ՔԿ-ից իմ հեռախոսի նյութերը հայտնվել են վարչապետի մոտ. չէի ուզի հավատալ, որ իր հրահանգով. Աղազարյան

ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը վստահեցնում է՝ ինքը պետական գաղտնիք պարունակող որևէ ինֆորմացիայի չի տիրապետում։ Այս մասին նա հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

Նշենք, որ դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Հովիկ Աղազարյանը հեռացվել է ՔՊ կուսակցությունից՝ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Նա էլ դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ դուրս է գալիս խմբակցությունից։

«Բոլորը գիտեն՝ ինչ է նշանակում պետական գաղտնիք։ Ես 6 տարվա մեջ երբևէ չեմ եղել այդ բաժնում և չեմ դիմել այս կամ այն գաղտնի փաստաթղթին ծանոթանալու համար։ Այդ ամենը գրավոր է արվում, արձանագրվում է, ֆիքսվում։ Եթե խոսենք խմբակցության նիստերի մասին, որտեղ մասնակցում են 60-70 պատգամավոր և կառավարության անդամներ, ապա նշեմ, որ հնարավոր է լրագրողների հետ զրույցում որևէ բան ասած լինեմ, ինչը չէր թույլատրվում։ Կարող է պատահել, բայց ես կոնկրետ դեպք չեմ հիշում, որ նպատակաուղղված տարբեր օրերի արտահոսքեր անեմ»,- ասաց պատգամավորը։

Աղազարյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարում էր, թե նա վարչության նիստի ժամանակ չի հերքել արտահոսքեր կատարելու մասին տեղեկությունները։ Ընդգծեց՝ լրագրողների հետ խոսելու մասով արտահայտվել է, միևնույն ժամանակ էլ զարմանքն է հայտնել, որ իր անձնական դաշտում գտնվող նյութեր են հայտնվել վարչությունում և վարչապետի մոտ։

Նա հիշեցրեց, որ իր հեռախոսը քրեական գործերի շրջանակներում քննիչի մոտ է, բայց իրեն հավաստիացրել են՝ ուսումնասիրելու են միայն գործին առնչվող նյութերը։

«Մեծ ցավով եմ դա ասում»․ Հովիկ Աղազարյանը դուրս եկավ ՔՊ խմբակցությունից

«Ես չէի ցանկանա, որ այլ նյութերի էլ տիրապետեին, դե կարող է բաներ գրած լինեի, պետք չէր, որ նայեին։ Քննիչն ինձ ասաց, որ բացառվում է նման բան արվի։ Պարզվում է՝ հեռախոսս բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ, բայց ով է տվել դրանք նրան և ինչ նպատակով, ես չեմ կարող ասել։ Չգիտեմ էլ՝ որքանով է դա օրինական։ Չէի ուզի հավատալ, որ վարչապետի հրահանգով է եղել»,- ասաց Աղազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս