Քննիչն ասել է բառացի` էսօր որպես վկա ես, չի բացառվում՝ վաղը մեղադրյալ լինես. Սխալ եմ արել, որ առանց փաստաբանի եմ գնացել հարցաքննության. Ավարտվեց Արմեն Աշոտյանի գործով վկա Անի Ռափյանի հարցաքննությունը
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Նախորդ դատական նիստին վկա Անի Ռափյանը չէր ներկայացել, և այսօր նրա հարցաքննությունը շարունակվում է:
Նախորդ նիստին Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը նկատեց, որ շուտով լրանում է Արմեն Աշոտյանի խափանման միջոցի ժամկետը, իսկ մինչ այդ դատական նիստ չկա, ուստի միջնորդություն ներկայացվեց կա՛մ քննարկել հարցը, կա՛մ առանձին դատական նիստ նշանակել:
Դատավորը, լսելով կողմերին, նախ ասաց, որ Արմեն Աշոտյանի կողմից խափանման միջոցի պայմանների խախտման մասին որևէ փաստ իրեն հայտնի չէ, բայց որոշեց՝ տնային կալանք խափանման միջոցը ավելի մեղմ խափանման միջոցով փոխելու հիմքեր այս պահին չկան: Տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով՝ մինչև 2025թ. մարտի 11-ը:
Ինչ վերաբերում է ազգականների երեխաների հետ շփմանը, դատարանը թույլատրեց, որ Արմեն Աշոտյանի ազգականների անչափահաս երեխաները հյուրընկալվեն վերջինիս:
«Չի եղել օրակարգային մի հարց, մի դրույթ, որին ես դեմ եմ եղել, բայց փաստաթղթի տակ ստորագրել եմ: Հնարավոր է՝ երկրում չեմ եղել, Մարթա Սիմոնյանը ինչ-որ նշումներ արել է, բայց եթե ես դեմ լինեի, դա կարձանագրվեր»,- ասաց Անի Ռափյանը՝ ի պատասխան հանրային մեղադրողների այն հարցադրումների, թե իր փոխարեն ստորագրել են նիստերի արձանագրությունների տակ կամ իր փոխարեն որոշել:
Նրա խոսքով՝ ինքը չի նայել ուշադիր վերջում իր ցուցմունքի արձանագրությունը, որովհետև շտապել է երեխայի հետևից գնալ։
«Երկու սխալ եմ արել` առանց փաստաբանի եմ գնացել երկու հարցաքննություններին»,- ասաց նա:
Անի Ռափյանը չբացառեց, որ նախաքննության ժամանակ իր ցուցմունքներն այլ տեսք կունենան, քանի որ քննիչի կողմից տեղեկություններ էին տրվում։
«Քննիչն ասել է բառացի` էսօր որպես վկա ես, չի բացառվում՝ վաղը մեղադրյալ լինես, կոպիտ հարցադրումներ են եղել»,- ասաց վկան:
Ռուբեն Մելիքյանը նկատեց՝ դատարանը շեշտը դնում է վկայի իրավունքների վրա, բայց կա հանրային շահ` մասնավորապես, այն, ինչ ասվում է վկայի կողմից, չլինի բանավեճի առարկա, նախնական տեղեկություններ չփոխանցվեն վկային:
«Քննիչն իր աշխատասենյակում ինչ անում է, մենք չգիտենք: Դաղալություններ չպետք է լինեն: Մի՛ արդարացրեք քննիչին՝ վկային ասելով, թե վերջում ստորագրել եք արձանագրությունների տակ, կամ թե առողջ բանավեճ եք ունեցել»,- դատավորին ասաց Ռուբեն Մելիքյանը, ինչին վերջինս պատասխանեց՝ դատարանը ոչ ոքի չի արդարացնում:
Ամեն դեպքում վկան հավելեց, որ իր երկրորդ հարցաքննությունն ավելի ճնշող է անցել, քննիչն ամեն ինչից կառչել է:
Վկայի հարցաքննությունն ավարտվեց: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին: Վկաների հարցաքննության փուլը կշարունակվի:
Մանրամասները՝ տեսանյութում: