«Նիկոլը տա, ռուսները պահե՞ն. ռուսները չեն ասել՝ հետ գնա, Ալիևն է ասել, Նիկոլն էլ հետ է գնացել». Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ հայ-ռուսական հարաբերությունները գահավիժում են և շարունակելու են գահավիժել, քանի որ, ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի և Իրանի դեմ քայլեր են կատարում:

«Այդ քաղաքականության արդյունքում Ալիևը ստանալու է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ը: Սյունիքում Փաշինյանը զիջումների կգնա, հետո էլի կուզի Ալիևը: Մենք այս իշխանությունների օրոք ինչ ասես՝ տեսել ենք: Նրանք ամեն ինչում մեղադրում են Ռուսաստանին, բայց մենք չենք կարող ռուսներից պահանջել լինել ավելի հայ, քան հայը: Եթե ունենայինք նորմալ ղեկավարություն, մենք ոչ մի տեղից հետ չէինք քաշվի: Մարդիկ կարծում են, որ Նիկոլը պետք է տա, իսկ ռուսները պետք է պահեն: Ռուսները չեն ասել՝ հետ գնա, Ալիևն է ասել, նա էլ հետ է գնացել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հարցին՝ եթե Ալիևը Փաշինյանին կարող է ասել՝ հետ գնա, նա էլ հետ գնա, ապա այս իրավիճակում Ռուսաստանն ինչո՞ւ է ուզում վերահսկել Սյունիքով անցնող ճանապարհը, չէ՞ որ նույնն այնտեղ կարող է տեղի ունենալ, նա պատասխանեց., որ ռուսներին «Զանգեզուրի միջանցք» կոչվածը ոչ թե ձեռնտու չէ, այլ սա առհասարակ հակառուսական ծրագիր է, որովհետև պետք է Միջին Ասիայի երկրների էներգակիրները Ռուսաստանին շրջանցելով՝ դուրս բերվեն Եվրոպա. «Եթե ռուսական կողմը տեսնում է, որ Փաշինյանը պատրաստ է Շուշին հանձնել, սցենարով, ամենայն հավանականությամբ նախատեսված էր, որ ադրբեջանական բանակը պետք է Սյունիքը ճեղքի, դուրս գա Նախիջևան: Ռուսներն իրենց ապահովագրելու համար արդեն նոյեմբերի 9-ին կանգնեցրին ռազմական գործողությունները, Արցախի մի մասը փրկեցին, Սյունիքը փրկեցին և «Զանգեզուրի միջանցք» կոչվող խայտառակությունը ճեղքելու և բացելու հեռանկարը փակեցին:

Կարդացեք նաև

Որպեսզի հետագայում Փաշինյանն այն չհանձնի, ապահովագրեցին իրենց, որ այդ հետագայում բացվող ճանապարհը վերահսկեն իրենք: Արցախից ռուսներին հեռացրին ադրբեջանցիները, որովհետև ուկրաինական ճակատում ռուսները մեծ ռեսուրսներ են դնում և ամեն կերպ խուսափում են երկրորդ ճակատի հնարավորությունից: Եթե ուկրաինական իրադարձությունները երկարեն, մենք կարող է նաև Սյունիքից տեսնենք Ռուսաստանի դուրս գալը: Ուկրաինայում վճռվում է Ռուսաստանի լինել-չլինելը:

Մեր բախտը չի բերել՝ այսօրվա ղեկավարությամբ, որովհետև այս ճակատագրական պահին պետք էր, որ Հայաստանում լիներ պետականակենտրոն ղեկավարություն, երկրի ռեսուրսները ճիշտ օգտագործելով՝ որոշակի ինքնաբավություն ստեղծվեր, որպեսզի եթե ռուսները թուլացել են, չենք կարողանում հիմա օգնել, մենք մեր հարցերը լուծեինք: Եթե ռուսներին ձեռնտու լիներ, որ այդտեղ միջանցք լիներ, նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում այդ տերմինը կլիներ, իսկ այնտեղ նման տերմին գոյություն չունի»:

Դավիթ Ջամալյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի մնալու պարագայում Հայաստանին ոչ մի լավ բան չի սպասվում. «Եթե նա մնա՝ կվերածվենք Էրմենիստանի, իսկ եթե նա գնա, այո, մեզ շատ ծանր, բայց վերականգնման, մեջքը շտկելու ժամանակներ են սպասվելու: Չեմ էլ բացառում ընթացիկ կոնֆլիկտներն Ադրբեջանի հետ, բայց դրանք լինելու են հաղթանակի բերելու կոնֆլիկտներ: Կոնֆլիկտներ, այսպես թե այնպես, լինելու են, և լինելու է կա՛մ Նիկոլով պարտություն, կա՛մ նոր իշխանությամբ՝ հաղթանակ: Էլի ու էլի հանգում ենք մի բանի, որ իշխանափոխությունը բոլոր հարցերի լուծմամբ միակ հնարավորությունն է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս