Թուրքական կողմը, զարգացնելով իր հաղթանակները՝ իրականացնելու է բոլոր ծրագրերը, իսկ Սյունիքի օտարումն այդ թվում է. ադրբեջանագետն ահազանգում է
Թուրքիայի ուղիղ հովանավորությամբ ահաբեկչական խմբերն օրերի ընթացքում Սիրիայում զավթեցին իշխանությունը։ Այս օրերին հանրային ու մասնագիտական տարբեր շրջանակներ նշում են՝ Սիրիայում իրադարձություններն անխուսափելի ազդեցություն են թողնելու նաև մեր տարածաշրջանի վրա, քանի որ թիրախում Իրանն ու Ռուսաստանն են, ապա և՝ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում մեծացել է թուրքական ազդեցությունը։
Ի դեպ, մասնագետները նաև չեն բացառում, որ հենց սիրիական զարգացումների՝ թուրքական կողմի սպասումներով էր պայմանավորված Ադրբեջանից դեռ նոյեմբերին հնչած հայտարարությունը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցության նոր փուլ կլինի դեկտեմբերին կամ հունվարին։
Իսկ այսօր տարբեր քննարկումների ծիրում հիմնական մտահոգությունը, որ հնչում է սիրիական զարգացումների ֆոնին՝ «Հաջորդը Հայաստանն է», «Հաջորդը Սյունիքն է» ձևակերպումն է։
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը 168․am-ի հետ զրույցում, անդրադառնալով թուրքական նկրտումներին և դրա ենթադրվող ազդեցությանը նաև մեր տարածաշրջանի վրա, շեշտեց․ «Թուրքական կողմը զարգացնելով իր հաղթանակները՝ իրականացնելու է բոլոր ծրագրերը, իսկ Սյունիքի օտարումն այդ թվում է։ Ադրբեջանը պատրաստ է, շատ վաղուց պատրաստվում էր, ինչի մասին մենք բազմիցս նշել ենք, սակայն հարցն այն է՝ ինչքանով են ՀՀ իշխանությունները պատրաստ դիմավորել «թանկարժեք հյուրերին»։
Հաշվի առնելով նաև առկա տեսակետները, որոնք արձանագրում էին, թե Ասադի իշխանության անկումը ցույց է տալիս նրա կողմնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի թուլությունը, ադրբեջանագետից հետաքրքրվեցինք՝ այս պարագայում արդյո՞ք ՀՀ իշխանությունների դիրքավորումը դեպի Արևմուտք օբյեկտիվ չէ։
Ի պատասխան՝ նա հիշեցրեց տասնյակ այլ օրինակներ, երբ Արևմուտքի դաշնակիցներն են մնացել ձեռնունայն․
«Ես կարող եմ ձեզ բերել Լիբիայի՝ Քադաֆիի օրինակը, որը շատ ջերմ ընկերություն էր անում Ֆրանսիայի հետ, Ֆրանսիան երաշխավորում էր, որ Լիբիան կմնա անվտանգ․ ինչ եղավ՝ բոլորս գիտենք, Ֆրանսիան մասնակից էր այդ հակաահաբեկչական օպերացիային, օրինակներ կարող եմ բերել, թե ինչպես Եվրոպան ու Ամերիկան դավաճանեցին քրդերին, 1915թ․՝ հայերին, և այլն»։
Հետաքրքրական է, որ մերձավորարևելյան այս զարգացումների և մեր տարածաշրջանում առկա իրավիճակի փոխկապակցվածության մասին առկա դիտարկումներին հակադարձում են մերձիշխանական ինչ-ինչ քաղգործիչներ, որոնք, օրինակ, պնդում են, թե «սիրիական իրադարձությունները զուգահեռ չունեն Հայաստան-Ադրբեջան միջպետական կոնֆլիկտի հետ»։
Այս հայտարարություններն Արմինե Ադիբեկյանին չեն զարմացնում։
«Հաշվի առնելով իշխանական այրերի մտային ունակությունների մակարդակը, բնական է, որ նրանք ոչ մի զուգահեռներ ու անալոգիաներ չեն տեսնի, բայց դրա մասին ակնհայտորեն խոսում են անգամ նրանց թուրք եղբայրները։ Եվ հետո՝ նրանք խնդիր ունեն հանդարտեցնել հասարակությանը, կանխել խուճապը»,- նկատեց նա։
Ի վերջո, այս փուլում ինչպե՞ս պետք է դիրքավորվեն ՀՀ իշխանությունները՝ մեր վերջին հարցադրմանն ի պատասխան էլ՝ ադրբեջանագետը հակիրճ արձագանքեց․
«Պետք է հեռանան իշխանությունից և տեղները զիջեն մարդկանց, որոնք կամք կունենան պաշտպանել Հայաստանը։ Իրենք ուրիշ անելիք չունեն»։