«Աշխարհը հենց Փաշինյանին է որպես ծաղրածու նահատակ ընկալում, ոտքերը վրան մաքրում».  Հուսիկ Արա

Բանաստեղծ Հուսիկ Արան խելագարության է նմանեցնում Նիկոլ Փաշինյանի մտածողությունը, որն ազգ-բանակ կոնցեպտը համարում է ազգ-նահատակ բանաձևի շարունակություն:

«Հասարակության տականքը եկավ իշխանության և վրեժ է լուծում իր չստացված կյանքի համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Բանաստեղծը նկատեց՝ Հայաստանն իր սահմաններով և աշխարհագրական դիրքով այնպիսին է, որ պետք է ազգ-բանակ լինի. «Եթե դու ուժես ես, կարողանում ես քեզ պաշտպանել, չի նշանակում, որ նահատակ ես, հակառակն է նահատակ: Աշխարհը մեզ հիմա է նայում՝ ազգ-նահատակ, իսկ մինչև Նիկոլի գալն ազգ նահատակ չէր նայում, նայում էր՝ պատերազմ հաղթած, ինքնությունը պահող, պահպանող, Արցախի ինքնորոշմանը սատար կանգնող արժանապատիվ ժողովուրդ, արժանապատիվ երկիր: Այդ հիմա ենք դարձել ազգ-նահատակ, ծիծաղի առարկա: Աշխարհը Նիկոլով է ճանաչում մեզ, ծաղրում են, ծիծաղում են, ոտքերը վրան մաքրում են: Սա ասում ու իրականացնում է, ասում ու ավերում է, խոսում է պետության չգոյության մասին, բայց մինչև քո գալն ո՞վ էր մեր պետության, մեր պետականության չգոյության մասին խոսում, ո՞վ սկսեց, ո՞վ հասցրեց այս վիճակին: Ասում է՝ ես չեմ, արա, բա ո՞վ է: Ժող ջանն էլ ասում է՝ ինքը չէ, արա, բա ո՞վ է: Աբսուրդ վիճակ է, որը մանկուրտներին է բնորոշ»:

Նա ընդգծեց՝ Արցախի կորուստը եզակի դեպք չէր՝ կրկնություն էր. «Արցախից հետո նայենք՝ ինչն է տալիս ծափուծիծաղով: Մի քանի օր առաջ Գեղարքունիքի մարզում էի, դատարկվում են գյուղերը, ասում են՝ աննախադեպ արտագաղթ է վերջին երկու տարում: Մենք թողնենք մեր երկիրը՝ փախչենք: Հեշտ կյանքի ենք ձգտում, եվրոպաներում հեշտ է կյանքը, բայց չենք մտածում՝ մնանք, մեր երկիրը կայունացնենք, զարգացնենք, ապրենք մեր երկրում: Ի վերջո, ո՞վ է պայքարել՝ Եվրոպան Եվրոպա դարձրել, եվրոպացին: Մենք չենք պայքարում, ասում ենք՝ այնտեղ պատրաստի կա, գնանք: Մարզերից փախչում են Երևան, մոտ 50 տոկոսը մայրաքաղաքում է, այդպիսի երևույթ չկա աշխարհում, սա միայն բնորոշ է հայերին: Գալիս են Երևան, դե, Երևանում էլ ոնց որ այն չէ, փախչենք ռոստովներ: Դա բողոքի արտահայտման ձև չէ, դա քո գենի մեջ է: Բոլոր իշխանությունների դեմ բողոքո՞ւմ են, չի կարելի՞ մի անգամ չբողոքել և նստել՝ երկիր սարքել: Ես միշտ ասել եմ՝ մեր տոտեմը կարիճն է. մենք մեզ ենք խայթում»:

Կարդացեք նաև

Բանաստեղծի դիտարկմամբ՝ միջին վիճակագրական քաղաքացուց Փաշինյանը շատ ավելի ցածր է. «ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին այդպես չի մտածում, այդքան նվաստ ու այդքան ճղճիմ չի մտածում: Սա ամբողջովին հատակի մտածողություն է: Կարող եք ասել՝ նրա բառապաշարը մարդկանց դուր չի գալիս, բայց այդ դեպքում չեն հանդուրժում, ուրեմն՝ լավ էլ դուր է գալիս, ուրեմն՝ սա ենք մենք: Սա ենք մենք, հայեր ջան, ցավով ընդգծում եմ: Ո՞նց փոխենք, եթե սա ենք մենք: Երբեք չհաշտվել այս իրավիճակի հետ, բայց նաև ոչինչ չենք կարողանում անել, ինչպես չենք կարողացել անել 100 տարի առաջ, 500 տարի առաջ:

Ալիևը զինվում է, մեր վարչապետը հեծանիվ է քշում և ասում է՝ բանակ չունենանք: Այս իշխանությանը մեր ժողովուրդն է ընտրել, հանդուրժում և պահում: Հայաստանում կա մի իշխանություն, որը բացարձակապես Թուրքիայի և Ադրբեջանի պահանջն է կատարում, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները, թուրքական ցինիզմը սահմաններ չունեն: Մենք դեռ հույս ունենք, որ մի տանք՝ լավ կլինի, Ղարաբաղը տվել ես, ինչո՞ւ լավ չի լինում: Սյունիքն էլ տաս՝ լավ չի լինելու, Երևանն էլ տաս՝ լավ չի լինելու: Ադրբեջանի և Թուրքիայի նպատակն է՝ Հայաստանը վերածել Արցախի, այդ ժամանակ իրենց համար լավ կլինի»:

Նա ընդգծեց՝ ժողովուրդն էլ երկակի ստանդարտներով է դատում. «Սերժ Սարգսյանը հեծանիվ քշեր՝ չգիտեմ՝ ինչ կանեին, իսկ սա ուր գնում է՝ ծաղրածուի պես հեծանիվ է քշում: Արա, երկրի ղեկավար ես ի վերջո: Բանակցությունների սեղանի շուրջ դրա հետ նստողն ի՞նչ ասի, ո՞նց լուրջ վերաբերվի, ո՞նց հենց կոնկրետ դրան որպես նահատակ չնայի, ծաղրածու»:

Հարցին՝ այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը երբ ասում է, որ աշխարհը մեզ դիտարկում է որպես նահատակ, ինքն իրե՞ն նկատի ունի, նա պատասխանեց. «Դե, այդպես է, ծաղրածու նահատակ: Ախր, երբ երկրի ղեկավար ես դառնում, քեզ պետք է այլ կերպ պահես, այլ կանոնների մեջ լինես, պահպանես ընթացակարգերը, ոչ թե քեզ պահես փողոցի լակոտի պես: Այսպես էլ նայում է երկրին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս