Քաղաքապետարանն առանց մրցույթի 20 միլիոն դրամանոց պայմանագիր է կնքել քաղաքապետի կառավարմամբ գործող ՀՈԱԿ-ի հետ
Մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգերով գնումների սիրահար Երևանի քաղաքապետարանն օրերս այդ ընթացակարգով հերթական գնումն է կատարել: Հունվարի 29-ին կնքված գնման պայմանագրով քաղաքապետարանը 20 միլիոն դրամով համայնքապատկան «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ-ին պատվիրակել է Երևան քաղաքում ինքնակամ տեղադրված գովազդների ապամոնտաժման աշխատանքներ: Պայմանագրի կատարման ժամկետը մինչև տարեվերջ է:
Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարի Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծվել է «Ձևավորում և սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (ՀՈԱԿ): ՀՈԱԿ-ն իրականացնում է այն գործառույթները, որոնք մինչ այդ ստանձնել էր «Ձևավորում» ՓԲ ընկերությունը։
ՓԲԸ-ի անարդյունավետության հիմնավորմամբ ստեղծված ՀՈԱԿ-ի կառավարումն իրականացնում է Երևանի քաղաքապետը։
Ըստ պետգնումների armeps համակարգի՝ ձևավորումից ի վեր քաղաքապետարանը միլիոնավոր դրամների երեք գնում է կատարել ՀՈԱԿ-ից. երեքն էլ՝ առանց մրցույթի:
«Ձևավորում և սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը օգոստոսին ապամոնտաժման աշխատանքներ իրականացնելու պայմանագիր է կնքել, որի գինը կազմել է 17 միլիոն, իսկ նոյեմբերի 11-ին՝ շուրջ 22 միլիոնով տեղադրել տոնածառներ, ապա ապամոնտաժել դրանք: