«Բանավիճո՞ղ ես, Աշոտյանը 4 տարի է՝ հրավիրում է, Վարդան Օսկանյանն է հրավիրում, դե բանավիճի՛ր». Հայկ Մամիջանյան

«Փաշինյանն էլ, Ալեն Սիմոնյանն էլ ասել են, որ չեն բացառում բավարարել Ադրբեջանի պահանջը և հանդես գալ համատեղ նախաձեռնությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ կապված»,- տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով 168.am հարցերին՝ նախ՝ նախկին 3 նախագահներին բանավեճի հրավիրելու՝ Նիկոլ Փաշինյանի գրառումների, ապա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, թե հնարավո՞ր է, որ Փաշինյանն էլ միանա Ալիևին ու լուծարեն Մինսկի խումբը։

Խոսքն ուղղելով հանրությանը, Հայկ Մամիջանյանը տեղեկացրեց՝ ԵԱՀԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով՝ կապ չունի ոչ պետության չափը, ոչ ռազմական պոտենցիալը, բոլորը պետք է համաձայն լինեն։ Հետևաբար, առանց Հայաստանի՝ Մինսկի խումբը հնարավոր չէ լուծարել։

«Հիմա Ադրբեջանը ոչ թե պահանջում է, որ երբ ինքը ներկայացնի Մինսկի խմբի լուծարման առաջարկը, Հայաստանը դրան դեմ չլինի, այլ պահանջում է, որ Հայաստանը դրա համանախաձեռնողը լինի։ Փաշինյանենք դրա հետ կարծես թե «օքեյ» են։

Այն ամենը, ինչ արել է Փաշինյանը՝ Արցախ հանձնել, ՀՀ բանակցային դիրքերը ոչնչացնել, մեր անվտանգային երաշխիքները ոչնչացնել և այլն, դրանից հետո նորմալ մարդը պետք է ամոթից գետինը մտներ։ Լավ, առնվազն գոնե լռեր, ու երբ իրեն ասում են՝ դու դավաճան ես, կապիտուլյանտ ու հողատու, գլուխը կախեր, ամաչելով մի կողմ նայեր։ Բայց դրա փոխարեն՝ ինքն անցնում է հակահարձակման, ասում է՝ «դա վաղուց հանձնած էր»»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Կարդացեք նաև

Շարունակելով միտքը, նա ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը հաստատ գիտեր, որ նախկին 3 նախագահներն իր հետ չեն բանավիճելու, և նախագահների կամ նրանց տարածած գրասենյակների հայտարարությունների մեջ նշված են բոլոր պատճառները, որոնց համաձայն՝ Փաշինյանի հետ բանավիճելու որևէ պատճառ չկա։

«Բանավիճող էիր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 4 տարի է՝ բանավեճի հրավեր է անում՝ Արցախյան հակամարտության հետ կապված։ Վերջերս Վարդան Օսկանյանն է բանավեճի հրավեր արել։ Քո նպատակն է, որ ժողովուրդն իմանա, չէ՞, ի՞նչ տարբերություն՝ ում հետ ես բանավիճում, վեր կաց, բանավիճիր։

Ժողովուրդ ջան, այս բանավեճի պատմությունը՝ հավաքվել են ՊՈԱԿ-ով ու այլնով ու գծել են այս ամենը, գծել են Փաշինյանի ստատուսները, գծել ու ուղարկել են բոլոր երեսփոխանների ստատուսները, որոնք հոխորտալով խոսում են նախագահների մասին՝ Արթուր Հովհաննիսյանից մինչև Արեն Մկրտչյան, էն փափուկ խաղալիքի շորերով ելույթ ունեցող տղան։ Այդ ամենը գծված սցենար է, ընդ որում, դրան հաջորդ արար էլ կա։ Ես կանխատեսում եմ, կներես, պարոն Փաշինյան, եթե հաջորդ փարթիդ փչացնում եմ, որ հես ա մի թուղթ է գտնելու, օրինակ, Սլովակիայի որևէ վերլուծական կենտրոնի մշակած փաստաթուղթ, ասելու է՝ տեսեք, այստեղ գրված է, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում։ Սա տևական շոու է, մի քանի ամիս գնացող»,- հավելեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս