ՀՀ քաղաքացիություն ստանալու տուրքը կարող է բաձրանալ 5, դրանից հրաժարվելը` 10 անգամ
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը սահմանել 250 000 դրամ՝ գործող 50 000 դրամի փոխարեն, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 1,500,000 դրամ՝ գործող 150,000 դրամի փոխարեն։ Նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am–ում։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ըստ վիճակագրության՝ տարեցտարի աճում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումների քանակը. 2021թվականի հունվարի 1–ից մինչև 2026թվականի օգոստոսի 31–ը ՀՀ քաղաքացիություն ստացել են 110 հազար 219 անձ, իսկ նույն ժամանակահատվածում «099» ծածկագրով անձնագիր ստացել են 108 հազար 2 անձ։
Վերջին 15 տարվա թվային վերլուծությունները ցույց են տալիս, որ տարեկան ՀՀ քաղաքացիություն ստացել է շուրջ 250․000 անձ, որոնց մեծ մասը երբևէ Հայաստանում մշտական բնակություն չի հաստատել։
«Այս հանգամանքը նվազեցնում է քաղաքացիության ինստիտուտի բովանդակային նշանակությունը և պահանջում է օրենսդրական մոտեցումների վերանայում, քանի որ քաղաքացիությունը ոչ միայն արտոնություն կամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն է, այլ ենթադրում է պետության սահմանադրական արժեքների ընդունում, իրավունքների, պետության նկատմամբ պարտավորությունների կրում։ Հետևաբար, բնական է, որ քաղաքացիություն ստանալ ցանկացող անձը որոշակի ժամանակահատված ապրի Հայաստանում, ծանոթանա երկրին, ձևավորի սոցիալական կապեր և փաստացի մասնակցի հասարակական կյանքին»,–նշված է նախագծում։
Ըստ ՆԳՆ-ի `առաջարկվող կարգավորումները կնպաստեն իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների և հնարավոր ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև քաղաքացիության ինստիտուտի նկատմամբ հանրային և ինստիտուցիոնալ վստահության ամրապնդմանը։

