Ինչպե՞ս և ո՞ւմ ջանքերով Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործիք Վահե Գրիգորյանն ընտրվեց ՄԻԵԴ դատավոր

Այս տարվա հունվարի 28-ին Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամ, նախկինում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Հայկ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության համակիր ու բազմաթիվ գործերով նրանց ներկայացուցիչ Վահե Գրիգորյանին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընտրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցիչ: Վերջինս այդ պատասխանատու պաշտոնում կփոխարինի ՄԻԵԴ-ում 9 տարի պաշտոնավարած դատավոր Արմեն Հարությունյանին:

Այդ օրը դատավորներ ընտրվեցին նաև Անդորրայից և Սլովենիայից:

«Երկրները ներպետական մրցույթի արդյունքների հիման վրա Եվրոպայի խորհրդին էին ներկայացրել երեքական թեկնածուի: Քվեարկության արդյունքում ամեն երկրից ընտրվել է մեկ դատավոր:

Հայաստանը առաջադրել էր Վահե Գրիգորյանի, Նորա Կարապետյանի և Աննա Մարգարյանի թեկնածությունները: Ձայների մեծամասնությունը ստացել է Վահե Գրիգորյանը: Նա ՄԻԵԴ-ում որպես դատավոր կպաշտոնավարի 9 տարի»,- սա՝ Վահե Գրիգորյանի ընտրության պաշտոնական մասն էր:

Կարդացեք նաև

Բայց թերևս նորություն և գաղտնիք չէ, որ Վահե Գրիգորյանի կարիերայում ապօրինի  պաշտոնեական առաջխաղացումը բոլորովին էլ եզակի դեպք չէ: Բավական է հիշել միայն ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում Գրիգորյանի հարկադրված կամ պարտադրված առաջադրումը:

Սակայն Վահե Գրիգորյանի համար սրընթաց կարիերային աճ ապահովելու՝ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ անդամների կամայականությունն ու ապօրինությունները միայն ՍԴ-ում Գրիգորյանին տեղավորելով չեն սահմանափակվել: Հիշեցնենք, որ մեկ տարուց ավելի Վահե Գրիգորյանը ՍԴ-ում աշխատանքի չգնաց, բայց ստացավ աշխատավարձ, պարգևավճար, բենզինի կտրոններ, ծառայողական մեքենա, աշխատասենյակ և օգտվեց իր պաշտոնի ընձեռած բոլոր բարիքներից:

Եվ այսպես, 168.am-ի տեղեկություններով՝ 2024թ. հուլիսից սկսած՝ Նիկոլ Փաշինյանը և նրա որոշ կամակատարներ լծվել են Վահե Գրիգորյանին ՄԻԵԴ դատավոր դարձնելու պրոցեսին:

ՄԻԵԴ դատավորի թեկնածուների եռյակը ձևավորող հանձնաժողովը, որում ընդգրկված են եղել հիմնականում անկախ կամ ինքնավար կառույցների ղեկավարներ (ՄԻՊ, Գլխավոր դատախազ, ՍԴ նախագահ, Վճռաբեկ դատարանի նախագահ և այլք,- Գ.Ս.), ըստ էության կատարել են Նիկոլ Փաշինյանի պատվերը և թեկնածուների եռյակը ձևավորել են Վահե Գրիգորյանի գլխավորությամբ:

Ի սկզբանե թեկնածուների եռյակում ընդգրկված են եղել Վահե Գրիգորյանը, Նորա Կարապետյանը և Վիգեն Քոչարյանը: Սակայն ԵԽԽՎ անհամաձայնության արդյունքում Վիգեն Քոչարյանը հանվել է ցուցակից, և նրան փոխարինել է ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Մարգարյանը:

Աննա Մարգարյանի ներկայությունն այդ ցուցակում, իհարկե, օգնել է Վահե Գրիգորյանին այն առումով, որ ցանկացած ցուցակի պատիվ կբերեր, որ այնտեղ լիներ Աննա Մարգարյանի անունը: Ցավում ենք, որ վերջինիս պարկեշտությունն օգտագործվեց Վահե Գրիգորյանին ՄԻԵԴ դատավոր դարձնելու համար, քանի որ Աննա Մարգարյանի անվան՝ այդ ցուցակում լինելը ԵԽԽՎ-ում, անշուշտ, քարտ-բլանշ էր Վահե Գրիգորյանի համար լեգիտիմության առումով: Սակայն ի սկզբանե էլ պարզ էր, որ Աննա Մարգարյանն ընտրվելու ոչ մի շանս չունի, և ՔՊ-ն իր ողջ ռեսուրսը ծառայեցնելու է Վահե Գրիգորյանի օգտին:

Սակայն, այսքանով հանդերձ՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա հրահանգը կատարողների ապօրինությունները շարունակվել են նաև ԵԽԽՎ-ում:

Այսպես, Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական իրավաբան պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Վլադիմիր Վարդանյանը և մի քանի այլ ՔՊ-ականներ, ԱԳՆ ներկայացուցիչներ ԵԽԽՎ-ում ակտիվորեն զբաղվել են Վահե Գրիգորյանի լոբբինգով:

Վլադիմիր Վարդանյանը, հանդիսանալով ՀՀ-ի կողմից ներկայացված 3 թեկնածուներին քննող Խորհրդատվական հանձնաժողովի անդամ, ըստ էության զբաղվել է առևտրով՝ համոզելով մյուս երկրների պատվիրակներին՝ քվեարկել Վահե Գրիգորյանի օգտին՝ «դուք մեզ համար, մենք ձեզ համար» սկզբունքով:

ԵԽ-ում Վլադիմիր Վարդանյանին ու ՔՊ-ականներին օգնել ու Վահե Գրիգորյանի լոբբինգն այդ կառույցում արել է Եվրոպայի Խորհրդի համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն, Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի համակիր Լիլիթ Դանեղյանը՝ տարատեսակ հանդիպումներ կազմակերպելով ու բարեխոսելով Գրիգորյանի օգտին, ինչպես նաև 2021-2024թթ. Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, այժմ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը:

Սակայն ուշագրավ է, որ Վահե Գրիգորյանը, Վլադիմիր Վարդանյանի, Լիլիթ Դանեղյանի և Արման Խաչատրյանի գործադրած անհավանական ջանքերով հանդերձ, մեր տեղեկություններով, ստացել է Խորհրդատվական հանձնաժողովի ձայների ընդամենը 55%-ը, Աննա Մարգարյանը՝ 45%-ը, Նորա Կարապետյանը՝ 0%: Սակայն, այնուամենայնիվ, բացառապես քաղաքական առևտրի արդյունքում, Վահե Գրիգորյանը ԵԽԽՎ պատգամավորների 133 ձայնով ընտրվեց ՄԻԵԴ դատավոր: Տարօրինակ է սակայն, որ Խորհրդատվական հանձնաժողովի անդամների 45%-ի ձայները ստացած Աննա Մարգարյանը, ՔՊ-ականների՝ իր դեմ իրականացված պայքարի հետևանքով ստացել էր 18 ձայն, իսկ 0% ձայն ստացած Նորա Կարապետյանը՝ 16 ձայն:

Հատկանշական է նաև, որ Վահե Գրիգորյանի՝ ընտրությանը նախորդած ժամանակահատվածում վերջինիս լոբբինգով զբաղվել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը: Վերջիններս իրենց կազմակերպած բոլոր միջոցառումներին հրավիրել են Գրիգորյանին՝ միջազգային գործընկերների հետ կապերն ընդլայնելու և նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:

Նրանք նաև իրենց՝ այլ երկրների գործընկերների մոտ ակտիվորեն գովերգել են Վահե Գրիգորյանին՝ այդ կերպ անուղղակի կերպով նպաստելով նրա ընտրությանը:

Չափազանց կարևոր է նշել նաև, որ 168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԵՄ պատվիրակությունը Վահե Գրիգորյանի վերաբերյալ իր ներքին հետաքննության արդյունքներով բացասական եզրակացություն էր ներկայացրել ԵԽԽՎ պատվիրակություններին՝ բարձրաձայնելով Գրիգորյանի քաղաքական կապերը, արտերկրից ստացված և չհիմնավորվող եկամուտները և այլն:

Ի հեճուկս այս ամենի՝ Վահե Գրիգորյանը, Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների գործուն ջանքերով, ընտրվեց ՄԻԵԴ դատավոր: Կատարվեց նրա երազանքը:

Պետք է հիշել, որ ՄԻԵԴ-ում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այլ ընդդիմադիրների վերաբերյալ գանգատները, և եթե անգամ Վահե Գրիգորյանը բացարկ հայտնի ֆորմալ առումով, ու հատուկ դատավոր մասնակցի այդ գործերի քննությանը, միևնույն է, նա շարունակում է մնալ Ռոբերտ Քոչարյանի և մյուս ընդդիմադիրների քաղաքական հակառակորդը և ազդեցություն ունենալ այդ գործերի վրա:

Ի դեպ, ԱԱԾ տնօրեն-ՀՔԾ պետ հայտնի գաղտնալսման ժամանակ Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հիշատակած Վահե Գրիգորյանը հենց այն Վահե Գրիգորյանն է, ով 9 տարի շարունակ՝ որպես Հայաստանից ընտրված դատավոր, պետք է մասնակցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այն է՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի բերված բազում գանգատների քննությանը:

Վահե Գրիգորյանն այն մարդն է, ով փաստորեն Նիկոլ Փաշինյանի ձեռքում քաղաքական գործիք է եղել՝ քաղաքական հակառակորդների դեմ պայքարում: Վահե Գրիգորյանը նաև Նիկոլ Փաշինյանի փաստաբանն է եղել, ինչը ևս կարևոր է հիշել ու նկատի ունենալ:

Բայց Նիկոլ Փաշինյանը երևի Վահե Գրիգորյանին լավ չի ճանաչում. հարմար պահի Վահե Գրիգորյանը հաստատ իրեն էլ կգցի, ինչպես որ ուրացավ Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրա վաստակն իր կայացման գործում:

Տեսանյութեր

Լրահոս