«Բաքվում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ վատ վերաբերմունք են ցուցաբերում». Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ այս պահին Բաքվում 16 գերի ու պատանդ կա, որոնք դեռևս չեն դատապարտվել, նրանց մեջ են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։
«Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասով հատուկ հայտարարություն է եղել և «հատուկ ուշադրություն» կա Ադրբեջանի իշխանությունների կողմից, նաև տարբեր միջազգային կառույցների կողմից կա հատուկ ուշադրություն։ Հետևաբար՝ այս տեսանկյունից Ադրբեջանի իշխանություները «հատուկ վերաբերմունք» են ցուցաբերում՝ վատ առումով, Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ Իհարկե, այդ վերաբերմունքը կա բոլոր ղեկավարների հանդեպ, բայց Ռուբեն Վարդանյանի հանդեպ՝ առավել ևս։ Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա ընտանիքը և միջազգային իրավաբանական թիմն ավելի հանրայնորեն ու ագրեսիվ են պայքարում այդ քրեական գործի դեմ»,- «Ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին Բաքվում» թեմայով ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Արտակ Բեգլարյանը։
Նա շեշտեց՝ Բաքվում հայ գերիների ու պատանդների նկատմամբ հարուցված բոլոր քրեական գործերը կարված են, հաշվի առնելով նաև այն, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ ի սկզբանե ինչ մեղադրանքներ էին ներկայացնում, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի, որոնք հիմնականում ներառում էին «ահաբեկչության կազմակերպում, ֆինանսավորում» և այլն։
«Արցախի ժողովրդի պայքարը որևէ կերպ հնարավոր չէ տեղավորել ահաբեկչության մեջ, դա եղել է ինքնապաշտպանություն։ Նույն ռազմական պայքարը՝ կրկին ինքնապաշտպանության կոնտեքստում, մեր քաղաքական իրավունքների, հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության համար է եղել։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ եղել է այս քաղաքական պայքարի դեմքերից։ Իրենք այնտեղ են, որովհետև ղեկավարել ու առաջնորդել են մեր քաղաքական պայքարը 90-ականներից ի վեր»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում