Փաշինյանը պարզապես փորձում է բանակցային ձախողումների պատասխանատվությունը չստանձնել․ Տարասով

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է գրագրությամբ զբաղվել։ Ընդհանուր առմամբ անկարևոր, ծիծաղելի, երկրի ղեկավարին ոչ բնորոշ հաճախակի ու անիմաստ, անկարևոր գրառումների արանքում անում է նաև կարևոր հրապարակումներ՝ նպատակ ունենալով հստակ աշխատանք տանել իր լսարանի քաղաքական մտքի հետ։

Ռեալիթի շոուի տրամաբանությամբ զարգացվող ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախյան հիմնահարցի բանակցություններին՝ սկսած 1994 թվականից, կիսվելով իր անձնական գնահատականներով։ Նպատակը, ինչպես գրեթե բոլոր հարցերում՝ պատասխանատվությունը նախկին իշխանությունների ուղղությամբ գլորելն է։

Նա մասնավորապես գրել է, որ 1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»:

«Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:

Կարդացեք նաև

Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) և հետևաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»,- ասված էր Փաշինյանի մեծ աղմուկ բարձրացրած գրառման մեջ:

Փաշինյանը, ով եղավ ՀՀ միակ ղեկավարը, որը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Արցախի հետ միասին, իր պաշտոնավարման հենց սկզբից խոսեց այն մասին, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի, Ադրբեջանի ժողովրդի համար, ներկայումս Արցախի, հայ ժողովրդի հետ պատահած մեծ ողբերգության պատասխանատվությունն իրեն բնորոշ ոճով փորձում է բարդել ՀՀ նախկին բոլոր իշխանությունների՝ ղեկավարների, ԱԳ նախարարների, դիվանագետների ու բանակցողների վրա։

Բացի այդ, ստացվում է, որ երեք գերտերություն՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը, կազմելով ԵԱՀԿ ՄԽ հարթակը, միայն Արցախը վերադարձնելու հարցո՞վ են բանակցություններ վարել։ Ո՞ւր մնացին միջնորդների բազմաթիվ առաջարկները, փաթեթները, սկզբունքները՝ առաջարկված թե ռուս, թե ամերիկացի համանախագահների կողմից, որոնցից որևէ մեկում կողմերին չէր առաջարկվում Արցախի հետ անել այն, ինչ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում՝ 44-օրյա պատերազմի հետևանքով կորսվեցին Արցախի տարածքների մեծ մասը, ապա հետագա տարիների ընթացքում և մասնավորապես 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Արցախը վերջնականապես հայաթափվեց, և Ադրբեջանը ստացավ հայաթափված, դատարկված տարածք։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով բանակցային գործընթացի պատմությանը կամ դրա այն մասին, որը հասանելի է եղել հանրության և փորձագիտական համայնքի լայն շերտերի համար, ասաց, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ նման ընկալում թերևս ունի միայն գրառման հեղինակը։

Նա նշեց, որ տասնամյակներ շարունակ կողմերը վարել են ծանր բանակցություններ միջնորդների մասնակցությամբ, դրանք ունեցել են, բնականաբար, գաղտնիության բաղադրիչ, սակայն ընդհանուր առմամբ հայտնի է եղել, թե մոտավորապես ինչպիսի փոխզիջումային տարբերակներ են քննարկում կողմերը միջնորդների ներկայությամբ այս կամ այն փուլում։

Տարասովը շեշտեց՝ դժվար է հիշել միջնորդների, բանակցողների կողմից որևէ արձանագրում, որ բանակցությունը եղել է միմիայն հանձնելու շուրջ, նման վերլուծություններ չեն արվել երբեք, քանի որ նման հիմքեր էլ չեն եղել, այդ թվում նկատելի է եղել, որ բանակցությունները նույնքան բարդ են տրվում նաև Ադրբեջանին։

«Հիմնականում քննարկվել են փոխզիջումային տարբերակներ»,- նկատեց նա։

Վերլուծաբանի խոսքով՝ այս գործելաոճը միտված է պատասխանատվությունը բաշխելուն, այլոց վրա գցելուն, քանի որ կորուստը չափազանց մեծ է, հետևաբար՝ դրա քաղաքական պատասխանատվությունը ևս շատ մեծ է։

«Ուստի այդ պատասխանատվությունից պետք է ամեն կերպ ազատվել՝ տարբեր կերպ ներկայացնելով բանակցությունների պատմությունը, միջնորդների գործունեությունը։ Սակայն բանակցային գործընթացին բնորոշ գաղտնիության հետ մեկտեղ՝ միջնորդները ներկայացրել են կարգավորման գործընթացի հիմքում առկա սկզբունքները, երկար տարիներ դրանք եղել են Մադրիդյան սկզբունքները։ Այո, կարելի է ենթադրել, որ ժամանակ առ ժամանակ եղել են ավելի բարենպաստ կամ ոչ այնքան բարենպաստ փաթեթներ, բայց դրանք եղել են շատ ավելի հավասարակշռված, փոխզիջումային, դրանցից որևէ մեկը չի ենթադրել զիջումներ միայն մեկ կողմից ու անընդհատ։ Հենց սա են փորձել բանակցել միջնորդները, հենց այստեղ է բանակցությունների բարդությունը, կարծում եմ՝ համապատասխան նյութերն այդ մասով շատ են, նման բարդ բանակցությունները հնարավոր է ամեն կերպ ներկայացնել, սակայն, բացի խորհրդապահությունը, կրկնեմ, շատ բան հայտնի է եղել։ Այլ հարց է, որ ամբողջական համաձայնություններ չեն եղել, բարդ ընթացքով են գնացել բանակցությունները, ինչը բնորոշ է նման հակամարտություններին»,- ասաց վերլուծաբանը։

Տարասովի խոսքով, պետք է արձանագրել, որ անընդհատ այս կամ այն իրադարձության մեջ Ռուսաստանին մեղադրելով, հենց արևմտյան հարթակում է ՀՀ իշխանությունը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ ԼՂ-ն, որին հաջորդեց նաև ռուս խաղաղապահների դուրսբերումը ռեգիոնից։

«Սա հստակ փաստ է, որը բոլորը տեսել են, ամեն ինչ հայտնի ու պարզ է, խեղաթյուրելն այս դեպքում այդքան էլ հեշտ գործ չէ։ Կան անձնական ընկալումներ, գնահատականներ ու կան փաստեր, որոնք էլ կարևոր են։ Սեփական ապակառուցողական քաղաքականության սխալները մշտապես փորձ է արվում գցել կամ քաղաքական հակառակորդների, կամ Ռուսաստանի վրա, սա վաղուց հայտնի բան է արդեն այս դեպքում։ Շատ ցավալի է, որ այսպես է, սակայն դա ունի քաղաքական նպատակ, քանի որ ընտրություններ կան առջևում»,- ասաց Տարասովը։

Տեսանյութեր

Լրահոս