Աստանայի եռյակի բանակցություններից կախված է ոչ միայն Սիրիայի, այլև Հարավային Կովկասի ապագան
Հալեպի ուղղությամբ Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմության մեկ շաբաթ առաջ սկսված գրոհից հետո առաջին անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարծիք է հայտնել Սիրիայում տեղի ունեցողի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում են սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ և էական առաջընթաց գրանցել։ Նրանք գրավել էին Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ճանապարհը, որի հետևանքով զոհվել էր շուրջ 200 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ Ըստ AP-ի՝ նոյեմբերի 30-ին գրոհայինները ներխուժել էին Հալեպ և վերահսկողություն հաստատել Սարաքեբ քաղաքի վրա, որը Հալեպը Դամասկոսի և ափի հետ կապող մայրուղիների ռազմավարական խաչմերուկում է: Նոյեմբերի 30-ին սիրիական բանակը հաստատել էր գրոհայինների ներթափանցումը Հալեպ։
NTV-ն հաղորդում է, որ Թուրքիայի ղեկավարը նախօրեին ասել է. «Ընդդիմությունը վերցրեց Իդլիբը, Համան, Հոմսը, թիրախը, իհարկե, Դամասկոսն է։ Ընդդիմության այս երթը շարունակվում է, և հուսով ենք, որ այն կշարունակվի առանց միջադեպերի և խնդիրների։ Մենք կոչ ենք արել Ասադին՝ եկեք միասին սահմանենք Սիրիայի ապագան, ասացինք մենք։ Սակայն մենք չկարողացանք դրական պատասխան ստանալ»,- ասել է Էրդողանը, ըստ էության իր բացահայտ աջակցությունը հայտնելով ահաբեկչական խմբավորումներին, ինչպես նաև հաստատելով վարկածները և կարծիքները, որ այս գրոհն ուղղորդված, կազմակերպված էր Անկարայի կողմից։
Մինչ այս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները չի կարելի բացատրել արտաքին միջամտությամբ, իսկ ստեղծված իրավիճակը վերջին 13 տարիների ընթացքում չլուծված խնդիրների արդյունք է, իսկ վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ սիրիական ռեժիմը պետք է հաշտվի սեփական ժողովրդի և օրինական ընդդիմության հետ։ Այս մասին Ֆիդանը հայտարարել էր իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, որը պաշտոնական այցով օրերս գտնվում էր Թուրքիայում:
Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը, Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովն այսօր կհանդիպեն Դոհայում՝ քննարկելու Սիրիայում ապստամբների կայծակնային առաջխաղացումը։
Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նախարարական բանակցությունները բարդ են լինելու՝ հաշվի առնելով դիրքորոշումների տեսանկյունից այն բարդ իրավիճակը, որը Սիրիայի շուրջ ստեղծվել է Աստանայի ձևաչափի երկրների՝ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի միջև։
Նա հիշեցրեց օրերս կայացած Ռուսաստանի ու Իրանի առաջնորդների հեռախոսազրույցը, որում նրանք միասնական դիրքորոշում ամրագրեցին տեղի ունեցողի վերաբերյալ, որ Սիրիայում մասշտաբային ահաբեկչական հարձակում է, որ հարկավոր է աջակցել իշխանությանը սահմանադրական կարգը վերականգնելու հարցում, ինչպես նաև պայմանավորվեցին համակարգել իրենց քայլերն Աստանայի ձևաչափում, որին մասնակցում է նաև Թուրքիան։
«Սակայն Թուրքիայի ղեկավարը, ինչպես ցույց տվեց իրավիճակի վերաբերյալ իր մեկնաբանությունը, լիովին այլ դիրքորոշում ունի, աջակցում է ընդդիմադիր խմբավորումներին, և կա գծված քարտեզ, որով նրանք առաջ են գնալու։ Սա, բնականաբար, մի կողմից՝ Ռուսաստանի ու Իրանի, մյուս կողմից՝ Թուրքիայի դիրքորոշումների արմատական տարբերություն է, և այս փուլում բարդ է պատկերացնել, թե Աստանայի ձևաչափով հանդիպումն ինչ արդյունավետություն է ունենալու։ Թուրքիան էականորեն մեծացնում է ճնշումն Ասադի նկատմամբ և, իհարկե, տեղում իրավիճակից ևս շատ բան է կախված։ Թեև այստեղ պետք է նշենք, որ ռուսական օդուժն էական աջակցություն է ցույց տալիս, Դամասկոսը կարող է դիմել նաև Թեհրանին, այնուամենայնիվ, սա կառավարական ուժերին իրավիճակի հաղթահարում չի երաշխավորում։ Իսկ Անկարան ու Մոսկվա-Թեհրան տանդեմը բանակցություններից այլ բաներ են ակնկալում. Անկարան սպասում է Ասադի դիրքավորման մեղմացում, իսկ Մոսկվան ու Թեհրանը՝ ահաբեկչական խմբավորումների նահանջ, ինչպես նաև Թուրքիա-Սիրիա որոշակի նորմալացում։
Թե Ռուսաստանը, թե Իրանն ունեն այլ հանգամանքներ ևս, որոնք փոխում են կենտրոնացումը Սիրիայից։ Ռուսաստանի դեպքում շատ ավելի կարևոր է Ուկրաինայի հարցը, իսկ Իրանի դեպքում՝ սիոնիստական ռեժիմի հարցը, որը ևս սիրիական զարգացումներին անմասն չէ։ Բնականաբար, սրանք բանակցություններում որոշիչ հանգամանքներ են»,- ասաց վերլուծաբանը։
Սալամիի խոսքով, քանի դեռ ռազմական գետնի վրա կա առաջընթաց, այդ կողմից բարդ է ակնկալել փոխզիջումային տրամադրվածություն։ Նրա գնահատմամբ՝ առաջիկա շրջանը բարդ է լինելու, և այստեղ էականը Թուրքիայի դիրքավորման վրա ազդելն է։
Ինչ վերաբերում է այս զարգացումների հնարավոր ազդեցությանը Հարավային Կովկասի վրա, ապա իրանցի վերլուծաբանը գտնում է, որ չեն կարող սիրիական ներկայիս զարգացումները, որում դիրքավորված են Իրանը, ՌԴ-ն ու Թուրքիան, չանդրադառնալ այս ռեգիոնի վրա, հաշվի առնելով խաղացողների նույն կազմը և նրանց միջև ընթացող ազդեցության բաժանման շուրջ բանակցությունները։
«Կարևոր է, թե ինչպես կզարգանան Աստանայի ձևաչափի բանակցությունները, և այդ բանակցություններից ով ու ինչ կստանա։ Ով կունենա առավելություն, բնականաբար, նա էլ կփորձի ավելի մեծ իրավունքներ ստանալ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ռեգիոնում։ Այստեղ բոլորին հետաքրքրողը կոմունիկացիաների հարցն է, և ցանկացած տեղաշարժ կարող է այս կամ այն կերպ անդրադառնալ այս հարցի լուծումների վրա։ Բայց խոսքն այսօրվա հանդիպման մասին չէ, այլ ավելի տևական գործընթացի ու բանակցությունների, քանի որ այսօր մեծ առաջընթաց ակնկալելի չէ»,- ասաց Սալամին։