Թրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն միայն այն դեպքում, եթե հանդիպումը գործնական արդյունքներ տա։ Այս մասին նա նշել է Գազայի հարցով խաղաղության խորհրդին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ մեկնաբանություն տալիս, հայտնում է BelTA լրատվական գործակալությունը։
Լուկաշենկոն ընդգծել է, որ մտադրություն չունի մասնակցել միջոցառումների միայն ձևական նպատակներով կամ որպես «ցուցադրական տարր» հանդես գալու համար։
«Լավ, եկեք դա անենք միասին։ Բայց ոչ թե պարզապես խաղի մեջ մտնելու կամ ձևականություն ապահովելու համար։ Դա ինձ չի սազում։ Ես նրանց ուղղակիորեն ասում եմ, որ պատրաստ չեմ հանդիպել Դոնալդ Թրամփի հետ նման նպատակով», – հայտարարել է պետության ղեկավարը։
Նրա խոսքով, Թրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար, սակայն անհրաժեշտ է հստակ հասկանալ, թե կողմերն ինչ հարցեր են մտադիր քննարկել և ինչ պայմանավորվածությունների հասնել։

