Հայաստանը՝ աշխարհաքաղաքական «կարմիր լապտերների» փողոցում

Հայկական կենցաղում հաստատուն ունի «փողին մուննաթ» արտահայտությունը, որը, մեղմ ասած, դրական նրբերանգներ չի պարունակում և որպես կանոն՝ օգտագործվում է այն դեպքերում, երբ ցանկանում են ցույց տալ, որ դրանով բնորոշվողը հանուն գումարի պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ աներևակայելի թվացող գործողությունների։

Առօրեական այս բառագոյացությունը մտածողության, ընդհուպ՝ աշխարհայացքի դրսևորում է, համապատասխան վճարի դեպքում ամեն ինչ անելու պատրաստակամության արտահայտություն։ Այս մտակաղապարի հիմքում արժեքների, սկզբունքների, կարմիր գծերի մերժումն է, փողի դոմինանտության անվերապահ ճանաչումը։ Նման մտածողություն ունեցող մարդկանց վատ են վերաբերվում, եթե անգամ հարկ եղած դեպքում օգտագործում են՝ վճարելով նրա մուննաթի հանգույն։ Որոշակի առանձնահատկություններով, նույն սկզբունքը գործում է ոչ միայն կենցաղային, մարդկային հարաբերություններում, այլ նաև կազմակերպությունների, երկրների պարագային։

Հիմա առաջարկվում է Հայաստանի պետության ու պետականության հիմքում դնել հենց «փողին մուննաթ» հայեցակարգը, որովհետև հայտարարվում է, թե Հայաստանի միակ նպատակն այս տարածքում տնտեսության զարգացումն է, և, որ ուրիշ որևէ նպատակ այլևս չի հետապնդվելու։

Այսինքն՝ Հայաստանը՝ որպես պետական կազմավորում, հռչակում է, որ իր միակ նպատակը շատ փող աշխատելն է։ Հասկանալի է, որ այդպիսի նպատակ են հետապնդում աշխարհի բոլոր պետությունները, բայց նրանցից որևէ մեկը չի հայտարարում, թե տնտեսական զարգացումն իր միակ նպատակն է։

Կարդացեք նաև

Ընդհանուր առմամբ միջին վիճակագրական նորմալ երկրները վարում են ամենատարբեր այնպիսի քաղաքականություններ, որոնց արդյունքում տնտեսական աճն ապահովվում է՝ որպես ածանցյալ հետևանք, որպես ռազմավարական այլ նպատակների իրագործման արդյունք։ Իսկ հայտարարությունը, թե պետության միակ նպատակը տնտեսական աճի ապահովումն է, ոչ այլ ինչ է, քան մանիֆեստ, որ այդ երկիրն առաջնորդվում է «փողին մուննաթ» սկզբունքով։

Այսինքն՝ Հայաստանն աշխարհին ներկայանում է մոտավորապես այնպես, ինչպես «փողին մուննաթ» սկզբունքով աշխատող անսկզբունք ցանկացած կոմերսանտ՝ մանրավաճառից մինչև մարմնավաճառ, արհեստավորից՝ մինչև դատավոր, մատնագրողից՝ մինչև լրագրող, և այդպես շարունակ։ Պետության այսպիսի դիրքավորումը նշանակում է, որ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային քաղաքականության շուկայում Հայաստանը պատրաստ է փողի, ավելի շատ փողի դիմաց մատուցել ցանկացած ծառայություն բոլոր այն երկրներին, որոնք, փողից բացի, այդուհանդերձ նաև այլ նպատակներ են հետապնդում, և որոնց համար փողը ոչ թե նպատակ է, այլ միջոց։

Ավելի պարզ՝ այս սկզբունքը ենթադրում է, որ եթե առաջիկայում, օրինակ, թուրքական կամ ադրբեջանական որևէ ընկերություն մեկ կամ մի քանի միլիարդ դոլարի ներդրում կատարի, ասենք, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում, ապա ներդրողին պետք է դիմավորել ծափերով, քանի որ նա նպաստելու է պետականորեն Հայաստանի թիվ մեկ նպատակ հռչակված տնտեսական աճին։

Մեծ է վտանգը, որ որպես հայկական պետականության նոր հայեցակարգ ներկայացվող այս «քաղաքացիական պայմանագիրը» կարող է հավանության արժանանալ հասարակության եթե ոչ՝ մեծամասնության, ապա առնվազն՝ զգալի մասի կողմից, որովհետև հանրությունը ևս վաղուց վարժվել է քաղաքականությանն ու պետությանը վերաբերող ցանկացած առաջարկի պատասխանել՝ «փողին մուննաթ»։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս