Իրանը ցանկանում է Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացը տեղափոխել «3+3» հարթակ

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հայաստանյան ներքաղաքական կյանքը փոթորկած վերջին հարցազրույցի և Փաշինյանի ոչ պակաս աղմկահարույց, զիջողական արձագանքների, լարվածության ֆոնին սկսվեց Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի այցը Երևան և Բաքու։

Հարավկովկասյան այցն իրանցի պաշտոնյան սկսեց Բաքվից, որտեղ հանդիպեց Իլհամ Ալիևի հետ։ Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն, իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նախ «շնորհավորել է Ադրբեջանին իր տարածքներն օկուպացիայից ազատելու կապակցությամբ և ասել, որ իրենք շատ ուրախ են դրա համար»։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է նաև, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման կարևորությունը և Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև եռակողմ համագործակցության ձևաչափը։

Ուշագրավ է, սակայն, այն հանգամանքը, որ իրանական կողմի տարածած հաղորդագրությունում չկա որևէ ձևակերպում Ադրբեջանի ղեկավարին ուղղված շնորհավորանքի մասին։

Կարդացեք նաև

Irnaն հայտնում է, որ հանդիպմանը երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև համագործակցության խորացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, անվտանգության, պաշտպանության և տնտեսական ոլորտներում։ «Նրանք հատուկ ընդգծեցին տնտեսական հարաբերությունների խթանման անհրաժեշտությունը, մասնավորապես էներգետիկ ոլորտում և տրանսպորտային միջանցքների զարգացումը:

Նախագահ Ալիևը կարևորել է Իրանի և Ադրբեջանի Հանրապետության պատմական, կրոնական և քաղաքակրթական ընդհանրությունները՝ դրական գնահատելով վերջին երեք տասնամյակների ընթացքում նրանց հարաբերությունները»,- ասված է իրանական կողմի տարածած հաղորդագրությունում, որտեղ նաև նշված է, որ կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում ընթացող ճգնաժամերին՝ նշելով 3+3 ձևաչափը և կարևորելով տարածաշրջանի խնդիրների լուծումը տարածաշրջանի երկրների միջև համագործակցության միջոցով։

Իր հերթին Ահմադիանը կարևորել է երկու երկրների միջև առկա պոտենցիալ և առկա համաձայնագրերը, որոնք ուղղված են մարտահրավերների հաղթահարմանն իրենց նախագծերում և համագործակցություններում:

Հունվարի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղարի այցը Հայաստան և ընդգծել բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը, որոնք հիմնված են Հայաստան-Իրան երկկողմ բազմոլորտ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության վրա:

Ահմադիանն իր հերթին նշել է, որ երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր, և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք: Իրանական կողմը դեռ հաղորդագրություն չի տարածել, Փաշինյանի հետ հանդիպման մասին ևս դեռ հաղորդագրություն չի տարածվել։

Ահմադիանի այցի նախօրեին տարածվեց Ալիևի հարցազրույցն ադրբեջանական հեռուստաընկերություններին, որում նա ինչպես վերջնագրեր ներկայացրեց ՀՀ իշխանություններին, այնպես էլ բավականին կոշտ հայտարարություններ արեց Իրանի ուղղությամբ՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան հետ տեղի ունեցածը որակելով կազմակերպված ահաբեկչություն, ըստ էության մեղադրելով Ադրբեջանի նախկին իշխանություններին՝ ի դեմս Ռաիսիի և Աբդոլլահիանի, որոնք առեղծվածային ավիավթարի զոհ դարձան Ադրբեջանից Իրան ճանապարհին։

Հիշեցնենք, որ Ալիևի հետ նրանք մասնակցել էին Ադրբեջանի հետ սահմանին՝ Արաքս գետի վրա ամբարտակի բացման արարողությանը։

Հարկ է նաև նշել, որ Ալիև-Փաշինյան հեռակա «հարցուպատասխանի», Ահմադիանի այցի ֆոնին տեղի ունեցավ Ալիևի հեռախոսազրույցը Թուրքիայի ղեկավար Թայիբ Էրդողանի հետ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ, հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և գլոբալ խնդիրների շուրջ։

Էրդողանն ընդգծել է, որ երկրների միջև համագործակցությունը կզարգանա բոլոր ոլորտներում՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։ Նա նաև հայտարարել է, որ իր երկիրը լիարժեք աջակցություն է ցուցաբերում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար և միշտ Ադրբեջանի կողքին կլինի։

168am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ այդ հարցազրույցում կային կոշտ դիտարկումներ ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ տրամաբանական է, որ քանի դեռ ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում չկա կարգավորում, այդ թեմատիկան մշտապես առկա է լինելու, սակայն անդրադարձերը Ֆրանսիային, Ռուսաստանին, Իրանին՝ պահանջատիրական ոճաբանությամբ, միտված են բարձրացնել Ադրբեջանի նշանակությունը միջազգային հարաբերություններում։

Եվսեևը գտնում է, որ այդ գործընթացը սկսվեց Ղարաբաղյան վերջին պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո։

«Բնականաբար, այն երկրները, որոնք իրենց շահերից ելնելով՝ որոշակի աջակցություն են հայտնում Երևանին, արժանանում են քննադատության, ինչը կարելի է նաև բնական համարել քաղաքականության շրջանակում։ Իրանցի պաշտոնյայի այցը, կարծում եմ, նպատակ ունի շոշափել իրավիճակը Երևանի և Բաքվի միջև, տեղում հասկանալ բոլոր վտանգներն ու մարտահրավերները։

Բնականաբար, յուրաքանչյուր երկիր ունի տեղեկատվության իր աղբյուրները, տեղյակ է իրավիճակից, սակայն այցը տալիս է շատ ավելի լայն հնարավորություններ։ Այն իրենից նաև ներկայացնում է ժեստ, քաղաքական աջակցություն ցուցաբերելու կամքի դրսևորում է։

Ի տարբերություն Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանը դեմ չէ աշխատել կողմերի հետ «3+3»-ի շրջանակում։ Սակայն, ինչպես Աստանայի պայմանավորվածությունները Սիրիայում, այնպես էլ այս հարթակում հնարավոր ապագա պայմանավորվածությունները կարող են զրոյանալ։ Ուստի ներկայումս չափազանց բարդ է կանխատեսել, թե որ ճանապարհով կգնան զարգացումները, քանի որ համակարգային որևէ մոտեցում չի գործում։ Սակայն իրանական կողմն անընդհատ փորձում է այս հարթակն ակտիվ գործարկել և Երևան-Բաքու կարգավորումը տեղափոխել այդ հարթակ, կարծում եմ՝ այս այցի նպատակներից մեկը նաև դա է»,- նշեց վերլուծաբանը։

Այնուամենայնիվ, Եվսեևի խոսքով, Ահմադիանի այցն ունի նաև զսպող, կայունացնող նշանակություն, քանի որ բոլոր երկրներին հիշեցնում է Իրանի դիրքորոշումների ու շահերի մասին։

«Սակայն ռեգիոնում լարված հայտարարությունները և բանակցություններում առաջացած դադարը, փոխըմբռնման բացակայությունը, միակողմանի պահանջները մտահոգությունների տեղիք են տալիս։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Սիրիայում, ևս ապակայունացրեց իրավիճակն Անդրկովկասում, եթե օղակը սեղմվի Իրանի շուրջ, դա ևս հավելյալ մարտահրավերներ կստեղծի։ Առաջիկա ամիսներին լարվածությունը, ցավոք, կխորանա, իսկ Հայաստանի դիվանագիտական զսպման մեխանիզմներն էականորեն թուլացել են»,- նշեց Եվսեևը։

Տեսանյութեր

Լրահոս