Սա՛ է իրական իրավիճակը. փոքր Հայաստանի բնական դաշնակիցներ են՝ Ռուսաստանը, Իրանը, Հնդկաստանը, Չինաստանը. Շավարշ Քոչարյան
ՀՀ նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի ելույթը՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. Սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովում:
Մենք բոլորս գիտենք՝ պետություններն առաջին հերթին առաջնորդվում են իրենց սեփական շահերով։ Կա պետության տնտեսական և աշխարհաքաղաքական շահ, շատ էական է, առանցքային հարցն այն է, թե պետությունը ո՞ր շահի վրա է դնում շեշտը։
Դիտարկենք Հայաստանի համար երկու շատ կարևոր պետություններ՝ Ռուսաստան և Թուրքիա։
Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում շեշտը դրել է տնտեսական շահի վրա։ Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերություններում շեշտը դրել է աշխարհաքաղաքական շահի վրա։ Ո՞վ շահեց, մենք այսօր տեսնում ենք, առավել ևս՝ հաշվի առնելով վերջերս Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները։
Այսինքն՝ այստեղից մի էական հարց է առաջանում՝ ցանկացած տնտեսական շահ, որը երկիրը հետապնդում է, պետք է տեղադրվի քաղաքական շահի մեջ։ Եվ այդ քաղաքական շահը պետք է լինի ոչ միայն այդ պետության, այլև իր պոտենցիալ դաշնակիցների շահը։
Փոքր Հայաստանը որպեսզի դիմակայի այն մարտահրավերներին, այն վտանգներին, որոնք կան իր առջև ծառացած, մասնավորապես՝ Ադրբեջան, Թուրքիա և այլն, ինքը պետք է ունենա դաշնակիցներ։ Դաշնակիցներ ունենալու համար դու պետք է ունենաս քո շահը, որը պետք է հստակ արտահայտես, եթե արտահայտես՝ կունենաս դաշնակիցներ, եթե չատահայտես՝ դաշնակիցներ չես ունենա, կունենաս միայն հակառակորդներ։
Ո՞րն է այն տնտեսական շահը, որը պետք է արտահայտի Հայաստանը ու հետամուտ լինի։ Մեկ բան նշեմ, դա հետևյալն է՝ Պարսից ծով-Իրան-Հայաստան-Սև ծով-Եվրոպա-Ռուսաստան միջանցքը: Եթե դու հետևողական սրան կողմնակից ես, ո՞վ կլինի քո դաշնակիցը։ Բնականաբար, Իրանը, բնական է՝ դրա դաշնակիցը կլինի Ռուսաստանը, որն այսօր հայտնվել է Թուրքիայի և Ադրբեջանի դիկտատի տակ, այլընտրանք չունի։ Իսկ եթե այդ գիծը գործեր, ինքն ապա ավելի ազատ կլիներ։ Էլ ո՞վ է դաշնակիցն այդ գծի, բնական է՝ հենց Հնդկաստանը։ Այդ ինչո՞ւ է Հնդկաստանը խառնվել, դուք տեսնում եք նրա ակտիվությունը. այս նոր իշխանության օրոք այս ի՞նչ կատարվեց, գալիս է Հնդկաստանի արտգործնախարարը։ Տարիներ էր պետք բանակցել, որ Հնդկաստանի արտգործնախարարը գար Հայաստան: Հնդկաստանի արտգործնախարարը գալիս է Հայաստան և ի՞նչ է մեզ համոզում։ Ասում է՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, Պարսից ծոց-Սև ծով միջանցքը բացեք, ավելին՝ գումարներ է ներդնում, որպեսզի կարողանան «Չաբահար» նավահանգստում այնպիսի նավեր գան, որոնք ավելի մեծ ծավալի բեռներ են կրում։ Իսկ ո՞րն է Հնդկաստանի շահը, շատ պա՛րզ է։ Շահն այն է, որ ինքը մի կողմից՝ իրեն այլընտրանք է ապահովում դեպի Եվրոպա, բայց ամենակարևորը՝ եթե Թուրքիան այլընտրանքային գծով Պանթուրանական ծրագրով դուրս է գալիս դեպի Կենտրոնական Ասիա՝ ուժեղանում է Պակիստանը, որը Թուրքիայի դաշնակիցն է, բայց Հնդկաստանի ոխերիմ թշնամին է։ Այսինքն՝ այսպիսով մենք տեսնում ենք, որ որպես դաշնակիցներ՝ ունենք Իրանը, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը։
Չինաստանն աշխարհի երկրորդ պետությունն է ԱՄՆ-ից հետո, որը մարտահրավեր է նետում ԱՄՆ-ին։ Չինաստանին ձե՞ռք է տալիս Պանթուրանական ծրագիրը. իհարկե ո՛չ, դա ո՞ւր է դուրս գալիս՝ դեպի Կենտրոնական Ասիա։ Այնտեղ ուժեղանում է Թուրքիայի ազդեցությունը, իսկ Կենտրոնական Ասիայի հարևանը՝ Չինաստանի սահմանի այն կողմում ո՞վ է բնակվում՝ ույղուրները, այսինքն՝ այն թուրքալեզու ժողովուրդը, որը փորձում են անընդհատ հրահրել Չինաստանի ներսում։
Սա պետք է պատկերացնենք՝ մեր իրական կարգավիճակը հասկանալու համար։ Այսինքն՝ եթե մենք առաջնորդվում ենք այդ միջանցքով, տնտեսական առումով մենք ունենք դաշնակից, բնական դաշնակից, թղթով գրվածը կարևոր չէ։ Այսօրվա իրավիճակում, երբ աշխարհը գտնվում է անցումային փուլում, ոչ մի պայմանագիր չի գործում, գործում են իրական շահերը։
Ուրեմն՝ Իրանն ունի իր շահը, այս հարցում Հնդկաստանն ունի իր շահը, Ռուսաստանն ու Չինաստանը, ո՞վ է դրան դեմ, բնականաբար, Թուրքիան ու Ադրբեջանը։ Էլ ո՞վ է դեմ, բնական է՝ Իսրայելը, ինչո՞ւ որովհետև իր պատկերացմամբ՝ այն, ինչն ուժեղացնում է Իրանին, իրեն դեմ է։ Էլ ո՞վ է դեմ, ցավոք, Միացյալ Նահանգները, ինչո՞ւ եմ ասում՝ ցավոք, որովհետև հզոր պետություն է։ Բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներին ձեռք է տալիս, որ գործի այլընտրանքային միջանցքը, որն ի՞նչ է ապահովում՝ թուլացնում է Իրանին, Ռուսաստանին և ուղղված է Չինաստանի դեմ։ Սա՛ է իրական իրավիճակը։
Մենք պետք է իրական, ռացիոնալ դիտարկենք իրավիճակը։ Հիմա հասկանանք՝ երկու տարբերակ կա. կա՛մ դու առաջնորդվում ես քո շահերով, այդ դեպքում դու ունենում ես դաշնակիցներ, ովքե՞ր են՝ Ռուսաստան, եթե դու հետևողական լինես։ Մենք Ռուսաստանին որպես դաշնակից կորցրեցինք այն պահին, երբ մենք մեր հիմնական՝ ըստ Ռուսաստանի դերակատարումը՝ պատնեշ Թուրքիային դեպի մեր տարածաշրջան, այդ առաքելությունից հրաժարվեցինք։ Եթե մենք հետամուտ ենք մեզ ձեռնտու ծրագրին, մենք ունենք դաշնակիցներ՝ Ռուսաստան, Իրան, Հնդկաստան, Չինաստան: Եթե հետամուտ լինենք այս շահերին՝ մենք կունենանք դաշնակիցներ, իսկ եթե հետամուտ չլինենք՝ չենք ունենա դաշնակիցներ, կունենանք միայն հակառակորդներ։ Դե, դա է մեր ընտրությունը՝ կա՛մ մենք ունենք դաշնակիցներ, կա՛մ ունենք միայն հակառակորդներ, և հերթական, որը, չեմ բացառում, երկու օրից կլինի, կամ վաղը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հարձակման դեպքում, հենց Զանգեզուրի ուղղությամբ՝ կմնանք միայնակ։ Սա է մեր ընտրությունը: Մնացածն ինքներս պետք է որոշենք։