Ես հավելյալ 70 հոգու քվոտա ունեմ. ռիսկի տեսանկյունից եթե նայեք, իրենց չեմ ուզում տեսնել, էդ 12 հոգուն եմ ուզում տեսնել. Դատարանն Արմեն Աշոտյանին թույլ չտվեց առցանց շփվել ՀՀԿ ԳՄ անդամների հետ

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է  Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:

Նախորդ դատական նիստին ավարտվեց վկա Անի Ռափյանի հարցաքննությունը:

Այսօրվա նիստում մեղադրանքի կողմի վկաների հարցաքննությունը շարունակվում է: Հարցաքննվում է ԵՊԲՀ առողջապահական իրավունքի խմբի վարիչ, իրավաբանական բաժնի պետ Մելիք Սողոմոնյանը: Վերջինս նկատեց՝ գործի մանրամասներին տեղյակ է զուտ այնքան, որքան հրապարակված է:

«Ես զբաղվել եմ այն հարցերով, որոնք ինձ հանձնարարել են: Այդ հարցերով իրավաբանական խորհրդատվություն եմ տվել»,- ասաց Մելիք Սողոմոնյանը:

Կարդացեք նաև

Հարցին՝ 20 տարի եղել եք ԲՈՒՀ-ի իրավաբանական բաժնի պետը, հիշո՞ւմ եք արդյոք գույքի ձեռքբերման գործարքներ, Սողոմոնյանը հիշեց մի պոլիկլինիկայի գնման մասին, շարժական ու անշարժ գույքի ձեռքբերման գործարքներին չի մասնակցել, չգիտի՝ ով է մասնակցել: Նաև չմտաբերեց, որ ռեկտորը մասնակցած լինի գույքի ձեռքբերման գործընթացին:

«Իրավաբանական բաժինն ու անձամբ ես զբաղվել ենք այն գործերով, ինչ հանձնարարվել է, գնման գործարքներին, չեմ հիշում` մենք մասնակցած լինենք, կամ ներկայացված լինեմ»,- ասաց Մելիք Սողոմոնյանը՝ հավելելով՝ կոնկրետ խնդրո առարկա գույքի ձեռքբերման հետ կապված բանակցություններին ու գործարքի կնքմանը չի մասնակցել, իրավաբանական խորհրդատվություն չի տվել:

«Լսել ենք՝ նոր գույք է ձեռք բերելու հիմնադրամը, բոլորս էլ ուրախ ենք եղել, որ համալսարանը նոր միջոցներ է ձեռք բերել: Շորժայում տնակները ջրի տակ էին անցել»,- ասաց Սողոմոնյանը՝ նշելով, որ այդ հարցով կայացած նիստի որոշումն ինքը տեսել է: Նաև նկատեց, որ չի բացառվում, որ աշխատակազմի ղեկավար Կարեն Ակոպյանին լիազորագրի տիպային ձև տված լինի:

Մելիք Սողոմոնյանի խոսքով՝ ինքը հանգստացել է Սևանի հանգստյան տանը, դրանից առաջ էլ՝ Շորժայի հին դոմիկներում: Հանրային մեղադրողի հարցին ի պատասխան էլ, թե ինչու են նոր գույք ձեռք բերել, եթե կային Շորժայի տնակները, հիշեցրեց՝ դրանք մնացել էին ջրի տակ:

Հանրային մեղադրողի հարցերն ավարտվեցին, և Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը դատարանին միջնորդեց տնային կալանքի պայմաններում Արմեն Աշոտյանին ՀՀԿ ԳՄ անդամների հետ առցանց շփման հնարավորություն տալ, քանի որ իր պաշտպանյալը հանդիսանում է  ՀՀԿ փոխնախագահը: Ապա հրապարակեց ՀՀԿ ԳՄ անդամների անունները:

Արմեն Աշոտյանը միացավ միջնորդությանը, ասաց՝ ինքը՝ որպես կուսակցության փոխնախագահ, պիտի կարողանա մասնակցել հարցերի քննարկմանը:

«Անգամ իմ կուսակցության ղեկավարի հետ ապօրինի կապ չեմ հաստատել, օրինական թույլտվություն եմ խնդրում»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Հանրային մեղադրողը, բնականաբար, առարկեց միջնորդության դեմ:

Արմեն Աշոտյանն արձագանքեց հանրային մեղադրողին:

«Այսինքն՝ 1-ը կարա մեր հարկերի հաշվին կաբինետում սուրճ խմի և լայվ անի, ես չեմ կարո՞ղ Ֆեյսբուքով լայվ մտնել ու իմ կուսակցության ղեկավար կազմի հետ շփվել: Դուք ինձ թույլ եք տվել ԱԺ պատգամավորների հետ շփվել: Ես հավելյալ 70 հոգու քվոտա ունեմ: Ռիսկի տեսանկյունից եթե նայեք, իրենց չեմ ուզում տեսնել, էդ 12 հոգուն եմ ուզում տեսնել»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Դատարանը, լսելով կողմերին, մերժեց միջնորդությունը: Արմեն Աշոտյանը չի կարող առցանց շփվել ՀՀԿ ԳՄ անդամների հետ:

Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:30-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս