Փաշինյանի ռեժիմը մեր քաղաքական թիվ մեկ թշնամին է՝ իր ընտանեկան-կլանային համակարգով. Արմեն Մանվելյան

Երբ Ադրբեջանի նախագահ Ալիևը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հաստատեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, իսկ չհամաձայնեցված կետերից մեկը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի հետքաշմանը, ապա պնդեց՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում ընդդեմ Ադրբեջանի, Նիկոլ Փաշինյանն Ալիևին պատասխանեց տեքստային տարբերակով՝ հարցազրույց տալով «Արմենպրեսին»։

Ըստ Փաշինյանի՝ ԵՄ դիտորդները Հայաստան-Ադրբեջան սահմանից կարող են հեռացվել, Մինսկի խումբն էլ՝ լուծարվել միայն այն պարագայում, եթե կնքվի «Խաղաղության պայմանագիր»։

Ինչ վերաբերում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Ալիևի պահանջին, ապա, ըստ Փաշինյանի, ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, փոխարենը՝ Ադրբեջանի Սահմանադրությունը նման պահանջներ ունի Հայաստանի տարածքի նկատմամբ։

«Ադրբեջանի Հանրապետությունն Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի, Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը: Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Բայց մենք Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չենք բարձրացնում երկու պատճառով. նախ՝ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, և երկրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն արձանագրում է՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ արդարացնելու սույն պայմանագրի իրագործման ձախողումը»,- ասել է Փաշինյանը:

Կարդացեք նաև

168TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայաքվե» միավորման անդամ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանը, ի պատասխան Ալիևի հոխորտանքներին Փաշինյանի տված պատասխաններին, նշեց՝ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ մի դեպքում՝ Հայաստանը չունի աշխարհում դաշնակիցներ, շրջապատված է երկու թշնամական պետությունով, մյուս դեպքում՝ Հայաստանի ներկայիս իշխանությունն իր վարած քաղաքականությամբ դարձել է հայ ժողովրդի թշնամին։

«Գործող քաղաքական ռեժիմը մեր քաղաքական թիվ մեկ թշնամին է. հայ ժողովրդի թշնամին այս քաղաքական ռեժիմն է՝ իր ընտանեկան-կլանային համակարգով, հետո գալիս են հաջորդ թշնամիները՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Հայ ժողովրդի մի մասը չի կարողանում սա հասկանալ, չի հասկանում, որ տեղի է ունենում հայ ժողովրդի արժանապատվության նվաստացում։ Շատ անգամ լսում եմ գնահատականներ, թե ՀՀ այս իշխանությունն ապիկար է, ոչ, ապիկար չէ. պնդում եմ՝ամեն ինչ փայլուն հասկանում են»,- ասաց Արմեն Մանվելյանը։

Պատմական գիտւթյունների թեկնածուի համոզմամբ՝ ի տարբերություն հարձակողական քաղաքականություն որդեգրած ադրբեջանական իշխանությունների՝ Հայաստանի իշխանության վարքագիծը պաշտպանողական է։

«Ալիևն այս մարդու հետ Խաղաղության պայմանագիր չի ստորագրելու»,- վստահեցրեց Արմեն Մանվելյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս