ՀՀ-ն, որպես պետություն, կվերանա աշխարհի երեսից, եթե Զանգեզուրի միջանցքին տիրանա Ադրբեջանը, ինչին այդքան շատ ձգտում է Թուրքիան․ Ռուզաննա Մալխասյան

Ագրեսոր Ադրբեջանում կազմակերպված COP 29-ի ժամանակ Թուրքիայի Տրնասպորտի նախարարը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը պետք է անցնի Հայաստանի տարածքով, սակայն պետք է վերահսկվի Ադրբեջանի կողմից։ Այս միջանցքը կմիացնի ԹՅՈՒՐՔԱԿԱՆ աշխարհի երկրները իրար, և Հայաստանը ուզի թե չուզի պետք է համակերպվի այս մտքի հետ։

Ի՞նչ է միջանցքը, որի մասին այսքան խոսում ենք, և ինչո՞ւ են այսքան շատ ցանկանում Զանգեզուրով անցնող միջանցքը տնօրինել ադրբեջանցիները, և ի՞նչ նպատակ է հետապնդում Թուրքիան։

Արդյո՞ք Արցախն էր խանգարում այս երազանքի իրականացմանը և բոլոր այն մարդիկ, ովքեր պաշտպանում էին Արցախի Հանրապետությունը և/կամ բանակցում, որպեսզի ի վերջո գերտերությունները և հենց ինքը ագրեսսոր Ադրբեջանը ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը՝ պատրաստ լինելով դրա դիմաց որոշակի զիջումների՝ առանց զոհերի և պատերազմի, առանց Արցախի կորստի։

Միջանցքը դա ճանապարհային հաղորդակցությունն է երկրների/պետությունների միջև։ Կարևոր է այստեղ հասկանալ, թե ինչ կարգավիճակ է ստանում միջանցքը՝ այսինքն որ երկիրն է լինում տվյալ տարածքով անցնող ճանապարհի, որը դառնում է միջանցք՝ կապելով իրար այլ երկրների տրանսոպարտային ուղիներ՝ վերահսկողը։

Կարդացեք նաև

Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտներում ամենամեծ նախագիծը Զանգեզուրի միջանցքն է։ Զանգեզուրով անցնող միջանցքը, որին հավակնում են Ադրբեջանը և Թուրքիան ենթադրում է ՍՅՈՒՆԻՔԻ մարզի ամբողջական գրավում ագրեսսոր Ադրբեջանի կողմից։

Թյուրքական պետությունների միավորումը ստեղծվել է 2009թ. հոկտեմբերի 3-ին՝ դրանք են Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկիստան, Թուրքիա և Թուրքմենիստան։

Զանգեզուրի միջանցքի ամենակարևոր ազդեցությունը թյուրքական հանրապետությունների և Թուրքիայի միջև կապի վրա՝ տնտեսական է։ Եթե նայեք ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ -ի վերջին գագաթնաժողովներում ընդունված որոշումներին, ապա պարզ է դառնում, որ ճանապարհային քարտեզի ամենակրևոր հանգույցները ստեղծում են հիմք՝ մասնակից թյուրքական պետությունների միջև հենց տնտեսական կապերի ամրապնդման համար։ Մասնավորապես, Զանգեզուրի ձեռք բերման դեպքում՝ Թուրքական ներդրումային հիմնադրամը էլ ավելի մեծ նշանակություն կունենա այս երկրների համար, քանի որ կտրելով Սյունիքը Հայաստանից Ադրբեջանը և Թուրքիան դառնում են տարածաշրջանում ճանապարհների վերահսկամն գլխավոր երկրները և հենց նրանք են սկսելու թելադրել բոլոր արտահանումների և արտաքին առևտրի կանոնները՝ դեպի ՌԴ, Չինաստան և Եվրոպա։ Ղազախստանը վերջերս այս միջանցքի կարևոր խաչմերուկներից մեկը՝ Թուրքեստանը վերածել է կարևոր կենտրոնի և ստեղծում է TURANCEZ տնտեսական ազատ գոտի։

Եթե նայեք Կասպից-Տրանսկասպյան Միջին Արևելք-Արևմուտք միջազգային միջանցքի ստեղծման և ժամանակակից Մետաքսի ճանապարհի վերածնման մասին հոդվածները, ապա կհամոզվենք Ադրբեջանի և Թուրքիայի տարածաշրջանում տնտեսական թելադրողի կարգավիճակի ձեռք բերման նկրտումներում։

Հաշվի առնելով թյուրքական պետությունների շուկայական պոտենցիալը՝ 300 մլն մարդ, տնտեսությունը՝ 1,5 տրիլիոն դոլլար, առևտրաշրջանառությունը՝ ավելի քան 500 մլրդ դոլլար և ներդրումների ծավալը՝ 250 մլրդ դոլլար, կարող ենք փաստել, որ այս միավորումը ունի հսկայական տնտեսական պոտենցիալ, և այս տնտեսական պոտենցիալի իրագործման միակ խանգարողը Հայաստանն է, քանի որ գտնվում է թյուրքական պետությունների խաչմերուկում։ Ձեռք բերելով Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունը, իսկ ավելի կոնկրետ Սյունիքը՝ Սիսիան, Կապան, Գորիս, Մեղրի, Վայոց Ձորը և Վայքը՝ Տիգրանաշենով հանդերձ, թյուրքական եկրների միավորումը ձեռնամուխ է լինելու երկաթգծային և օդային կոմունիկացիաների արագ զարգացմանն ու շահագործմանը՝ որոնց հիմնական խաչմերուկը լինելու է Զանգեզուրը։

Հայաստանը խանգարում է այս միավորման լիարժեք ձևավորմանը, քանի որ նրանց տնտեսական ծրագրերի մեջ է մտնում թյուրքական պետությունների միջև անմաքս առևտրի կազմակերպումը, ճանապարհներից և օդային տարածքից հարկումները զրոյացնելը, ինչպես նաև իրագործել Բաքու-Թիֆլիս-Կարս երկաթգծի գործարկումը, հաստատել կապ Եվրոպայի և Ասիայի միջև, իրականացնել Ուզբեկիստան-Ղրղզստան-Չինաստան և Թերմեզ-Մազարի-Շարիֆ-Քաբուլ-Փեշավար երկաթգծերի շահագործումը։ Եվ եթե թյուրքական աշխարհը կարողանա իրագործել այս ծրագրերը, ապա 21-րդ դարը կարող է դառնալ թուրքական դարաշրջան

Ինչպիսի՞ նշանակություն ունեն այս ճանապարհաները և հենց Զանգեզուրի միջանցքը Հայաստանի անվտանգության և տնտեսության զարգացման համար։ Հայաստանը որպես պետություն կվերանա աշխարհի երեսից, եթե Զանգեզուրի միջանցքին տիրանա Ադրբեջանը, ինչին այդքան շատ ձգտում է Թուրքիան։

Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Իրանը այս հարցում, Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանը։

Հյուսիս-հարավ միջանցքը դիտարկվում է որպես Հնդկաստանի, Իրանի, Աֆղանստանի Իսլամական Հանրապետության, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև ապրանքների տարանցման ճանապարհային, երկաթուղային ու նավային ուղիների 7200 կիլոմետր երկարությամբ ցանց: Երկաթուղին Չինաստանը կապում է Հնդկաստանին, Պակիստանի Իսլամական Հանրապետությանը և Իրանին, իսկ Հայաստանը միանում է այս երկաթուղուն հարավից՝ այսինքն Զանգեզուրից և ունենում ելք դեպի Իրան, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն և այլ պետություններ, որոնք կազմում են տվյալ երկաթգծի մաս։

«Հյուսիս-Հարավ միջանցք» անունով միջազգային երկաթուղին, որը միացնում է Ռուսաստանի Դաշնությունը և Արևելյան Եվրոպան Հնդկաստանի Հանրապետությանն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանն Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով և որի մի հատված էլ կազմում է Սյունիքի Զանգեզուրի միջանցքը, համարվում է տարածաշրջանի երկրների տնտեսությունները զարգացնելու նախագիծ:

Հյուսիս-հարավ միջանցքը խորը և մեծ տնտեսական պոտենցիալով ազդեցություն ունի տարածաշրջաննրի տնտեսությանների վրա: Երկաթուղային այս միջանցքը, որի մասն է կազմում Հայաստանը՝ Զանգեզուրի միջանցքը՝ Սյունիքը ներառյալ, պատրաստվում է միացնել Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի և Կովկասի տարածաշրջանի երկրները Պարսից ծոցին և Հնդկաստանին:

Այս ծրագիրը հիմք կստեղծի տարեկան 10 միլիոն տոննա ապրանք ու 3 միլիոն ուղևորներ տեղափոխելու համար: Ակնկալվում է, որ այն կխթանի Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի և տարածաշրջանի երկրների միջև առևտրային կապերը: Ըստ փորձագետների՝ նավերը Հնդկաստանից Ռուսաստան տեղափոխվում են Սուեզի ջրանցքով 40 օր, մինչդեռ Հյուսիս-հարավ միջանցքը ճանապարհը կկրճատի 14 օրվա: Հայաստանից Իրան մեքենաները գնում են 5-10 օր, երկաթգիծը կկրճատի օրերը 3 անգամ։ Միևնույն ժամանակ Հայաստանից Չինաստան արտահանումները տևում են 45-60 օր ծովային տարբերակով, իսկ երկաթգծի գործարկման դեպքում այն կտևի ընդամենը 5 օր։

Կզարգանա տուրիզմը երկրների միջև և կվերակագնվի Մետաքսի ճանապարհը, ինչն էլ հիմք կհանդիսանա Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Հյուսիս-Հարավ միջանցքը ստեղծված է կազմելու մասը Չինաստանի Գոտի և Ճանապարհ մեգանախագծի, որին Հայաստանը միանալու հայտ է ներկայացրել 2015թ. դեկտեմբերի 1-ին։ Իսկ Հյուսիս-Հարավ նախագիծը Հայաստանում սկսել է գործել 2009թ. կառուցելով՝ Աշտարակ-Արտաշատ մայրուղին։

Այժմ կառուցվում է Ագարակից դեպի Իրան ձգվող հատվածը, որն իրականացվում է ՎԶԵԲ-ի կողմից տրված վարկերի հիման վրա, ուստի և այդ վարկերը պետք է մարվեն տվյալ ճանապարհների շահագործումից հայկական կողմի կողմից, այլ ոչ թե Ադրբեջանի, որին այդքան հավակնում է Թուրքիան իր վաղեմի երազանքն իրկանացնելու համար՝ այն է տարածաշրջանում Պանթյուրքիզմի հաստատման համար, այսինքն Հայաստանի՝ որպես պետություն ի սպառ բնաջնջման համար։

Հ.Գ. երկրորդ քարտեզը Ադրբեջանի կողմից հրատարակված քարտեզ է, ուշադրույթյուն դարձերեք ճանապարհին, որը մխրճվում է Տավուշի կողմից Հայաստանի մեջ։ Սա, հենց այն հատվածն է Կիրանցի, որտեղից անօրինական կերպով հողեր հանձնվեցին Ադրբեջանին։ Դա թյուրքական պետությունների միջև նախագծված ճանապարհային քարտեզն է…։

Ռուզաննա Մալխասյան

ՀՀ Առևտրաարդյունաբարեկան պալատի հայ-չինական տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Տեսանյութեր

Լրահոս