«Իշխանությունների լարվածությունն ակնհայտ է. գիտեն, որ իրենց ժամանակը մոտենում է». Մետաքսե Հակոբյան
«Եթե Հայաստանում ունենայինք նորմալ իշխանություններ, որոնք գործարքի չէին գնացել Ադրբեջանի հետ, և իրականում և՛ պարտությունն էր եղել պարտություն, և՛ այդ քաղաքականությունը, որ իրենք վարել էին, ուղղակի արդյունավետ չէր եղել, այդ պարագայում իշխանությունները պետք է աղմկեն, աղաղակեին, ամբողջ միջազգային հանրությունը խառնեին իրար, որպեսզի Արցախ արցախցիների վերադարձի իրավունքի հարցը լուծեին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ ընդգծելով՝ Հայաստանի իշխանությունների այսօրվա դիրքավորումը հարմար է և՛ թշնամու, և՛ միջազգային հանրության համար:
Բաքուն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ նոր, ծավալուն մեղադրանքներ է առաջադրել, որոնցով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում։ Վարդանյանից բացի, ծանր մեղադրանքներ են առաջադրված նաև Արցախի մյուս նախկին պաշտոնյաներին:
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները եթե ինչ-որ քայլ էլ անում են Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական վերնախավի ուղղությամբ, ապա դրանք ի վնաս նրանց արված քայլեր են. «Հիշում եք՝ իր ասուլիսին ինչպիսի ատելության խոսքեր էր Փաշինյանը հնչեցնում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ: Ռուբեն Վարդանյանը սովորական մարդ էր, բոլորի հետ շփվում էր, յուրաքանչյուրը տեսնում էր՝ ինչ է անում Ռուբեն Վարդանյանը, որևէ գաղտնիք չկար իր արածի մեջ: Ռուբեն Վարդանյանը նույնիսկ պաշտոնապես է հայտարարել, որ ինքը քաղաքական գործունեությամբ չի զբաղվում Արցախում, որովհետև ինքը նաև քաղաքական մարդ չէ, ինքն ունի մեկ նպատակ՝ սոցիալ-տնտեսական վիճակը կարգավորել:
Արցախի շրջափակման ժամանակ նա անում էր անհնարին բաներ, սկսած՝ հղիներին տեղափոխելուց հիվանդանոց, ավելի ծանր վիճակում գտնվող մարդկանց սնունդ տրամադրելուց: Ի՞նչ մեղադրանք է հնարավոր հորինել մի մարդու մասին, որը շրջափակման ժամանակ նույնիսկ մաշված կոշիկներով էր շրջում, որովհետև արդեն մաշվել էին, և Արցախում արդեն կոշիկ էլ հնարավոր չէր գնել, և զբաղվում էր սոցիալական հարցերով»:
Նա նշեց, որ հիմա լավագույն ժամանակահատվածն է, որ Հայաստանի նման փոքր պետությունները դիրքավորվեն, բայց Հայաստանի իշխանություններն ըստ նրա՝ զբաղված են ներսում ալիքներ անելով. «Նրանք փորձում են ժողովրդին ցույց տալ, թե այնքան անհոգ են, որ կարող են բլոգերությամբ զբաղվել: Ինչքան ցույց տան իրենց անհոգությունը, ակնհայտ է իրենց լարվածությունը, և այն, որ իրենց ժամանակը մոտենում է: Ես անվտանգություն ասելիս՝ չեմ հասկանում միայն սահման, զինվոր, կրթությունը ևս դրա մասն է կազմում, և ի՞նչ է նշանակում՝ կրթությունը նորաձև է: Կրթությունը կենսակերպ է, անհրաժեշտություն է այնպես, ինչպես դու ուտում ես, ապրում ես, շնչում ես: Կարդում են այնպիսի գրքեր, որ մենք կարդում էինք 10-12 տարեկանում: Համարում են, որ 40-50 տարեկանում նորաձև է կարդալ այն գիրքը, որը մենք կարդում էինք 10-12 տարեկանում»:
Անդրադառնալով Փաշինյանի հրապարակած տեսանյութին, որտեղ խոսում է, որ կնոջ հետ պաշտոնապես ամուսնացած չեն, նա նկատեց. «Տպավորություն է, որ նոր քարոզչություն են անում, որ պետք չէ ամուսնանալ: Անհասկանալի է դառնում, երբ այդ կնոջը կոչում ենք առաջին տիկին, կարծում եմ, որ օրենքի խախտում է տեղի ունենում, այնպես, ինչպես, օրինակ՝ բարձրագույն կրթություն չունեցող անձը դարձավ երկրի ղեկավար»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում