Այո, ես Գևորգ Պապոյանի և կնունքի, և հարսանիքի քավորն եմ, հիմա չունենք հարաբերություն. Սևակ Խաչատրյան
168․am–ը նախօրեին հրապարակում էր արել, որում անդրադարձ էր կատարել ՔՊ-ականների՝ հետընտրական ցնծությանն ու Գևորգ Պապոյանի՝ մինչհեղափոխական մի ուշագրավ դրվագի:
«Նախարարի կարգավիճակի մասին մազաչափ պատկերացում անգամ չունեցող Գևորգ Պապոյանն այնքան էր ուրախացել ՔՊ-ի մազապուրծ հաղթանակով, որ իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր արել. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ, Վաղարշապատում ջախջախիչ պարտության է մատնում դաշնակներին, Ռոբին, Սերժին, Վանեցյանին, ձևիստներին, էն դուբինկով մարդուն, Կտրիճին, «հրապարակ», «ժողովուրդ», «168» թերթերին ու իրենց շրջապատին» (գրառումը մեջբերված է նույնությամբ՝ արտացոլելով Գևորգ Պապոյանի գրագիտության ողջ «պերճանքը»,- Ա. Վ.):
Բայց անգամ դա չի հարցը. ուրախանում է, թող ուրախանա. ի վերջո, ՔՊ-ի՝ ցանկացած մակարդակում վերարտադրվելն իրենց համար էքզիստենցիալ գոյության հարց է լուծում: Նրանք բոլորը շատ լավ գիտակցում են՝ իշխանափոխությունից հետո շատ կեղտեր են ջրի երես դուրս գալու՝ կոռուպցիա, թալան, իշխանության չարաշահում…
Գևորգ Պապոյանը ցնծում էր, որ ՔՊ-ն հաղթել է «Հաղթանակ» դաշինքին, որի ցուցակը գլխավորում էր Գևորգ Պապոյանի հարսանիքի քավորը՝ Սևակ Խաչատրյանը, ով եկեղեցում Գևորգ Պապոյանի գլխին խաչ է պահել: Գևորգ Պապոյանը գիշերը թռվռում էր իր քավորի պարտության համար, որն, իհարկե, պարտություն չէր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլանդակ հակաքարոզչության պայմաններում անգամ Սևակ Խաչատրյանը կարողացավ շուրջ 32% ձայն հավաքել ու հաղթել Էջմիածին քաղաքում»,- արձանագրել էր 168.am-ն այդ հրապարակման մեջ։
Այսօր 168․am-ը «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանի հրավիրած ասուլիսի ժամանակ նրանից նաև հետաքրքրվել է այս դրվագի մանրամասների մասին։
Կսպասեի՞ք, որ Գևորգ Պապոյանը ցնծության պահին կմոռանա ձեր բարեկամական կապերը՝ մասնավորապես հետաքրքրվեցինք Սևակ Խաչատրյանից։
Ի պատասխան՝ նա նկատեց․ «Այո՛, ես Գևորգ Պապոյանի և՛ կնունքի քավորն եմ, և՛ հարսանիքի քավորն եմ, բայց, կարծում եմ, սա քաղաքական կատեգորիա չէ․ թույլ տվեք՝ ես էդ դաշտ չմտնեմ:
Մեր հարաբերությունները շատ վաղուց սառեցված են, մենք հարաբերություններ ընդհանրապես չունենք, բարոյական կողմի և մնացածի մասին հարցերը, խնդրում եմ, տվեք իրեն»։
