Ինչի՞ դիմաց է կառավարությունը ստացել «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերը
Վերջին տարիներին, հայտնի ու անհայտ հանգամանքներում, կառավարությունը «փայ» է մտնում բիզնեսում։ Եվ որքան էլ դա չի ողջունվում միջազգային կազմակերպությունների կողմից, ուղղակի հարվածում է ներդրումներին և հատկապես օտարերկրյա ներդրումներին, ներդրումները կրճատվում են, դուրս են գալիս Հայաստանից, կառավարությունը շարունակում է մեծացնել իր ազդեցությունը բիզնեսի վրա։
Քաղաքական ճնշումների արդյունքում, նախ ստացավ Հայաստանի ամենախոշոր հարկատուի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերի 21,8 տոկոսը, այնուհետև՝ «Վիվասել-ՄՏՍ»-ի 20 տոկոսը։
Երկար ձգձգումներից հետո, նախորդ տարվա վերջին կառավարությանը փոխանցվեց նաև «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։
Այս գործարքի մասին խոսվում էր շուրջ 2 տարի։ Դեռևս 2023թ. փետրվարին Ամուլսարի հանքավայրը շահագործելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Հայաստանի կառավարության, «Եվրասիական Զարգացման բանկի» և «Լիդիան Արմենիայի» միջև։ Հուշագրով էլ որոշվեց, որ կառավարությանը փոխանցվելու է ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։ Կողմերը պայմանավորվեցին «Եվրասիական Զարգացման բանկից» ներգրավել 150 մլն դոլար։ Եվս 100 մլն դոլար պիտի հայթայթեր «Լիդիան Արմենիան»։ Գումարը նախատեսվում էր ծախսել Ամուլսարի հանքավայրի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու և անհրաժեշտ տեխնիկան ձեռք բերելու համար։
Շուրջ 2 տարվա քննարկումներից ու բանակցություններից հետո տեղեկատվություն տարածվեց, որ «Եվրասիական Զարգացման բանկը» հրաժարվել է ծրագրին ֆինանսական աջակցություն ցույց տալուց և դադարեցրել է իր մասնակցությունը։
Հետագայում «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը պարզաբանեց, որ ոչ թե ԵԱԶԲ-ն է հրաժարվել ֆինանսական աջակցությունից, այլ իրենք։
«ԵԱԶԲ-ի հետ կապված՝ մենք ենք հետ քաշել ֆինանսավորման հայտը, ոչ թե բանկն է մերժել մեզ, քանի որ ֆինանսավորման ժամանակացույցը և ֆինանսավորման պայմաններն այն չէին, ինչ մենք ակնկալում էինք»,- հայտարարեց Հայկ Ալոյանը՝ հավելելով, որ ընկերությունը ժամկետների մեջ չէր կարողանում տեղավորվել, ֆինանսավորման ժամանակացույցը շատ երկար էր, այդ պատճառով էլ գործընթացը կասեցվեց։
Ու քանի որ «Եվրասիական զարգացման բանկի» հետ նախատեսվող գործարքը ձախողվեց, «Լիդիան Արմենիան» հիմա փորձում է ֆինանսավորման հարցերը լուծել հայաստանյան բանկերից վարկեր ներգրավելու միջոցով։
Բանակցությունները բանկերի հետ արդեն մեկնարկել են, բայց այստեղ էլ կան խնդիրներ։ Բանկերը հակված չեն առանց երաշխիքների այդքան մեծ գումարներ տրամադրել ծրագրի իրականացմանը։ Ծրագիր, որն օդի ու ջրի պես պետք է քաղաքական իշխանությանը։
Տարիներ շարունակ վարչախումբը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն ինչ արեց գրեթե գործարկման պատրաստ Ամուլսարի հանքի շահագործումը խափանելու համար, այսօր ոտուձեռ է ընկել՝ ծրագիրը մեռյալ կետից հանելու ու մեկնարկը հնարավորինս շուտ տալու համար։
Հայաստանում տնտեսական իրավիճակը գնալով վատանում է, արտաքին գործոնները, որոնք վերջին տարիներին դարձել էին տնտեսական բարձր աճերի հիմքը, թուլանում են, ու այդ պայմաններում, հատկապես սպասվող ընտրություններից առաջ, քաղաքական իշխանությանն «աջակցող» ռեսուրսներ են պետք։ Այդ առումով Ամուլսարն անփոխարինելի է։ Քաղաքական իշխանությունը չափազանց մեծ հույսեր է կապում ծրագրի մեկնարկի հետ, որը ոչ միայն շուրջ 1000 աշխատատեղ կարող է ապահովել, այլև էական դեր կատարել՝ ինչպես տնտեսական աճի, այնպես էլ՝ բյուջեի ակնկալվող եկամուտների ապահովման գործում։
Այս տարվա տնտեսական աճի ու բյուջեի եկամուտների հաշվարկներում արդեն ներառել են Ամուլսարի հանքի շահագործման ազդեցությունը։ Ու եթե չհաջողեն սկսել նախագիծը՝ ինչպես տնտեսական ու ֆինանսական, այնպես էլ՝ սոցիալական առումով խնդիրներն ավելի են խորանալու։
Սա է պատճառը, որ կառավարությունը կաշվից դուրս է գալիս Ամուլսարի հանքի շահագործումը հնարավորինս շուտ մեկնարկելու համար։ Բայց դրա հետ կապված անորոշությունները դեռևս պահպանվում են։ Բանկերը երաշխիքներ են պահանջում։
Այստեղ է թերևս թաքնված 2 տարվա ձգձգումներից հետո «Լիդան Արմենիայի» բաժնետոմսերը կառավարությանը, ի վերջո, փոխանցելու գաղտնիքը։ Պետական երաշխիքներ են պետք՝ 150-250 մլն դոլար վարկ վերցնելու համար։
Այդ նպատակով ընկերությունն արդեն դիմել է կառավարությանը։ Ֆինանսների նախարարությունում քննարկվում է հանքի շահագործման նպատակով վարկերի ներգրավման դիմաց բանկերին պետական երաշխիք տրամադրելու հարցը։
Էկոնոմիկայի նախարարությունն է խառնվել. հետազոտություն են պատվիրել, պետական երաշխիք տալուց առաջ՝ նախագծի հետ կապված ռիսկերը հասկանալու համար։
«Որպեսզի պետական երաշխիքի համար կամ բյուջետային վարկի համար որևէ մեկը դիմի, պետք է որոշակի փաստաթղթեր պատրաստի: Հիմա «Լիդիանից» մեր գործընկերներն այդ փաթեթը տրամադրել են: Եվ ֆինանսների նախարարությունն ուսումնասիրում է այն»,- պատասխանելով «Լիդիանին» պետական երաշխիք տրամադրելու հնարավորության վերաբերյալ հարցին՝ անցած տարվա վերջին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարարը։
Նա միաժամանակ հույս հայտնեց, որ ուսումնասիրությունը կարճ ժամկետում կավարտեն ու եզրակացություն կտան: Եվ եթե դա լինի դրական, ապա պետությունը կտրամադրի այդ երաշխիքը։
Երաշխիքի տրամադրման անհրաժեշտությունն է, որն արագացրել է «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի 12,5 տոկոսը կառավարությանը փոխանցելու գրեթե 2 տարի ձգձգվող գործընթացը։ Բայց միևնույն է, բաժնետոմսերի փոխանցումը չի արդարացնում երաշխիքի տրամադրումը, այն էլ՝ այդքան խոշոր գումարի պարագայում։ Եթե բանկերը երաշխիք են ուզում, նշանակում է՝ ռիսկեր են տեսնում։ Երաշխիք տրամադրելու պարագայում այդ ռիսկերը մնում են պետության վրա ու ձախողվելու դեպքում՝ պետական բյուջեն է պարտավորվում վերադարձնել այդ վարկերը։
Երաշխիք տրամադրելով՝ կառավարությունը պետությանը դնում է նման բեռի տակ։
Մինչդեռ՝ այս իրավիճակը չէր առաջանա, եթե ժամանակին տարբեր միջոցներով երիտհեղափոխականները չխոչընդոտեին հանքի շահագործումը, թողնեին, որպեսզի ծրագիրն իր նորմալ հունով գնար։ Այդ դեպքում նաև այսքան լրացուցիչ ներդրումներ ներգրավելու անհրաժեշտություն չէր առաջանա։ Բացի դա էլ՝ հիմա հանքը վաղուց շահագործված կլիներ, օգուտներ ապահովելով երկրի ու հասարակության համար։
Իրենց արկածախնդրությամբ մեծ վնասներ պատճառեցին՝ ինչպես ընկերությանը, այնպես էլ՝ պետությանը։ Եթե հանքը պիտի գործարկվեր, ինչո՞ւ այսքան տարի խոչընդոտեցին դրա շահագործմանը։ Այս ամենի հետևանքով ծրագրի իրականացումն առնվազն 6 տարի հետ գցեցին, ու դրա համար որևէ մեկը պատասխանատվություն չկրեց։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ