Եվրոպական գներ՝ ԵԱՏՄ-ական Հայաստանում

Վերջին տարիներին, քաղաքական իշխանության նախաձեռնությամբ, բազմաթիվ ոլորտներում այնքան հարկեր ու տուրքեր են ավելացրել, այնքան նոր ֆինանսական բեռ են դրել բիզնեսի վրա, որ գների մակարդակով Հայաստանը հայտնվել է աշխարհի առաջատարների շարքում։ Աշխատավարձերն ու թոշակները եվրոպական երկրներից անգամներով ցածր են, իսկ գները չեն զիջում եվրոպականին։

Եվ սա արել են մարդիկ, ովքեր մեղադրում էին նախկիններին գնաճի ու թանկացումների համար, ովքեր եկել էին իշխանության՝ ժողովրդին թանկացումներից «փրկելու» ու քաղաքացիների կյանքը բարելավելու հուսադրումներով։

Բարելավվելու փոխարեն՝ կյանքի ու ապրելու պայմանները Հայաստանում գնալով ավելի անտանելի են դառնում։ Ապրելը պակաս թանկ էր, ավելի է թանկանում։ Գրեթե չկան սոցիալական աջակցության ծրագրեր։ Եղածն էլ կրճատում են։

Ամեն ինչ անում են՝ դատարկելու մարդկանց կիսադատարկ գրպանները։

Կարդացեք նաև

Համատարած թանկացումներն ու ծախսերի անընդհատ ավելացումները մեծացրել են սոցիալական լարվածությունը։ Իշխանությունների իրականացրած հարկային ու բևեռացման խորացմանն ուղղված սոցիալական քաղաքականությունը բերել է նրան, որ շատերն ավելի վատ են ապրում, քան ապրում էին նախկինում։ Նրանց եկամուտները չեն ավելանում, բայց ծախսերը չեն դադարում աճել։

Վերջին տարիներին Հայաստանը հայտնվել է թանկացումների այնպիսի բարձր տիրույթում, որտեղ գներն անհամեմատ բարձր են, քան տարածաշրջանի ու ԵԱՏՄ այլ երկրներում։ Եվ սա այն պարագայում, երբ դրամի գրեթե 25 տոկոսանոց էժանացման պայմաններում՝ հակառակը պիտի լիներ։

ԵԱՏՄ երկրներից պաշտոնապես ամենացածր գնաճը Հայաստանում է։ Բայց Հայաստանում գները շատ ավելի բարձր են, քան ԵԱՏՄ մյուս երկրներում։

2024թ. վերջին ամիսների տվյալներով, Հայաստանում գնաճի տեմպը 3,9 անգամ ցածր էր, քան Բելառուսում, 4,1 անգամ ցածր, քան Ղրղըզստանում, 6 անգամ ցածր, քան Ղազախստանում, 6,3 անգամ ցածր, քան Ռուսաստանում։

Հայաստանում գնաճը 1,4 տոկոս էր, Բելառուսում՝ 5,5 տոկոս, Ղրղըզստանում՝ 5,7 տոկոս,  Ղազախստանում՝ 8,4 տոկոս, իսկ Ռուսաստանում՝ 8,9 տոկոս։

Եվ սա առաջին տարին չէր, որ Հայաստանում պաշտոնապես գնաճ գրեթե չկա։

Թվում է, թե այդ պայմաններում, Հայաստանում գները պետք է անհամեմատ ավելի ցածր լինեին, քան ԵԱՏՄ մյուս երկրներում։ Բայց այդպես չէ։

Թանկությամբ Հայաստանն առաջատարներից մեկն է ԵԱՏՄ-ում, եթե ոչ՝ առաջատարը։ Բազմաթիվ ապրանքների, այն էլ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն անհամեմատ ավելի բարձր են, քան ԵԱՏՄ այլ երկրներում։ Հայաստանում խոզի միսն անգամներով ավելի թանկ է, քան Ռուսաստանում ու Բելառուսում, Ղազախստանում ու անգամ Ղրղըզստանում։ Նույնը՝ նաև թռչնի միսը, ձուն, բազմաթիվ այլ ապրանքներ։

Ցորենը, որի գինն ուղիղ կապ ունի հացամթերքների գների հետ, Հայաստանում կրկին անգամներով ավելի բարձր է, քան ԵԱՏՄ մյուս երկրներում։

Ու այսքանից հետո, Հայաստանում ամենացածր գնաճն է։ Գնաճը ցածր է, իսկ գները բարձր են։

Այս աննորմալ երևույթին այդպես էլ որևէ բացատրություն չի տրվում։ Վարչախումբը գլուխ է գովում, թե Հայաստանում գնաճ չկա կամ շատ  ցածր է, իսկ որ թանկությամբ հասել ենք եվրոպական երկրներին՝ ոչ մի խոսք։

Դեռ ավելին՝ ցինիկաբար հայտարարում են, թե մարդիկ տարին տարվա վրա ավելի լավ են ապրում, որովհետև աշխատավարձերն ավելի արագ են աճում, քան գնաճն է։ Ոչինչ, որ պաշտոնապես արձանագրվող գնաճն ու աշխատավարձերի աճը ոչ մի ընդհանրություն չունեն հասարակության մեծ մասի սոցիալական վիճակի հետ։

Ցածր գնաճի պայմաններում վերջին տարիներին Հայաստանում ամեն ինչ այնքան է թանկացել, որ անգամ աշխատավարձերի աճ ունեցողների պարագայում դա թույլ չի տալիս ծածկել այդ թանկացումների ազդեցությունը։

Ստացվում է, որ վիճակագրորեն մարդկանց կյանքը բարելավվում է, իսկ իրականում նրանք ավելի վատ են ապրում։ Ստիպված են ավելի շատ ծախսել, կամ, հնարավորություն չունենալու պարագայում՝ կրճատել ծախսերն ու ավելի վատ ապրել։

Հասարակության մեծ մասը հենց երկրորդ կատեգորիայի մեջ է մտնում։ Նրանց եկամուտներն այնքան չեն աճում, որքան ծախսերն են ավելանում։

Շատերի պարագայում էլ եկամուտներն ընդհանրապես չեն աճում։ Փոխարենը՝ ծախսերն են ավելանում։ Գնաճի ազդեցությունն այս մարդկանց վրա էլ ավելի մեծ է։ Հատկապես որ, այդ ազդեցությունն ամենևին էլ չի սահմանափակվում պաշտոնապես արձանագրվող ցածր գնաճով։ Հայտնի է, թե թանկացումները հատկապես որ ոլորտներում են ու որ ապրանքների պարագայում։

Նախորդ տարիներից եկած համատարած թանկացումները քիչ էին, առաջիկայում էլ ավելի մեծ թանկացումներ են սպասվում։ Հարկային բեռի ծանրացումներն ու ֆինանսական ճնշումները, որոնց տակ այս տարի հայտնվելու են քաղաքացիներն ու բիզնեսը՝ իրականացված օրենսդրական փոփոխությունների ու տարբեր վարչական որոշումների հետևանքով, ավելի է մեծացնում սպառողների ֆինանսական բեռը։ Շատ-շատերի եկամուտների ավելացում չի ակնկալվում, իսկ ծախսերը շարունակելու են աճել։

Ոչ միայն աշխատանք չունեցող, այլև աշխատող աղքատներն են ավելանալու։

Եղած բարձր գների, համատարած ու սպասվող թանկացումների պայմաններում իշխանությունները չբարեհաճեցին գոնե նվազագույն աշխատավարձ բարձրացնել, որ այս մարդիկ ավելի չաղքատանային։ Աշխատող-չաշխատող մի հաշիվ է՝ և՛ աշխատողներն են աղքատանում, և՛ չաշխատողները։

Եթե մինչև վերջերս աշխատողների որոշ խմբերի հաշվին միջին աշխատավարձն իներցիայով աճում էր, այս տարի դա էլ կդադարի։ Փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ հարկային ճնշման մեծացման հետևանքով՝ մարդիկ կկանգնեն նաև աշխատանքը կորցնելու վտանգի առջև՝ զրկվելով անգամ այն չնչին եկամուտներից, որոնցով մի կերպ գոյություն էին պահպանում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս