
«Փաշինյանին ոչ ոք բանի տեղ չդրեց. պետք է ցույց տալ՝ նա իսկական Հայաստանը չի ներկայացնում». Ալավերդյան
«Այս թիմն ուզում է ուղղակի ոչնչացնել ազգը: Երիտասարդ քաղաքագետներ էլ կան, որ խոսում են պետության մասին՝ առանց ազգի: Շատ կներեք, էդ որտե՞ղ եք սովորել: Այս ամբողջն արվում է, որովհետև իրենք եկել են այդ գաղափարախոսությամբ՝ հանձնել Արցախն Ադրբեջանին և Հայաստանը դարձնել վիլայեթ: Պետությունն առանց ազգի, ազգայինի՝ այլ պետության միավոր է դառնում: Եթե մինչ այսօր մարդիկ դա չեն հասկացել, ես ցավակցում եմ նրանց»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նա հիշեց, որ 2003թ. Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակում իրենց ասել են՝ ինչո՞ւ եք անընդհատ Ցեղասպանությունից խոսում, մինչև 2050թ. ֆուտուրոլոգները կանխատեսել են, որ Հայաստանը պետք է դառնա Թուրքիայի վիլայեթ. «Հիմա այդ ծրագիրն է աշխատում: Երբ ասացին, որ կանխատեսում են, ես ասացի՝ կանխատեսո՞ւմ են, թե՞ պլանավորում են: 2025 թիվն ենք մտել, Ցեղասպանության 110-րդ տարելիցն է, բայց մոռանո՞ւմ եք, որ դա ՔՊ-ի տասնամյակն է: ՔՊ-ն ստեղծվել է 2015 թվականի մայիսին, երբ տեսել ենք, որ դա նույնչափ հուզող, միավորող գաղափար է, ստեղծել են ՔՊ-ն: Դրանք ներաշխարհից զուրկ մարդիկ են: Ես նայել եմ ՔՊ-ական պատգամավորների կենսագրությունը, գիտեմ՝ ինչ սեմինարների են մասնակցել, և նրանք կարողացել են այդ խնդիրները լուծել, իսկ մենք չենք կարողացել արժանապատվորեն դիմադրել դրան: Որևէ մեկը չէր սպասում, որ ամենամեծ վտանգը կլինի ներսից»:
Անդրադառնալով օրվա խորհրդին, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Արցախը կորսված չի համարում, այն բռնազավթված է: «Ես հավատում եմ, որ արդարության համար պայքարող ազգը միշտ հասնում է իր նպատակին: Պետք է շարունակենք պայքարել: Ես վերջերս շատ եմ վերընթերցում Նժդեհին. Հաճախ եմ մեջբերում այն դրվագը, որտեղ խոսում է ազգի տականքի մասին, և ասում՝ միայն ազգի տականքը չունի իր ժողովրդի հանդեպ պարտականություն»:
37 տարի առաջ այս օրը՝ 1988 թ․ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում Ադրբեջանական ԽՍՀ-ից անջատվելու ու Հայկական ԽՍՀ-ին միանալու օգտին։ Հենց այդ օրը, երբ Երևանում ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի վերամիավորման՝ տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, նշվում է՝ որպես Ղարաբաղյան շարժման մեկնարկի տարեդարձ։
Լարիսա Ալավերդյանը անդրադարձավ Մյունխեն Փաշինյանի կատարած այցին՝ ընդգծելով, որ ամաչում էր Փաշինյանի հանդեպ վերաբերմունքից. «Ես ամոթից գետինը մտա, երբ տեսա՝ Գերմանիայում այդ երկրից չկար հանդիպող վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ: Ոչ մեկը բանի տեղ չդրեց: Խնդիրն այն չէ, թե ինչպես եմ ես վերաբերվում այդ անձին, այո, ես էլ եմ նրան հանդիպման ոչ արժանի համարում, բայց այստեղ վերաբերմունք է նաև Հայաստանի նկատմամբ: Դրա համար մեր խնդիրն է՝ ցույց տալ, որ այդ թիմը, այդ անձը չեն ներկայացնում իսկական Հայաստանը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում