Թրամփի նախագահությունը կարող է ազդել Հարավային Կովկասի ու ՀՀ արտաքին քաղաքականության վրա․ վերլուծաբան

«2024-ն ակտիվ պատերազմական տարի էր, սակայն 2025-ը կարծես այլ զարգացումներով է հարուստ լինելու»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով իր սպասելիքներին 2025 թվականի քաղաքական, աշխարհաքաղաքական զարգացումներից։

Նրա խոսքով, աշխարհաքաղաքական առումով ոչ միայն Ռուսաստանի համար 2024 թվականը բարդ տարի էր, լի մի շարք ռեգիոններում լարված զարգացումներով, բախումներով ու պատերազմի բռնկումներով։ Սակայն, վերլուծաբանը գտնում է, որ 2025-ը ևս բուռն տարի է լինելու, սակայն պատերազմի գործոնը մի փոքր պակասելու է, հաշվի առնելով ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխության սպասումն ու նոր վարչակազմի դիրքորոշումները։

«Գլխավորը, ինչ հայտարարել է Թրամփը, դա խաղաղության հաստատումն է Ուկրաինայում։ Բոլորի սպասումն այն է, թե գործնականում ինչ գործողությունների է դիմելու Թրամփը և խաղաղություն ասելով՝ ինչ է պատկերացնում, քանի որ դրա վերաբերյալ իրենց ուրույն ու կարծր կարծիքն ունեն Ռուսաստանում, ինչպես նաև Ուկրաինայում։ Սակայն Թրամփի վարչակազմը չի «սնելու», չի նպաստելու պատերազմի շարունակությանը, ակտիվ ջանքեր է ներդնելու բանակցությունները հաջողելու նպատակով»,- ասաց Խրամչիխինը։

Ըստ նրա, մյուս հետաքրքիր ուղղությունն ԱՄՆ-ի համար Իրանն է, և պետք է տեսնել, թե ինչ կանի ԱՄՆ նոր վարչակազմն Իրանի դեպքում, քանի որ, ի տարբերություն Բայդենի, Թրամփն ունի ավելի կոշտ դիրքավորում Իրանի նկատմամբ։

Կարդացեք նաև

«Տարեվերջին արդեն իսկ բազմաթիվ անուղղակի սպառնալիքներ հնչեցին Իրանի ուղղությամբ, այսինքն՝ սա արտաքին այն ուղղությունն է, որտեղ Թրամփը կարող է որոշակի ակտիվություն ցուցաբերել և ճնշումներ բանեցնել։ Մյուս բոլոր ռեգիոններում, կարծում եմ, Թրամփի վարչակազմն ավելի թեթև քաղաքականություն է վարելու, չի միջամտելու ամեն զարգացման, կենտրոնանալով, թերևս, մի քանի կարևոր հարցի վրա։

Սա իմ կարծիքն է, սակայն նաև չի բացառվում, որ անակնկալներ լինեն, քանի որ մի բան է՝ նախընտրական փուլում հայտարարություններ անել, մեկ այլ բան՝ ստանձնել իշխանությունը և կոնկրետ պատկերի դեմ առնել, որը նոր է Թրամփի նախագահության համար։ Իր նախագահության նախորդ շրջանում Թրամփը նման աշխարհաքաղաքական մարտահրավերների չի առերեսվել, ուստի այս իրավիճակն աննախադեպ է ու բարդ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նա ենթարկվելու է ճնշումների Արևմուտքի, մասնավորապես՝ ԵՄ-ի կողմից, որպեսզի ՌԴ-ի հանդեպ կոշտ քաղաքականություն վարի»,- ասաց Խրամչիխինը։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա փորձագետը կարծում է, որ ԱՄՆ քաղաքականության շրջանակում փոփոխությունները գուցե փոփոխություններ բերեն նաև ռեգիոն և ինչ-որ առումով փոփոխեն նաև ՀՀ արտաքին քաղաքականությունը։ «ՀՀ իշխանությունների համար բարդ է լինելու իրացնել արևմտյան հավակնություններն Արևմուտքում՝ ունենալով այդ ամենում պակաս հետաքրքրված իշխանություն։ Սա իրենից նոր իրավիճակ է ենթադրում, որն ազդում է թե ԱՄՆ-ի, Արևմուտքի հետ երկկողմ հարաբերությունների, թե նաև Ադրբեջանի հետ բանակցությունների վրա։

Ըստ իս, բանակցությունները բարդ են լինելու՝ նույնիսկ անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից։

Անընդհատ կողմերը բանակցում են, ապա բախվում բարդ հարցերի, ու այս իրավիճակը չի մոտենում իր ավարտին, քանի որ, ինչպես պնդում եմ վերջին տարիներին, Ադրբեջանը հանդես է գալիս ուժի դիրքերից, հաղթանակն Ադրբեջանը ձեռք է բերել ուժի գործադրմամբ, և դա դեռ լուրջ գործոն է, որն ակտիվ օգտագործվում է։ Իսկ Երևանը միայն խաղաղության մասին հայտարարություններ է անում՝ վարելով իրավիճակին չհամապատասխանող արտաքին քաղաքականություն, որից էլ բխում են շատ խնդիրներ։ Պետք է հուսալ, որ մարտահրավերները չեն շատանա, այլ կպակասեն»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս