«Եթե պայքարում է ապօրինի գույքի համար, նախ խնդիրը թող լուծի Խաչատուր Սուքիասյանի հետ կապված, ճշտի՝ արդյո՞ք նրա մոտ ամեն ինչն «օքեյ» է». Հովիկ Աղազարյան

Արդեն երկու շաբաթ է՝ 9-րդ գումարման խորհրդարանը սկսել է ձևավորման աշխատանքները, ԱԺ նախագահ ու փոխնախագահներ են ընտրվել, 12 հանձնաժողովներից 4 հանձնաժողովների նախագահների թեկնածուներն արդեն ներկայացվել են։ Այս երկու շաբաթների ընթացքում խորհրդարանում իրավիճակը խաղաղ չի եղել. գրեթե բոլոր նիստերն անցել են իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների փոխադարձ վիրավորանքներով։

168.am ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց՝ հետևո՞ւմ է ԱԺ նիստերին, ինչպե՞ս կգնահատի դրանք, արդյոք որևէ կապ ունի՞ ՔՊ-ական պատգամավորների հետ։

– Պարոն Աղազարյան, արդեն երկու շաբաթ է՝ խորհրդարանը սկսել է աշխատանքները, հետևո՞ւմ եք այդ աշխատանքներին, ինչպե՞ս եք գնահատում։

– Որ ասեմ՝ ամբողջությամբ հետևում եմ, սուտ կլինի, այդ ինտենսիվությամբ չէ, բայց դե որոշակիորեն հետևում եմ։ Առավել ևս, երբ ինչ-որ բան արդեն հետաքրքիր է, կամ այս կամ այն պատգամավորի ելույթը կարող է ինձ հետաքրքրել, այդ ձևով նայում եմ։

Կարդացեք նաև

Դե, գնահատական տալու համար շատ շուտ է, չնայած ես կարևոր գնահատականն արդեն տվել եմ իմ կողմից։ Ես գտնում եմ, որ այս խորհրդարանը բաղկացած է մանդատագող խմբակցություններից, ընդ որում՝ երկուսը՝ ակամա, մեկը՝ ոչ ակամա։ Եվ հետևաբար՝ այս խորհրդարանն այդ իմաստով ինձ համար չի հանդիսանում «լեգիտիմ» խորհրդարան:

Այն, ինչը տեսնում եմ, արդեն պատկերացնում եմ, թե ինչ նպատակ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը։

– Ո՞րն է այդ նպատակը, ի՞նչ նպատակ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը։

– Այդ նպատակն «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը քայքայելն է և այնտեղից 6 պատգամավոր ունենալը, այսպես կոչված՝ «պետական մտածողությամբ» պատգամավորներ, որպեսզի առաջիկայում Սահմանադրության հետ կապված հանրաքվեի կոնտեքստում դժվարություններ չունենա: Դա է նպատակը, և այդ նպատակին, կարծում եմ՝ հասնելու է։

Եթե գնահատենք այս երկու շաբաթվա նիստերի արդյունքները, ապա շատ դրական բան չեմ կարող ասել, անկեղծ ասած, ոչ թե այն պատճառով, որ ես կամ իմ գործընկեր պարոն Ասլանյանն այնտեղ չենք, որովհետև տպավորություն է, թե որոշ պատգամավորների թվում է, որ այս խորհրդարանն ընդամենը մեկ-երկու ամսվա կյանք ունի, և պետք է հասցնեն ասել ամեն ինչ, ինչ կուտակվել է իրենց մեջ։ Նման տպավորություն է։

– Դուք այս պահին ՔՊ-ական որևէ պատգամավորի հետ կապ ունե՞ք, թեկուզ տնտեսական հանձնաժողովից որևէ մեկի, որի անդամ էիք նախորդ գումարման ԱԺ-ում։

– Ես մեծ մասի հետ նորմալ հարաբերություններով եմ բաժանվել, ճնշող մեծամասնության հետ, բայց ես ինքս շփումների իմաստով ակտիվություն չեմ ցուցաբերում՝ իրենց անհարմար վիճակի չդնելու համար։

– Այսինքն՝ որպեսզի ճնշում չլինի՞ իրենց վրա վերևից, ճի՞շտ հասկացա:

– Բա իհարկե։

– Պարոն Աղազարյան, Դուք ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները, դրանք իրավական գործընթացների հետ որևէ աղերս ունե՞ն։

– Այս գործընթացները գնահատում եմ քաղաքական տեսանկյունից, որովհետև իրավական իմաստով չեմ կարող գնահատել, չեմ կարող Ծառուկյանի փաստաբանը լինել։ Շատ բացասական եմ գնահատում, որտեղ դրսևորվում են Նիկոլ Փաշինյանի բոլոր բացասական գծերը։

Եթե դու պայքարում ես ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձի համար, նախ այդ խնդիրը լուծի Խաչատուր Սուքիասյանի հետ կապված՝ մի հատ ճշտի՝ արդյո՞ք նրա մոտ ամեն ինչն «օքեյ» է։ Եթե դու այդ խնդիրը չես լուծում, այլ տենդենցիոզ ձևով ուրիշ խնդիր ես լուծում, դա կրկին վտանգավոր է դառնում այն իմաստով, թե դու ի՞նչ կոնկրետ նպատակներ ես հետապնդում։

Հետևաբար, ինքը նպատակ ունի ջախջախել ընդդիմադիր դաշտը, որպեսզի իրականացնի իր ցնորական գաղափարը՝ Չորրորդ Հանրապետության ստեղծումը, որն արվում է եկեղեցու դեմ պայքարով, այսպես կոչված՝ Սահմանադրության նախագիծը կյանքի կոչելով և այլն։ Ես դրան նայում եմ քաղաքական կոնտեքստով և շատ վատ եմ նայում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31