Շարքային տխուր տարի էր 2024 թվականը, ինչպես վերջին 7 տարիները. Վստահ եմ՝ 2025 թվականին ազգը թմբիրից դուրս է գալու. Մերուժան Տեր-Գուլանյան

Գրող, հրապարակախոս, Երևանի պատվավոր քաղաքացի Մերուժան Տեր-Գուլանյանի համար 2024 թվականը նշանակալից էր միայն «Սրբազան» շարժմամբ, դրանից զատ՝ որևէ լավ բան տեղի չի ունեցել։ Իսկ մշակութային կյանքում ուրախացել է երիտասարդ գրողների գրքերի հրատարակությամբ, նրանց համար անկեղծորեն ուրախացել է։

«Գրքեր հրատարակվեցին, որոնք ինձ ուրախացրեցին՝ Մարինե Պետրոսյանի, Արամ Ավետիսի, Նարեկ Կիրակոսյանի գրքերը։ Աշոտ Ալեքսանյանի գիրքը Չարենցի մասին, որը շատ հետաքրքիր էր։ Սրանք բաներ են, որոնք ինձ ուրախացրել են։

Մնացած բոլոր առումներով շարքային տխուր տարի էր 2024 թվականը, վերջին 7 տարիներն առհասարակ Հայաստանի համար վատ տարիներ են, սա էլ այդ հերթական վատ տարիներից մեկն էր։

Ամեն պատահական մարդու, որը քաղաքականության մեջ է, կամ հայտնվել է ԱԺ-ում, լուսանկարները տարբեր թերթերում ներկայացնում են, բայց կան մարդիկ, որոնք ավելի հետաքրքիր ու օգտակար բան են անում՝ այդ մարդկանց անունները որևէ տեղ չկան։

Կարդացեք նաև

Այսօր մենք ապրում ենք այնպիսի օրերում, երբ հոգևոր կյանքը մղվել է երկրորդ պլան և այդ հոգևոր կյանքի մեջ Մովսես Խորենացի են փորձում մեկնաբանել ծիծաղելի ձևով։ Տեսնում ենք, որ Խորենացի մեկնաբանողները Խորենացի չեն կարդացել, կրթությանը չի կարելի այդպես հեշտությամբ ձեռք տալ։ Ի՞նչ է նշանակում՝ «մոդայիկ կրթություն», դա ռաբիս երաժշտությո՞ւն է, որ 1-2 տարի մոդայիկ լինի ու անցնի։ Մոցարտը, Կոմիտասը երբևէ մոդայիկ եղե՞լ են, նրանք միշտ եղել են, շարունակ են, ի՞նչ է նշանակում՝ մոդայիկ։ Սրանք բաներ են, որոնք ինձ վրա վատ նստվածք են թողել։

Կրկնում եմ՝ լավ բան չեմ հիշում, որ տեղի է ունեցել 2024 թվականին»,- 168.amի հետ զրույցում նշեց Մերուժան Տեր-Գուլանյանը՝ ամփոփելով 2024 թվականը։

Ինչ վերաբերում է 2025 թվականից ունեցած սպասելիքներին, Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց, որ վստահ է՝ հայ ազգը վերջապես ազատվելու է թմբիրից ու տեր կանգնի իր հայրենիքին ու ճակատագրին։

«Հաջորդ տարին նաև այսպես եմ պատկերացնում, որ Սրբազանը կանգնած կլինի Հանրապետության հրապարակում ու նրա կողքին խելացի մարդիկ կլինեն՝ Արման Թաթոյանը, Արթուր Վանեցյանը, Աբրահամ Գասպարյանը և մյուս բոլոր խելացի մարդիկ։ Սա է ճանապարհը՝ այդ թմբիրից մեզ դուրս բերելու։ Շնորհավորում եմ մեր ժողովրդի Ամանորը, թող ամուր լինեն, վստահ մտածեն, որ՝ բավ է, ժամանակն է դուրս գալ թմբրից ու տեր կանգնել սեփական հայրենիքի ճակատագրին, որպեսզի չդառնան ծաղրի առարկա, ինչի մեջ ենք այս տարիների ընթացքում»,- եզրափակեց Մերուժան Տեր-Գուլանյանը։

Տեսանյութեր

Լրահոս