«Ի տարբերություն Իրանի, Թուրքիան գործում է «միջանցքային» տրամաբանությամբ. ստրատեգիական առումով չի ցանկանում, որ այդ ճանապարհն անցնի Իրանի տարածքով». Ռուբեն Սաֆրաստյան
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա երկու երկրների միջև առկա լարվածությունը քննարկելու համար, ինչը պայմանավորված է իրանական բեռնատարների կողմից Թուրքիայում հավելյալ մաքսատուրք վճարելու և թուրքական բեռնատարներին իրանական բենզին չվաճառելով։
Խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ Բաղային ասել է. «Իրանն անփոփոխ դիրքորոշում ունի։ Իրանը ողջունում է տրանսպորտային ոլորտում համագործակցության ընդլայնումը, սակայն մենք ընդգծում ենք, որ երկրների ինքնիշխան իրավունքները պետք է հարգվեն»։
Ի՞նչ սպասել այս հանդիպումից, Թուրքիան կբարձրացնի՞ «Զանգեզուրի միջանցքի» հարց։
Խոսելով այս հարցերի շուրջ՝ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նախ ասաց՝ այս հանդիպումը սկզբունքային կարևոր նշանակություն չի ունենա, քանի որ կողմերի մոտեցումները պարզ են, կապված այն հանգամանքի հետ, որ Իրանը, օրինակ, հանդես է գալիս տարածքային ամբողջականության պահպանության դիրքերից։
«Ի տարբերություն Իրանի, Թուրքիան ձգտում է գործել «միջանցքային» տրամաբանությամբ։
Ինչ վերաբերում է հարցին, թե կարո՞ղ է լինել այլ ճանապարհ, որը կփոխարինի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» Իրանի տարածքով, ապա այստեղ, իհարկե, կա ավտոմոբիլային ճանապարհ, որն Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ։ Խոսքն այստեղ վերաբերում է նրան, թե արդյոք այդքան ներդրումներ կանե՞ն, որպեսզի կառուցվի նոր երկաթուղային ճանապարհ. սա բարդ խնդիր է և կապված է ներդրումների հետ։ Արդյո՞ք Թուրքիան ու Իրանը կգնան այս քայլին։ Կարծում եմ՝ Թուրքիան սկզբունքորեն ստրատեգիական առումով չի ցանկանա, որ այդ ճանապարհը, որն Ադրբեջանը պետք է կապի Թուրքիայի հետ, հետո Կասպից ծովի միջոցով՝ Կենտրոնական Ասիայի հետ, և նույնիսկ ծրագրեր կան, որ այդ ճանապարհն անցնի ու հասնի Չինաստան, Չինաստանը կապի Թուրքիայի, Եվրոպայի հետ և այլն, անցնի Իրանի վրայով։
Իրանը հանդես է գալիս՝ որպես Թուրքիայի մրցակից Մերձավոր Արևելքում, ուստի չեմ կարծում, թե Թուրքիան կցանկանա կախվածության մեջ լինել Իրանից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Այս համատեքստում նա նաև ընդգծեց, որ Իրանին ավելի ձեռնտու է, որ այդպես լինի, եթե շինարարությունն իրականացնելու համար միջոցներ գտնվեն։
Այս հարցում կա նաև Միացյալ Նահանգների գործոնը։ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ Միացյալ Նահանգները չի ցանկանում, որպեսզի երկաթգծային ճանապարհը, որը կարող է մաս կազմել Պեկին-Լոնդոն մեծ նախագծին, այսպես կոչված, միջին միջանցքի մաս դառնա՝ անցնի Իրանով։
«Ամերիկացիները, Օ՛Բրայենը հայտարարել են, որ իրենք շահագրգռված են, որ այդ ճանապարհն անցնի Մեղրիով, այս հայտարարությունները մենք հիշում ենք։ Նրանք չեն ցանկանում, որ ճանապարհն անցնի Իրանով, որպեսզի Իրանը որևէ հսկողություն դրա նկատմամբ չունենա։
Իրանի ու Թուրքիայի պաշտոնյաների հանդիպումը, կարծում եմ, որևէ էական արդյունք չի տալու»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նա նաև շեշտեց, որ դժվար թե այս հանդիպմանը երկու երկրների միջև քննարկում ծավալվի Սիրիայի շուրջ, քանի որ, եթե անհրաժեշտություն լինի, նրանք կարող են հանդիպել հատուկ այդ հարցով։
«Այո, Սիրիայում Իրանը պարտություն կրեց, սա փաստ է։ Բայց Իրանում ժամանակ առ ժամանակ ձայներ են լսվում, որ մենք կվերադառնանք Սիրիա և այլն։ Տեսնենք՝ արդյոք Թուրքիան, որն իր առջև խնդիր էր դրել՝ Սիրիայում դառնալ հիմնական դերակատարը, կկարողանա՞։ Սիրիայում Թուրքիայի հաջողություններն «ակնհայտ» են, որովհետև Թուրքիան կարծես թե հասավ նրան, ինչ ծրագրել էր, նա կարողացավ ազդեցություն ունենալ բոլոր գործընթացների վրա։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, թե արդյո՞ք Թուրքիան կկարողանա այդ բեռի «տակից դուրս գալ», որը վերցրեց իր վրա։ Սիրիայի նման երկիրը բացառիկ է արաբական երկրների մեջ, չմոռանանք, որ այդ տարածքը մարդկային հնագույն քաղաքակրթությունների բնօրրան է։ Այնտեղ ապրող շատ էթնիկական խմբեր իրենց սկիզբը տանում են դեպի հազարամյակներ։ Հետևաբար, շատ դժվար է այնտեղ իրականացնել իշխանության «տրանզիտի» գործընթացներ և կարողանալ այդ գործընթացները կառավարելի պահել։ Ինքս կասկածում եմ, որ դա շատ դժվար կլինի Թուրքիայի համար։
Ընդհանուր գնահատական տալով՝ կարող ենք ասել, որ Թուրքիան Սիրիայում ոչ միայն հասավ իր նպատակներին, այլև ըստ էության Մերձավոր Արևելքում հիմք է դնում իր նոր դիրքի համար՝ որպես այնտեղ առաջատար պետություններից մեկը, բայց տեսնենք՝ կկարողանա՞ «տակից դուրս գալ»»,- ամփոփելով խոսքը՝ նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։