
Թրամփն ու Մակրոնը Վաշինգտոնում քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը

Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև կայացած հանդիպման ժամանակ Թրամփը դրական է գնահատել Ռուսաստանի հետ բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New York Times-ը։
«Կարծում եմ, որ մեծ առաջընթաց է գրանցվել։ Մենք շատ լավ բանակցություններ ենք վարել Ռուսաստանի հետ, լավ խոսակցություններ ենք ունեցել ուրիշների հետ և մենք փորձում ենք հասնել նրան, որ պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ավարտվի», – ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նաև նշել է, որ կարող է այցելել Մոսկվա, եթե խաղաղության շուրջ համաձայնագիր ձեռք բերվի, ինչն, իր կանխատեսմամբ, կարող է տեղի ունենալ շաբաթների ընթացքում։ Այսպիսով, Թրամփը կլինի ԱՄՆ առաջին նախագահը, որը կայցելի Ռուսաստան վերջին ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում:Իր հերթին Մակրոնը Սպիտակ տանը կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ շեշտել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու կարևորությունը։
«Այս խաղաղությունը չպետք է նշանակի Ուկրաինայի հանձնում։ Դա չպետք է նշանակի զինադադար առանց երաշխիքների։ Այս խաղաղությունը պետք է թույլ տա Ուկրաինայի ինքնիշխանությունը», – շեշտել է նա:
Թրամփը չի նշել երաշխիքների կամ Ուկրաինայի ինքնիշխանության մասին և հրաժարվել է Պուտինին բռնապետ անվանել՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն երեք անգամ ավելի շատ է ծախսել պատերազմի վրա, քան Եվրոպան և կրկնելով, որ Եվրոպան իր գումարը հետ է ստանալու: Մակրոնը, սակայն, հակադարձել է Թրամփի ասածներին։
«Անկեղծ ասած, մենք տրամադրել ենք ամբողջ օգնության 60 տոկոսը, և դա եղել է, ինչպես ԱՄՆ-ի դեպքում, վարկերի, երաշխիքների, դրամաշնորհների տեսքով», – ասել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը շեշտել է, որ տրամադրված գումարը կարող է փոխհատուցել ոչ թե Ուկրաինան, այլ Ռուսաստանը, քանի որ «Ռուսաստանն է ագրեսորը»։