուների մասին հայտարարագրի, պատկանում է Հայկ Մարգարյանին, Լիլիթ Կատոյանին, Նելլի Սարգսյանին՝ համապատասխանաբար՝ 49, 26,25 տոկոս հարաբերակցությամբ։ Ի տարբերություն կազմակերպության հիմնադիր Հայկ Մարգարյանի՝ Լիլիթ Կատոյանն ու Նելլի Սարգսյանն իրենց մասնաբաժինները ստացել են 2022 թվականին։
Այս ՓԲԸ-ի անունը վերջին տարիներին մամուլում սկսեց ակտիվ շրջանառվել՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարեկան հաշվետվություններում ընկերության կողմից արձանագրված խախտումների հանրայնացումից հետո։ Ստուգումների արդյունքում պարզվել էր, օրինակ, որ ՔՊ-ն 122,7 միլիոն դրամի չափով նվիրատվությունների, անդամավճարների, մուտքի վճարների չափը գերազանցող գումարներ է ստացել, ընդ որում՝ այդ գումարները ստացվել էին օրենքի խախտմամբ և հետ չէին փոխանցվել դրանց հեղինակներին:
Աուդիտորական հիշյալ կազմակերպությունը, ըստ պետգնումների էլեկտրոնային համակարգի, պետական գերատեսչությունների հետ, բացի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրից, պայմանագրեր է կնքել և 2021, 2024 թվականներին աուդիտորական ծառայություններ մատուցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամում, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամում, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում։
Նշենք նաև՝ Երևանի քաղաքապետարանը նախորդ տարի նույնատիպ ծառայությունների մատուցման համար մատակարար ընկերությունն ընտրել է բաց մրցույթով․ ընտրված մասնակիցը «Քրոու ընդ Ասատրյանս ՍՊԸ»-ն է եղել, որի հետ կնքված պայմանագրի գինը քաղաքի բյուջեին արժեցել էր 28 միլիոն 800.000 դրամ։