Քաղաքապետարանի հերթական 22 միլիոնանոց գնումը՝ Ավինյանի կառավարմամբ գործող ՀՈԱԿ-ից
Ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս քաղաքապետարանը սեփական միջոցները մի գրպանից կդնի մյուսը՝ հենց քաղաքապետի կառավարմամբ գործող «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ-ից դարձյալ պատվիրակելով ամանորյա ծառայություններ։
Մայրաքաղաքի թվով 10 վարչական շրջաններում տոնածառների տեղադրման, ապա հունվարի 15-ից սկսած՝ ապամոնտաժման ծառայությունները ՀՈԱԿ-ն այս անգամ էլ կիրականացնի 22 միլիոն դրամով․ այս մասին տեղեկանում ենք նոյեմբերի 19-ին կնքված պայմանագրից։
Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարի էր Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծվել «Ձևավորում և սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (ՀՈԱԿ): ՀՈԱԿ-ն իրականացնում է այն գործառույթները, որոնք մինչ այդ ստանձնել էր «Ձևավորում» ՓԲ ընկերությունը։ ՓԲԸ-ի անարդյունավետության հիմնավորմամբ ստեղծված ՀՈԱԿ-ի կառավարումն իրականացնում է Երևանի քաղաքապետը, այս պարագայում՝ Տիգրան Ավինյանը։
Ավելին՝ ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էլ Արտյոմ Սաֆարյանն է, որը ոչ վաղ անցյալում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության առաջատար մասնագետի պաշտոնում էր։
Ըստ պետգնումների armeps համակարգի՝ ձևավորումից ի վեր քաղաքապետարանը միլիոնավոր դրամների 8 պայմանագիր է կնքել այս ՀՈԱԿ-ի հետ, և բոլորն էլ ոչ մրցակցային մեկ անձից գնման ընթացակարգով։ Վերը հրապարակված գնումն այս տարի արդեն թվով 6-րդն է։