«Ադրբեջանը պատրաստվել է նոր ագրեսիայի ՀՀ-ի դեմ, այս քայլերը նախերգանքն են. Ադրբեջանը համարձակվել է այդ եզրույթը շրջանառության մեջ դնել 2018-ից, մինչ այդ նման համարձակություն չի ունեցել». Գրիգորի Այվազյան
Ադրբեջանի խորհրդարանում արդեն լսումներ են կազմակերպում՝ «Անվտանգ և արժանապատիվ վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով, խոսում, թե ինչպես պետք է ադրբեջանցիները վերադառնան «Արևմտյան Ադրբեջան»։ Թեպետ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանում պետական մակարդակով խոսում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին, սակայն դրա վերաբերյալ լսումներն առաջին անգամ են անցկացվում։
Մինչև այս պահը հայկական կողմից Ադրբեջանի՝ ՀՀ տարածքների նկատմամբ նկրտումներին որևէ պաշտոնական արձագանք չկա։
Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգորի Այվազյանի խոսքով՝ Ադրբեջանը համարձակվել է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը շրջանառության մեջ դնել միայն 2018 թվականից, իսկ մինչ այդ նա նման համարձակություն չի ունեցել։
«Ադրբեջանի այս քայլերը նոր ագրեսիայի նախերգանք են։ Այդ երկիրն իր նպատակները չի թաքցնում։ Նրանք իրենց կեղծ թեզերը շրջանառության մեջ են դրել 2018 թվականից հետո՝ օգտվելով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունից։ Ադրբեջանն էլ ինչպե՞ս ապացուցի, որ իր ցեղասպան քաղաքականությունից ոչ մի սանտիմետր չի նահանջելու։ Ադրբեջանում իրենց երեխաներին կրթում են Հայաստանի տարածքների նկատմամբ պահանջներ ունենալու տրամաբանությամբ։ Այս ամենը նրա կողմից ոչ թե նոր ագրեսիայի նախապատրաստման, այլ պատրաստի նոր ագրեսիա սկսելու մասին է. կրկնում եմ՝ Ադրբեջանը պատրաստվել է նոր ագրեսիայի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գրիգորի Այվազյանը։
Փորձագետը զգուշացնում է՝ Ադրբեջանի այս գործողություններին ՀՀ իշխանությունը պետք է բավականին լուրջ վերաբերվի հիմա, որպեսզի հետո չասի, թե Ադրբեջանի սկսած պատերազմն իր համար անակնկալ էր։
«Ցավոք, այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը, Նիկոլ Փաշինյանի հայտարարած «խաղաղության դարաշրջանից» կիլոմետրերով հեռու է։
Ավելին՝ Ադրբեջանը չի ձգտում որևէ խաղաղության պայմանագիր ստորագրել, դրա մասին է վկայում վերջին շրջանում Հայաստանի իշխանավորների լռությունն այդ պայմանագրի մասին։
Ալիևը բացահայտ ցույց է տալիս՝ խաղաղության մասին խոսք լինել չի կարող։
Ադրբեջանը դրժել է հարաբերությունների կարգավորման ցանկացած փորձ, մեծ հաշվով հարաբերությունների կարգավորում այդ երկրին պետք չէ»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտգործնախարարի՝ Իրան կատարած այցին, Գրիգորի Այվազյանն ասաց՝ Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողություններում կան Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերը, սակայն Իրանում, բացի տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 28-րդ նիստին մասնակցելուց, երկու երկրների արտգործնախարարները կքննարկեն նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։
«Տրանսպորտային հանգույցների հարցը կքննարկեն, Իրանն այս պահին չի ցանկանում Ադրբեջանի հետ սրել հարաբերությունները՝ լավ իմանալով, որ տարածաշրջանում Ադրբեջանն Իսրայելի շահերի հիմնական ցատկադաշտն է»,- շեշտեց նա։
Այս համատեքստում Գրիգորի Այվազյանը նաև ասաց, որ Թուրքիան այս պահին բավականին բիրտ ձևով գործում է Սիրիայում, սակայն իր ուշադրությունը չի շեղում Հարավային Կովկասից։ Գործողություններն ընթանում են Թուրքիայի ծրագրածով։
«Այս ֆոնին ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, որ Թուրքիայի հետ հարաբերություններ Ադրբեջանից զատ երբեք չեն կարող կառուցել, իսկ Ադրբեջանի հետ պատրա՞ստ են հարաբերությունները կառուցել՝ կատարելով նրանց բոլոր պահանջները, այս հարցին թող պատասխանեն ՀՀ իշխանությունները»,- եզրափակեց Գրիգորի Այվազյանը։