Բաժիններ՝

74 միլիոն 500.000 դրամ՝ Համահայկական ձմեռային խաղերին մասնակցելու համար. Երևանի քաղաքապետարանի հերթական հրատապ գնումը

Փետրվարի 7-ին ավարտվեցին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը։ Նախօրեին Երևանի քաղաքապետարանի էջն ավետեց. «Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի հոկեյի մրցաշարում Երևանի «Առյուծներ» ակումբը երկրորդ հորիզոնականում էր: Սառցե մարտերում լավագույն արդյունք գրանցելու համար երևանյան թիմը մեծ ջանքեր է գործադրում»։

Պարզվում է՝ այս մասնակցությունը և «Առյուծներ»-ի ջանքերը Երևանի բյուջեին  արժեցել են 74 միլիոն 500.000 դրամ։

Փետրվարի 7-ին քաղաքապետարանի և «Սփլայեր» ՍՊԸ֊-ի միջև հրատապ մեկ անձ ոչ մրցակցային գնման ընթացակարգով կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ այս՝ 74 միլիոն 500.000 դրամի շրջանակում թիմերի համար ձեռք է բերվել միջազգային չափորոշիչների համապատասխան մարզագույք, մարզահագուստ, ապահովվել է թիմերի տեղափոխումը Երևան-Ջերմուկ-Երևան ուղղությամբ, ինչպես նաև՝ Երևանի պատվիրակության՝ մինչև 180 անդամների հյուրանոցային 6-օրյա կեցությունը, որից ղեկավար կազմի դեպքում՝ բարձրակարգ ծառայությունների մատուցմամբ, և բոլոր մարզաձևերի մրցումների ավարտից հետո ճոխ հյուրասիրությունը՝ շուրջ 200 անձի համար։

«Սփլայեր» ՍՊԸ-ի մասին. 2024 թվականի մարտին գրանցված այս ընկերությունը հենց 2024 թվականի ապրիլից էլ ակտիվանում է պետգնումներում։

Կարդացեք նաև

ՍՊԸ հիմնական պատվիրատուն Երևանի քաղաքապետարանն է՝ 5 էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով և 1 հրատապ մեկ անձ ընթացակարգով արված գնումներով։ Կրթության, մշակույթի ու սպորտի նախարարությունն էլ ավելի քան 61 միլիոն դրամ արժողությամբ դրամաշնորհի պայմանագիր է կնքել սույն նորաստեղծ ընկերության հետ՝ պատվիրակելով Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո 2024 թվականին ուժային կառույցների միջև անցկացվող բանակային մրցաշարի կազմակերպումը։

168.am-ն այդ դրամաշնորհի տրամադրմանն ավելի վաղ անդրադարձել էր՝ արձանագրելով, որ խոշոր դրամաշնորհը տրվել է ընդամենը 2 ամիս առաջ գրանցված «Սփլայեր» ընկերությանը․ դրամաշնորհը նաև այս ՍՊԸ-ի դեբյուտն է պետգնումներում։

«Պարզվում է՝ «Սփլայեր»-ը, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների, գրանցվել է 2024 թվականի մարտի 29-ին, ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Արամ Մարգարյանին։ ՍՊԸ-ի գտնվելու վայրն է Լոռու մարզ, քաղաք Ստեփանավան, Չարենցի փողոց 106 Ա հասցեն։

Նշենք, որ նախորդ տարի բանակային խաղերի մրցաշարը կազմակերպել էր այս ընկերությանը հարևան՝ կարելի է ասել՝ մի քանի տուն այն կողմ գտնվող «Լոռե Գրուպ» ՍՊԸ-ն (ՉԱՐԵՆՑԻ փ., 122), որը Վլադիմիր Գևորգյանի ընտանեկան բիզնեսի մի կտորն է։ 2023 թվականին այս խաղերը պետության վրա արժեցել էին շուրջ 43 միլիոն դրամ։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գևորգյանը տարբեր ՍՊԸ-ներով պետգնումներում ակտիվ խաղացող է։

Այժմ էլ, փաստորեն, երջանիկ պատահականությամբ, շատ հետաքրքիր զուգադիպությամբ, խաղերը կկազմակերպի Վլադիմիր Գևորգյանի հարևանը՝ իր նոր գրանցված ՍՊԸ-ով»,- նշել էինք այս ՍՊԸ-ի մասին մեր նախորդ անդրադարձում։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր՝ Ջերմուկում Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի ժամանակ Երևանի թիմերը կմրցեն հոկեյում, դահուկավազքում, լեռնադահուկային սպորտում, սնոուբորդում, շախմատում և սպորտային պարերում:

Տեսանյութեր

Լրահոս