Իրանը հայտարարել է Թուրքիայի հետ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների մասին
Իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա երկու երկրների միջև առկա լարվածությունը քննարկելու համար, ինչը պայմանավորված է իրանական բեռնատարների կողմից Թուրքիայում հավելյալ մաքսատուրք վճարելու և թուրքական բեռնատարներին իրանական բենզին չվաճառելու հետ։ Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իսմայիլ Բաղային։
Իրանցի դիվանագետին լրագրողներից մեկը հարց է տվել այս խնդրի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ դրա հնարավոր կապի մասին։ Բաղային նշել է, որ բեռնատարների հետ կապված հարցը ոչ թե քաղաքական է, այլ, ավելի շուտ, տեխնիկական: «Հնարավոր է, որ մոտ ժամանակներս մեր պատվիրակությունը համապատասխան կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ այցելի Թուրքիա՝ այդ հարցը մանրամասն քննարկելու համար: Հուսով ենք, որ հարցը կլուծվի առաջիկայում»,- ընդգծել է նա։
Խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին, Բաղային ասել է. «Իրանն անփոփոխ դիրքորոշում ունի։ Իրանը ողջունում է տրանսպորտային ոլորտում համագործակցության ընդլայնումը, սակայն մենք ընդգծում ենք, որ երկրների ինքնիշխան իրավունքները պետք է հարգվեն»։
Դեռ երկու տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցով խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ՝ Իրանի։ «Այլ կերպ ասած՝ երկու մուսուլմանական երկրների խնդիր։ Այն փաստը, որ Իրանը այդ հարցով այդպիսի դիրքորոշում ունի, վրդովեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ»,- ասել էր Էրդողանը։
Այդուհանդերձ, 2023 թվականի հոկտեմբերից Բաքուն տարբեր մակարդակներով սկսեց հայտարարել, որ այլևս հետաքրքրված չէ Հայաստանի տարածքով միջանցքի բացման նախագծով ու պլանավորում է այդ նախագիծն իրականացնել Իրանի տարածքով։ «Այդ երթուղին մեզ համար կորցրել է իր գրավչությունը։ Նախագիծը մենք կարող ենք իրականացնել Իրանի հետ»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել էր, թե Բաքուն պլաններ չունի ռազմական ճանապարհով գրավելու Սյունիքի մարզը։ «Մեր օրակարգը միայն երկկողմ փոխգործակցության շրջանակներում տրանսպորտային կապերի կառուցումն է։ Այս հարցը դեռ քննարկման փուլում է, բայց հայկական կողմից պահանջվելու է ցույց տալ, որ իրենք իսկապես շահագրգռված են դրանում»,- հայտարարել էր Հաջիևը։
Լրացում։ Նյութում ի սկզբանե նշվել էր, որ իրանական պատվիրակությունը Թուրքիա կայցելի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման քննարկելու համար, սակայն հիմնվելով ճեպազրույցի բուն ձայնագրության վրա, նյութում արվել են համապատասխան փոփոխություններ։
Նյութը հրապարակման է պատրաստել Hetq.am-ը։