Վուչիչը հայտարարել է սեպտեմբերի վերջին հրաժարական տալու մասին
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի վերջ հրաժարական կտա՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավին մասնակցելու նպատակով։ Այս մասին հաղորդում է N1 լրատվական ալիքը։
Վուչիչն ասել է, որ պաշտոնից կհրաժարվի Միացյալ Նահանգներից վերադառնալուց հետո։
«Ես հրաժարական կտամ Նյու Յորքից վերադառնալուն պես։ Դա տեղի կունենա սեպտեմբերի 25-ին կամ 26-ին», – ասել է նա։
Նախագահը նշել է, որ մամուլի ասուլիսը, որը հրավիրվել է պետական աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացման մասին հայտարարելու նպատակով, ընտրական քարոզարշավի մաս չի կազմում։
«Այստեղ խոստումներ չկան, սա այն է, ինչ տեղի է ունենալու վաղը։ Ես դրա մասին ավելի վաղ ասել եմ», – հայտարարել է նա։
Վուչիչը խոստացել է դեկտեմբերի 1-ից բարձրացնել կենսաթոշակներն ու պետական աշխատավարձերը, ինչպես նաև միանվագ վճարումներ կատարել կենսաթոշակառուներին և բոլոր չափահաս քաղաքացիներին։

