Սիրիական «կաթսան» սկսեց եռալ․ ի՞նչ վտանգներ կան Հայաստանի դեպքում
Հալեպն արդեն 4-րդ օրն է՝ վերածվել է պատերազմի ակտիվ գոտու։ Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբ ուժերն Իդլիբից գրոհ են ձեռնարկել՝ վերահսկողության տակ առնելով Հալեպի որոշ շրջաններ։ Վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ նրանց հաջողվել է մտնել Հալեպ։ Սիրիացի զինված ապստամբները Հալեպ են մտել իրենց անսպասելի հարձակումից ընդամենը երեք օր անց։ Սիրիացի զինվորական պաշտոնյաների հաղորդումների համաձայն, իրենք հանդիպել են «խոշոր հարձակման» և «ուժեղացնում են բոլոր դիրքերը տարբեր ճակատներում», սակայն քաղաքի բազմաթիվ բնակիչներ ասում են, որ կառավարական ուժերը նահանջել են:
Չորեքշաբթի օրը սկսված հարձակումը սիրիական ընդդիմության և նախագահ Բաշար ալ-Ասադի միջև հարաբերությունների առաջին խոշոր բռնկումն էր վերջին տարիների ընթացքում:
Խմբավորման հետ կապված ալիքում տեղադրված տեսանյութում երևում է, որ նրա մարտիկները մեքենաներով շրջում են քաղաքում: Սիրիական իշխանությունները փակել են Հալեպի օդանավակայանը, ինչպես նաև քաղաք տանող բոլոր ճանապարհները։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ ուրբաթ օրը սիրիական և ռուսական ինքնաթիռները 23 ավիահարված են հասցրել Հալեպում և շրջակայքում: Ըստ կենտրոնի տվյալների՝ մարտերի ընթացքում զոհվել է 255 մարդ:
Ռուս զինվորականները հաստատել են, որ օդային աջակցություն են ցուցաբերում սիրիական բանակին։ «Ռուսական օդատիեզերական ուժերը հրթիռային ռմբակոծություններ են իրականացնում ապօրինի զինված խմբավորումների, հրամանատարական կետերի, պահեստների և հրետանու դիրքերի սարքավորումների և անձնակազմի վրա»,- ասել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ Օլեգ Իգնասյուկը:
Մոսկվան Դամասկոսին հավելյալ ռազմական օգնություն է խոստացել ապստամբների գործողությունները խափանելու համար, հայտնում են արևմտյան աղբյուրները։
Հայտնի է, որ Իդլիբ նահանգն ապստամբների վերջին հենակետն է, որը վերահսկվում է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման կողմից, ինչպես նաև այնտեղ են գտնվում Թուրքիայի կողմից աջակցվող ապստամբ խմբավորումները: Մի շարք աղբյուրների համաձայն, Անկարան, որն աջակցում է ապստամբներին, կանաչ լույս է վառել հարձակման համար: Սակայն Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին ուրբաթ օրն ասել է, որ Թուրքիան ձգտում է խուսափել տարածաշրջանում անկայունությունից։
«Թուրքիայի սահմանի զրոյական կետում գտնվող հարակից տարածքում և Իդլիբում խաղաղության պահպանումն առաջնահերթություն է Անկարայի համար»,- ասել է նա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է. «Ռուսաստանի ղեկավարությունը Սիրիայում իրավիճակի սրումը դիտարկում է՝ որպես ոտնձգություն հանրապետության ինքնիշխանության դեմ»։
Նրա խոսքով, «Մոսկվան կողմնակից է, որ Սիրիայի ղեկավարությունը հնարավորինս արագ վերականգնի կարգուկանոնը Հալեպում և վերականգնի երկրում սահմանադրական կարգը»։ ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին սիրիացի իր գործընկերոջ հետ զրույցում ասել է, որ Իրանը շարունակում է աջակցել Սիրիայի կառավարությանը, ժողովրդին և բանակին ահաբեկչության դեմ պայքարում, պաշտպանելով տարածաշրջանը և ապահովելու անվտանգությունն ու կայունությունը»։
Նա ընդգծել է, որ՝ «Սիրիայում ահաբեկչական խմբավորումների գործունեության վերսկսումը ամերիկասիոնիստական ծրագիր է Լիբանանում և Պաղեստինում սիոնիստական կազմավորման ջախջախումից հետո»։
Ուշագրավ է, որ նոյեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ հրադադար է հաստատվել Լիբանանի «Հեզբոլլահ» ռազմաքաղաքական ուժի և Իսրայելի միջև։ Սա ամերիկյան նախաձեռնություն էր։
Նեթանյահուն ասել էր, որ Իսրայելը համաձայնել է համաձայնագրին՝ կենտրոնանալու համար իրանական սպառնալիքի վրա։
Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Սիրիայի պատերազմը վերջին տարիներին սառեցման փուլում էր, սակայն, ըստ էության, պատճառները, որոնք ծնեցին այս պատերազմն ու այն բորբոքեցին, վերացված չեն, չկա կոնսենսուս գլխավոր դերակատարների միջև, ավելին՝ աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների մասնակցությամբ կա շահերի բարդ համակարգ։
Նրա խոսքով, օրերս Սիրիայում սկսվածն իր բնույթով ևս բարդ և անուղղակի շահեր հետապնդող գործողություն է։ Նա գտնում է, որ այս գործողության համար կա Թուրքիայի անուղղակի թույլտվությունը։
«Էրդողանն Արևմուտքի աջակցությամբ օգտվեց պահից և որոշեց զինյալների օգնությամբ գործողություն իրականացնել՝ Ասադին խաղաղության պարտադրելու համար՝ մտածելով, որ ներկայումս ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը ժամանակ ու ռեսուրս չունեն Սիրիայի համար, ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայում, իսկ Իրանն Իսրայելին հարված նախապատրաստելու փուլում է։ Եվ պարզվեց, որ բավականին կազմակերպված գրոհ տեղի ունեցավ, որին սիրիական պաշտպանությունը պատրաստ չէր։ Տեղի ունեցողը մարտահրավեր է Թեհրանի ու Մոսկվայի համար, որոնք աջակցում են Ասադի ռեժիմին»,- ասաց վերլուծաբանը։
Ռաևսկու կարծիքով, այն Մոսկվայի ու Թեհրանի համար մարտահրավեր է, որովհետև թուլացնում է նրանց զգոնությունն Ուկրաինայում և Իսրայելի ուղղությամբ, երկու դեպքում էլ սցենարը ձեռնտու է Արևմուտքին։
«Նման օպերացիայով Թուրքիայի, ապստամբների միջոցով Արևմուտքը փորձում է մի քանի հարց լուծել։ Հետագա զարգացումները շատ անկանխատեսելի բնույթ կարող են ստանալ, սակայն մերձավորարևելյան մի տաք կաթսան սառեցվեց և մյուսը սկսեց տաքանալ Սիրիայում։ Այսպիսի պատահականություններ չեն լինում, ձեռագիրը, թիրախները նույնն են, ուստի առանձնապես բարդ չէ հասկանալ, թե որ կողմից է «փչում քամին»»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին և Հայաստանին, Ռաևսկին ասաց, որ անդրադարձը Հարավային Կովկասի վրա կախված է հետագա զարգացումներից։
«Եթե այս փուլում կողմերը սահմանափակվեն գործողությամբ, և ամեն բան ավարտվի, ապա ուղիղ ազդեցություն պետք չէ ակնկալել, պետք է հետևել ընդհանուր զարգացումներին։ Իսկ եթե երկարաձգվի և ընդլայնվի դեպի Իրաք, կամ մի որոշ ժամանակ անց սկսվի առճակատում Իրանի ու Իսրայելի միջև, ապա այս ամենն ուղիղ կապ ունի Հարավային Կովկասի և Հայաստանի հետ, ուստի ՀՀ-ում ամենամեծ զգոնությամբ պետք է հետևեն այս ամենին։ Թեև հետևելն այլ բան է, ազդելն այդ ամենի վրա՝ մեկ այլ։ Նման բարդ պրոցեսներում Հայաստանի նման երկրների ազդեցության հնարավորությունը ներկայումս չափազանց փոքր է։ Բացի այդ, ցանկացած անկայունություն և գլոբալ դերակատարների զբաղվածությունը հնարավորություն է կոնֆլիկտային այլ գոտիներում հարցեր լուծելու համար, այստեղ է հարկավոր զգոնություն»,- նկատեց Ռաևսկին։