Իսրայելի իշխանությունները հաստատել են իրենց մասնակցությունը Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի ոչնչացմանը
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը դեկտեմբերի 23-ին հաստատել է, որ Իրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի վերացման հետևում կանգնած են իսրայելցի զինվորականները: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:
«Մենք հարված կհասցնենք հութիների ռազմավարական օբյեկտներին և կգլխատենք նրանց առաջնորդներին: Ինչպես մենք վարվեցինք Հանիյեի, Սինվարի և Նասրալահի հետ Թեհրանում, Գազայում և Լիբանանում, նույնը կանենք հութիների առաջնորդների հետ Հոդեյդայում և Սանայում», – Կացի խոսքերն է մեջբերում հրատարակությունը:
«Այժմ, երբ հութիների ահաբեկչական կազմակերպությունը հրթիռներով գնդակոծում է Իսրայելը, ես ցանկանում եմ նրանց հստակ ուղերձ փոխանցել. մենք հաղթեցինք ՀԱՄԱՍ-ին և «Հեզբոլլահ»-ին, մենք կաթվածահար արեցինք Իրանի պաշտպանական համակարգերը և վնաս հասցրեցինք նրա հրթիռների արտադրության համակարգերին:
Մենք տապալեցինք Ասադի ռեժիմը Սիրիայում, ծանր հարվածներ հասցրեցինք «չարի առանցքին» և մենք լուրջ հարված կհասցնենք Եմենում հութիների ահաբեկչական կազմակերպությանը», – ընդգծել է նա։
Հանիյեն սպանվել է Թեհրանում հուլիսի վերջին։ Իրանը սպանության մեջ մեղադրել է Իսրայելին։ Իսրայելական կողմն ավելի վաղ ո՛չ հաստատել, ո՛չ հերքել էր իր մասնակցությունը գրոհին:
Իսրայելցի զինվորականները հետագայում Գազայի հատվածում վերացրեցին Հանիյեին փոխարինող Յահյա Սինվարին:
Սեպտեմբերի վերջին Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարված հասցրեցին Բեյրութի հարավային արվարձաններին, որտեղ գտնվում է «Հեզբոլլահ»-ի կենտրոնակայանը։ Այս հարվածի հետևանքով սպանվեց շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալահը։