Ալեն Սիմոնյա՛ն, էլ չանե՛ք. Աղվան Վարդանյան

Աղվան Վարդանյանի հայտարարությունը ԱԺ-ում.

«Թուրքիան Սիրիայի հյուսիսում իր գրավյալ տարածքներից հազարավոր վարձկանների է վարժեցրել և տեղափոխել: Այդ վարձկաններն ու ահաբեկիչներն այսօր կռվում են հայերի դեմ։

Թուրքիան բացահայտ սկսեց սպառնալ Հայաստանին, զուգահեռ մեծ թվով ահաբեկիչների եւ վարձկանների Սիրիայից տեղափոխելով Ղարաբաղյան հակամարտության գոտի։
Նիկոլ Փաշինյան, հոկտեմբեր 2020թ.

Հիմա՝ կա Եվրախորհրդի կոնվենցիա՝ ահաբեկչության կանխարգելման մասին։ Ընդունվել է 2005-ին։ Նպատակը՝ ահաբեկչության դեմ համապարփակ պայքար: Ահաբեկչության կանխարգելմանն ուղղված քայլեր, ֆինանսավորման կանխարգելում, ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքար, ահաբեկչության համար պատժամիջոցներ: Պահանջում է ԵԽ անդամ երկրներից ընդունել իրավական միջոցներ, որոնք կպատժեն ահաբեկչության կազմակերպումը, աջակցությունը, ահաբեկչական գործունեության մասնակցությունը:

Փաստաթուղթը ստորագրելու պահին Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից Գլխավոր քարտուղարին հանձնվել է հայտարարություն. «Ադրբեջանը հայտարարում է, որ չի կարող երաշխավորել Կոնվենցիայի դրույթների կատարումը ՀՀ-ի կողմից օկուպացված իր տարածքներում՝ մինչև այդ տարածքների օկուպացիայից ազատումը»։

Այդ հայտարարության առնչությամբ ՀՀ-ն ներկայացրել է առարկություն․ «Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը միտումնավոր խեղաթյուրում է ԼՂ հիմնախնդրի էությունը՝ կապված հակամարտության պատճառների և հետևանքների հետ։ Հակամարտությունը ծագել է ԼՂ բնակչության ազատ կամքի ճնշմանը միտված ԱՀ-ի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է զանգվածային ռազմական ագրեսիան ինքնորոշված ԼՂՀ-ի դեմ։

Արդյունքում՝ Ադրբեջանը օկուպացրել է ԼՂ մի քանի տարածքներ»։
2015-ին ընդունվել է լրացուցիչ արձանագրություն, որը, հաշվի առնելով արդի մարտահրավերները և տեխնոլոգիական զարգացումները, ընդլայնում է կանխարգելման դրույթները։

Այն ուժեղացնում է ահաբեկչության դեմ պայքարի միջոցները:
ՀՀ-ն լրացուցիչ արձանագրությունը վավերացրել է 2022թ․։ Ադրբեջանը վավերացրել է 2024թ․։

Ադրբեջանը լրացուցիչ արձանագրությունը ստորագրելիս ներկայացրել է հետևյալ հայտարարությունը․ «սույն Լրացուցիչ Արձանագրության դրույթները Ադրբեջանի կողմից չեն կիրառվի Հայաստանի նկատմամբ, քանի դեռ հակամարտության հետևանքները ամբողջությամբ չեն վերացվել և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունները չեն կարգավորվել»։

2005-ին Ադրբեջանը խոսում էր Լեռնային Ղարաբաղի մասին, 2024-ին՝ Հայաստանի մասին։ Եվ դուք ասում եք ինքնիշխան պետությո՞ւն ենք։ Ադրբեջանի համար՝ ահաբեկչական։
Հայաստանի Հանրապետությունը առ այսօր այս հայտարարության վերաբերյալ հրապարակային որևէ դիրքորոշում չի արտահայտել։

Եվրոպայի խորհուրդ, Հայաստանի խորհրդարան. Աժ նախագահ պարոն Սիմոնյան, առաջարկում եմ վաղը Արարատ Միրզոյանից բացատրություն պահանջեք՝ ինչպես է մեր ԱԳՆ-ը պատասխանել Ադրբեջանին։

Մի բան էլ, պարոն Սիմոնյան, ասացին՝ այսօր իմ մասին եք խոսել։ Էլ չանեք։ Գիտե՞ք ինչու։ Ես Ձեր մասին չեմ խոսելու»։

 

Տեսանյութեր

Լրահոս