![](/banners/BeFunky-design.jpg)
Եվրոպան Ուկրաինան ծախեց ռուսներին. Ռուսաստանը հաղթեց. Արման Աբովյան
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում այսօր մեկնարկեցին ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունները։ Ռուսական կողմը ներկայացնում էին արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Շուրջ 4,5 ժամ տևած հանդիպման ավարտից հետո ռուսական կողմը դրանք գնահատեց դրական։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են հարգել միմյանց շահերը:
Նա հայտնեց, որ առայժմ դժվար է ասել, որ Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ը մերձենում են, բայց այդ մասին խոսակցություն եղել է:
Ինչ վերաբերում է երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպմանը, ապա, Ուշակովի խոսքով, այն դժվար թե կայանա հաջորդ շաբաթ:
Նշենք, որ այս հանդիպումից առաջ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել էր, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները տեղի են ունենում առանց Ուկրաինայի, հետևապես՝ ինքը դրանք չի ճանաչի։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով այս հանդիպման մասին, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նշեց, որ՝ անկախ Զելենսկու ցանկություններից, փաստ է այն, որ Ուկրաինայի ճակատագիրը որոշում են այլ կենտրոններ՝ իրենց որոշումները պարտադրելով նույն Զելենսկուն։
«Զելենսկին ճանաչի այդ հանդիպման արդյունքները, թե ոչ, Եվրոպան ճանաչի, թե ոչ, միևնույն է՝ դրանք այդ հանդիպումների բովանդակության վրա չեն ազդում։ Այս գործընթացի հիմնական մեսիջն այն է, որ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Հնդկաստանը ձևավորում են նոր աշխարհակարգ, այսպես ասած, ձևավորվում է նոր Յալթա-2։
Հիմա ուրվագծվում են նոր աշխահակարգի սահմանները, տնտեսական փոխհարաբերությունները և այլ պայմաններ։ Ակնհայտ է, որ ականատես ենք ոչ միայն լոկ ուկրաինական քեյսի շուրջ բանակցությունների, այլև ավելի լայն համագործակցությունների։ Ուկրաինական քեյսը լուծված է։ Ուկրաինան այս կենտրոնները կիսում են իրար մեջ։ Եվրոպան Ուկրաինան ծախեց ռուսներին. Ռուսաստանը հաղթեց»,- ասաց Արման Աբովյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։