Մանր ժուլիկություններ՝ մեծ փողերի հետ խաղում

Տրանսպորտի ուղեվարձի հետ կապված քաղաքային իշխանության մտքի «փայլատակումներն» ավելի շատ նոր հարցեր են առաջացնում, քան լուծում են թանկացումների հետ կապված խնդիրները։ Դրանք մեկ անգամ ևս վկայում են, որ առաջարկվող փաթեթների տակ բացարձակ հիմնավորումներ չկան։ Օդից վերցված գներ են դրել ուղեվարձերի հիմքում ու իրավիճակից կախված՝ իրենց քիմքին հարմար փոփոխություններ են կատարում։

Ժամանակին հայտարարում էին, թե առաջարկված ուղեվարձերը հաշվարկներով հիմնավորված են, և նվազեցնելու հնարավորություններ չկան։ Բայց ինչպես տեսնում ենք, ոչ մի հիմնավորում ու հաշվարկ էլ չկա։ Հասարակության ճնշման տակ, երբ հասկացան, որ տրանսպորտի անհիմն թանկացումը կարող է ամբողջությամբ տապալվել, որոշեցին սրբագրումներ անել։

Ընդամենը մի քանի օր առաջ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ փետրվարի 11-ին ավագանու նիստ են հրավիրելու ու 2200 դրամանոց փաթեթները դարձնելու են 2000 դրամ։ Հանելու կամ փոխելու են  նաև որոշ փաթեթների երթևեկության քանակների հետ կապված սահմանափակումները։

Սկզբում փորձեցին այսպիսի մանր ժուլիկություններով ու չնչին զիջումներով մոլորեցնել քաղաքացիներին։ Բայց տեսան, որ բան չի ստացվում՝ դրանով էլ չեն կարող մեղմել քաղաքացիների դժգոհությունները։

Կարդացեք նաև

Հիմա էլ որոշել են այլ կերպ համոզել համակերպվելու տրանսպորտի թանկացմանը։

Պատրաստվում են «լավություն» անել քաղաքացիներին ու մեկ ուղևորության համար 150 դրամ ուղեվարձ սահմանել, որը թեև ավելի ցածր է նախորդ առաջարկներից, այնուհանդերձ ուղիղ 50 տոկոսով թանկ է, քան գործող ուղեվարձն է։ Ընդ որում՝ այն գործելու է միայն 2025թ.։ Այդ ընթացքում փորձելու են ժամանակ շահել՝ մինչև կմարեն հասարակության շրջանում տրանսպորտի թանկացման հետ կապված դժգոհությունները։

Քաղաքացիներին իրենց թակարդը գցելու համար՝ մտադիր են նաև ժամանակավոր որոշ այլ «արտոնություններ» տալ։ Ասենք՝ 1-ամսյա փաթեթով 2 ամիս երթևեկել։

Ու այս ամենը՝ կրկին առանց հաշվարկ-հիմնավորումների։

Ինչպե՞ս ստացվեց, որ 300 դրամը դարձավ 150 դրամ։ Իսկ ո՞վ ասաց, որ հենց այդ 150 դրամն է մեկ ուղևորության գինը, գուցե՞ պետք է 90 կամ 110 դրամ լիներ։

Չեն կարողանում հիմնավորել, թե ինչի՞ արդյունքում է դա հնարավոր դարձել։ Որովհետև հիմնավորելու համար նախ պետք է հաշվարկել տրանսպորտի իրական ինքնարժեքը և ոչ թե՝ մատից հոտ քաշելով՝ գին պարտադրել։

Առանց իմանալու ուղևորահոսքի քանակը, դա անհնարին է։ Իսկ այսօր ոչ մեկը չի տիրապետում այդ թվերին։

Մի բան են միայն լավ սերտել ու տարբեր առիթներով կրկնում են։ Ասում են՝ չի կարող այնպես լինել, որ այսքան տարի ամեն ինչ թանկանա, իսկ քաղաքային տրանսպորտի ուղեվարձը մնա նույնը։ Բայց ոչ մեկը չի ասում, իսկ այսքան տարի ինչքանո՞վ է ավելացել քաղաքային տրանսպորտի ուղևորահոսքը, որից ուղղակիորեն կախված է ուղևորափոխադրման ինքնարժեքը։ Այս ընթացքում գուցե՞ ուղևորահոսքն այնքան է ավելացել, որ պետք է մտածել ոչ թե թանկացնելու, այլ նվազեցնելու մասին։ Առավել ևս, որ մեծ տարողության ավտոբուսներ են ցանց մտել, ու դա կարող էր նպաստել ուղևորահոսքի ավելացմանը։

Ինչքա՞ն է այսօր քաղաքային տրանսպորտի ուղևորահոսքը, հայտնի չէ։ Կան տարբեր փորձագիտական գնահատականներ, բայց դրանք չեն կարող վերջնական լինել այնքան ժամանակ, քանի դեռ չեն հիմնավորվել արդյունավետ գործող հաշվառման համակարգի միջով։ Այդ համակարգն է, որն առաջին հերթին պիտի գործարկել։

Միասնական վճարային համակարգի անվան տակ նման մի բան ներդրել են, բայց այն չի աշխատում, թերություններն այնքան շատ են, որ անգամ նախկին չեղած համակարգից, որտեղ ստվերային մեծ շրջանառություններ կային, վատն է։ Այսօր էլ ստվերային շրջանառություններ կան, որոնք այլ կերպ են արտահայտվում։ Բազմաթիվ ուղևորներ «կորում» են հաշվառումից, ու դրա մեղավորը ոչ թե ուղևորներն են, այլ ներդրված միասնական կոչվող տոմսային համակարգը։

Նման համակարգով անհնարին է իրականացնել ուղևորահոսքի իրական հաշվառում։

Մինչև իրական հաշվառում չլինի՝ խոսք չի կարող լինել ուղեվարձի մասին։

Բայց քաղաքային իշխանությունները, որոնք իրենց բարձր հովանավորների հետ լծվել են տրանսպորտի թանկացման «հայրենանվեր» գործին՝ տարբեր ձևերով համառորեն փորձում են հասնել իրենց բաղձալի նպատակին։ Կտրուկ բարձրացնում են ուղեվարձը, հետո ժողովրդավարություն են խաղում՝ մի քիչ նվազեցնում են ու ուզում են համոզել, թե ինչպիսի մեծահոգություն են ցուցաբերել ժողովրդի նկատմամբ։ Լսել են քաղաքացիների դժգոհությունները, բողոքները ու հետևություններ են արել, նվազեցրել են նախկին առաջարկները։

Ոչինչ, որ դրանք շարունակում են էապես ավելի բարձր լինել գործող ուղեվարձերից։

Ուղեվարձը 100-ից 150 դրամ դարձնելը ծանր բեռ է լինելու շատերի համար։ Հատկապես որ, այդ բեռը միայն ուղեվարձերով չի սահմանափակվում։

Բազմաթիվ տեղերում քաղաքացիների վրա ֆինանսական բեռ են ավելացրել։ Երբ այդ ամենը մեկտեղում ես, երևում է դրանց ամբողջ հմայքը՝ տրանսպորտը թանկանում է, աղբահանությունը թանկանում է, գույքահարկը թանկանում է, հարկերն ավելացնելու հետևանքով՝ ապրանքները թանկանում են, ծառայությունները թանկանում են, եկամուտների հայտարարագրման հետ կապված ծախսերն ավելանում են, տույժ-տուգանքներն են համատարած բարձրանում։ Ու այս ամենը գալիս են ծանրանալու քաղաքացու գրպանի վրա։

Իշխանություններն աչք չեն կտրում քաղաքացու գրպանից։ Չեն կարողանում համակարգերն արդյունավետ կառավարել, խնդիրներն ուզում են լուծել բացառապես քաղաքացու գրպանի հաշվին։

Միայն մի բան լավ գիտեն՝ ինչպես անեն, որ ավելացնեն քաղաքացու ֆինանսական բեռը։ Իսկ ո՞վ է որոշել, որ քաղաքային տրանսպորտի ուղեվարձի ամբողջ բեռը պետք է մնա քաղաքացու վրա։ Բա ինչի՞ համար է հարկատուների փողերով գոյացող քաղաքային ու պետական բյուջեն, որը քաղաքացուն ծառայելու փոխարեն՝ իշխանավորներին է ծառայում։ Մի քիչ զսպեք ձեր ախորժակներն ու դրա հաշվին փակեք քաղաքային տրանսպորտի ծախսերը։ Թե չէ՝ ուզում են ամբողջ բեռը քաղաքացու վրա դնել, որ կարողանան քաղաքացիների վճարած հարկերով իրենց համար թանկարժեք մեքենաներ գնել, թանկարժեք ճանապարհորդություններ կատարել, պարգևավճարներ բաժանել, բյուջեի փողերն այս ու այն կողմ շաղ տալ ու վայելել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս