«Հիմա բնակչությունը պետք է ոտքի կանգնի ու այդ մարդուն անվստահություն հայտնի, հեռացնի». Աշոտ Հարությունյան

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադարձել է Հայոց ցեղասպանության փաստին և այս անգամ ևս այն դրել հարցականի տակ։ Հունվարի 24-ին շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է դեռ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով են ընկալել Հայոց ցեղասպանությունը։

Շուշիի պատմության թանգարանի տնօրեն, պատմաբան Աշոտ Հարությունյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո հերթը հայ ժողովրդինն է, ով պետք է կանգնի ու իր խոսքն ասի, եթե լռում է, նշանակում է՝ իրենք էլ են ժխտում Հայոց ցեղասպանությունը։

«Իմ միակ հույսն այն է, որ սերունդը կիմաստնանա ու չի վախենա այս հարցերը բարձրաձայնելուց։

Եթե այս մարդն այսօր չի կարողանում նույնիսկ եղած փաստի՝ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնել, սա արդեն իր անձնական որակի մասին է  խոսում, ես ի՞նչ կարող եմ ասել։

Կարդացեք նաև

Եթե Նիկոլ Փաշինյանը լիներ Ֆրանսիայի քաղաքացի ու Ֆրանսիայի Սահմանադրությամբ նախատեսված քրեորեն հետապնդելի հայտարարություն աներ, ապա նրան 100 տոկոս կկանչեին պատասխանատվության, ինչն այսօր Հայաստանում չեն անում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Հարությունյանը։

Նա ևս մեկ անգամ ընդգծեց՝ հայ ազգին իմաստուն սերունդ է պետք։

«Այդ մարդուն ընտրել է ՀՀ բնակչության մի մասը, իսկ արցախահայերն այստեղ փախստական են, նույն այդ ընտրած մարդիկ պետք է այսօր կանգնեն ու իրենց խոսքն ասեն։ Երբ արցախահայերը քննադատական խոսք են հնչեցնում, ասում են՝ դուք լռեք, դուք փախստական եք։ Թեպետ ձեզ իմ կարծիքը քաջ հայտնի է, որ ինքս Հայաստանում ինձ փախստական չեմ համարում, այլ լիիրավ քաղաքացի։

Հիմա բնակչությունը պետք է ոտքի կանգնի ու այդ մարդուն անվստահություն հայտնի, հեռացնի»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուն, Աշոտ Հարությունյանը նկատեց՝ թեպետ նրան արցախահայերը չեն ընտրել, բայց նա կարողացավ որոշել արցախահայերի ճակատագիրը, որի արդյունքում այսօր արցախցիները բռնի տեղահանվել են իրենց բնօրրանից։

«Այսպես ասեմ՝ մարդիկ թող նստեն ու մտածեն իրենց պատասխանատվության չափը, եթե շարունակելու են Նիկոլ Փաշինյանին աջակցելը, նշանակում է, իրենք էլ են ժխտում Ցեղասպանությունը ու մյուս փաստերը»,- ընդգծեց պատմաբանը։

Տեսանյութեր

Լրահոս