«Եթե պատրաստ ես հնազանդվել Ալիևին, քո փոխարեն չեն կռվելու, փորձելու են Ալիևի հետ լեզու գտնել». Հայկ Խալաթյան
«Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն այն կարծիքին է, որ ամփոփիչ ասուլիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձեց ցույց տալ, որ Ռուսաստանը վստահ է ուկրաինական ճակատում հաղթանակի առումով:
«Պուտինը փորձեց ցույց տալ, որ պատրաստ են շարունակել պատերազմը: Իհարկե, եթե Ուկրաինան ընդունի այն պայմանները, որոնք ՌԴ բարձրագույն ղեկավարության կողմից են հնչեցվել, պատերազմը կդադարի, եթե ոչ, կշարունակվի: Նաև փորձեց բացատրել Սիրիայում տեղի ունեցածը, մեղավորությունը գցեց սիրիական բանակի վրա, որը չցանկացավ կռվել: Ամենակարևորն այն է, որ Պուտինն ուզեց ցույց տալ, որ թե՛ տնտեսության առումով է ՌԴ-ն վստահ իր վրա, թե՛ մարտի դաշտում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հարցին՝ Սիրիայում տեղի ունեցածը շատերը համարում են ՌԴ պարտությունը, բայց Պուտինը փորձում է հիմնավորել, որ դա սիրիական բանակի խնդիրն էր, իրենք չկռվեցին, հնարավո՞ր է՝ նմանատիպ սցենարի կրկնություն տեղի ունենա նաև Հարավային Կովկասում, օրինակ՝ ասենք՝ Հայաստանն էր մեղավոր, չկռվեց և չպաշտպանեց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», նա պատասխանեց. «Մենք արդեն դա տեսնում ենք: Եթե վերցնենք հայ-ռուսական հարաբերությունները, հետաքրքիր պարադոքս է: Մի կողմից՝ ՀՀ իշխանությունները դուրս են բերում ռուսներին սահմանային հենակետերից, ՀԱՊԿ-ում սառեցնում են անդամակցությունը, ցույց են տալիս, որ մտադիր չեն պահպանել համագործակցությունն անվտանգային ոլորտում, այդ պայմաններում ձեզ դրեք ռուսական կողմի տեղը. Եթե հանկարծ հարձակում եղավ Հայաստանի վրա, Մոսկվան օգնելո՞ւ է, թե՞ ասելու է՝ մեզ հետ հարաբերությունները փչացնում էիք, իբրև թե Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելու համար, դե, գնացեք՝ թող Արևմուտքն էլ օգնի: Ռուսաստանը կարծում է, որ Փաշինյանն իրեն գցել է, որոշ բաներ է խոստացել՝ ընտրություններում հաղթելու համար, հաղթելուց հետո որոշել է, որ կարող է գցել: Ցավոք սրտի, միջազգային հարաբերություններում, երբ քեզանից ուժեղների հետ գործ ունես, դա ցավոտ է տեղի ունենում, բայց ցավոտ տեղի ունեցավ ոչ թե անձամբ Փաշինյանի, այլ հայ ժողովրդի համար»:
Հայկ Խալաթյանի կարծիքով՝ բարդ խաղ է գնում. «Օրինակ՝ Սիրիայում արդեն հաշվի են նստում նոր իրողությունների հետ: Սիրիական օրինակը ցույց տվեց, որ օգնում են նրան, ով ինքն է պայքարում: Եթե սիրական բանակը հանձնվեց, մարդիկ փորձում են ընդհանուր լեզու գտնել նոր իշխանությունների հետ: Հարավային Կովկասում, եթե Հայաստանը չի փորձում դիմադրել, ապա ուզեն-չուզեն, այդ նույն խաղացողները փորձելու են ուժեղի հետ ընդհանուր լեզու գտնել, մանավանդ, եթե տեսնում են, որ Փաշինյանը պատրաստ է Ադրբեջանի ցանկացած պահանջ կատարել»:
Նա նկատեց, որ թեև Հայաստանի իշխանությունները հերքում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» իրականացման հնարավորությունը, բայց թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները նույնիսկ ժամկետներ են նշում, խոսում են ներդրումների ծավալից, այնպես, թե դա արդեն որոշված է. «Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները, ի վերջո, դրան համաձայնում են, և խնդրանքը Բաքվից և Ադրբեջանից այն է լինելու, որ անունը «Զանգեզուրի միջանցք» չլինի, բայց մնացած ամեն ինչով լինի միջանցք: Նույնիսկ, եթե Փաշինյանը հստակ ասեր՝ դա կարմիր գիծ է, մի քանի անգամ տեսել ենք, որ նույնիսկ այն կետերը, որոնք նա հռչակում է կարմիր գիծ, շատ արագ փոխվում են»:
Քաղաքական մեկնաբանի դիտարկմամբ՝ Սիրիայի իրադարձություններից պետք է դասեր քաղել, որ եթե ինքդ ամեն ինչ հանձնում ես, պետք չէ սպասել, որ որևէ մեկը գալու է և քո փոխարեն է կռվելու. «Եթե դու ցույց ես տալիս, որ պատրաստ ես հնազանդվել Ալիևին, փորձելու են Ալիևի հետ լեզու գտնել, որպեսզի իրենց շահերը տարածաշրջանում ապահովեն»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում