Դավադրություն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։

Այսպիսի բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել ՔՊ-ն՝ հիմնավորելով Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու որոշումը։
Հովիկ Աղազարյանի հետ/դեմ կատարվողը քաղաքական մակարդակում, իհարկե, հակաժողովրդավարական, տիպիկ ավտորիտար համակարգին բնորոշ քայլ է և դրանով իսկ՝ զազրելի։

Մյուս կողմից՝ անձնային մակարդակում, գոնե հանրային ընկալման առումով Աղազարյանն ինքը վաստակել է փաշինյանական իշխանության զոհ լինելու ու անգամ ակնհայտ անարդարության դեպքում անտարբերության մատնվելու ճակատագիրը։

Շատերը միանգամայն արդարացիորեն արձագանքում են՝ «Աղազարյանն՝ ուր, ես՝ ուր» արտահայտությամբ՝ երկրորդելով արդեն նախկին ՔՊ-ականի խայտառակ ելույթը Կիլիկիայի մասին։
Բայց այս պատմության մեջ հետաքրքիր է բոլորովին այլ նրբերանգ։ ՔՊ-ի վարչությունն Աղազարյանին հեռացրել է, այդ թվում՝ «հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։

Կարդացեք նաև

Կուսակցությունը չի մանրամասնել, բայց, դատելով առնվազն հրապարակային իրողություններից, Աղազարյանի կողմից «հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտում» է դիտարկվել ՔԿ արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին «արա»-ով դիմելու նրա քայլը։ Ամենածիծաղելին, սակայն, այն չէ, որ ՔՊ-ն փաստորեն հանդես է գալիս՝ որպես «հանրության բարոյական նորմերի» պաշտպան։

Ավելի զավեշտալի է, որ նման պատճառաբանությամբ իր անդամին հեռացնում է մի կուսակցություն, որի ղեկավարի ելույթների ռեպերտուարը հարուստ է «Սաղին շինելու եմ», «Մատ էլ թափ կտամ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ», «Ծեփելու ենք ասֆալտին», «Ասֆալտ կուտեք ու բորդյուր կլիզեք» և նույնաոճ բազմաթիվ այլ արտահայտություններով։

«Հանրային բարոյականության նորմերի» պաշտպանության շրջանակներում նույն այդ կուսակցության նույն ղեկավարի ավտոշարասյունը վրաերթի է ենթարկել և սպանել է հղի կնոջը, ինչի համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Բայց ՔՊ-ում «հանրային բարոյականության նորմերի» անխոնջ պաշտպանների թիվը Նիկոլ Փաշինյանով չի սահմանափակվում։

Գործադիր իշխանության ղեկավարից այդ հարցում հետ չի մնում նաև ՔՊ ղեկավար մարմնի անդամներից մեկի կողմից «անբարոյականի որդի» որակված խորհրդարանի խոսնակը, ով «հանրային բարոյականության նորմերի» պաշտպանության ամենայուրահատուկ մեթոդի հեղինակն է. Ալեն Սիմոնյանն ուղղակի թքել է քաղաքացու դեմքին։

Այսպիսով, եթե ՔՊ-ում իսկապես մտահոգ են «հանրային բարոյականության նորմերի» պաշտպանությամբ, ապա Հովիկ Աղազարյանից առաջ կամ գոնե նրա հետ զուգահեռ՝ պետք է կուսակցությունից հեռացնեն դրա ամենակարկառուն ղեկավար անդամներին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Հակառակ դեպքում կուսակցության տարածած հաղորդագրության մեջ «հանրային բարոյականության նորմերի» մասին հիշատակումը նման է նրան, ինչին ժողովուրդն անվանում է «հանրային բարոյականության հետ խնդիրներ ունեցողի շառ»։

Հ.Գ. Ստույգ տեղեկություններ չկան այն մասին, թե ով է գրում ՔՊ հաղորդագրությունները։ Նույնքան անստույգ են նաև լուրերը՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը հեծանվա-խոհանոցային տեսանկարահանումների զբաղվածության պայմաններում հասցրե՞լ է ծանոթանալ այդ հաղորդագրությանը, թե՞ ոչ։

Հետևաբար, առնվազն բացառելի չէ, որ մինչ Փաշինյանը նիստից հետո շտապել է խոհանոց կամ հեծանվահրապարակ, նրա դեմ դավադրություն է հյուսվել ՔՊ գրասենյակում՝ հաղորդագրության մեջ զետեղելով «հանրային բարոյականության նորմերի կոպիտ խախտում» արտահայտությունը՝ հետագայում նրան կուսակցությունից հեռացնելու նպատակով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս